Լրահոս
Օրվա լրահոսը

«Թափանցիկ աճուրդ»

Հունիս 05,2003 00:00

«Թափանցիկ աճուրդ» Որի մասին վաճառված հողատարածքի տերն իմանում է դատական ծանուցագրից Քաղաքապետը օրերս հպարտությամբ ներկայացրեց, թե ինչքան օգուտ է տվել պետբյուջեին։ Նա հատկապես շեշտեց, որ հողերի վաճառքը ավելացել է 100%-ով, որոնք վաճառվել են աճուրդային կարգով եւ բավականին բարձր գներով, ոչ թե նախորդ իշխանությունների ժամանակվա չնչին գումարով։ Ես Ձորագյուղ թաղամասի 17 տան սեփականատերն եմ։ Տանս կից ունեմ հողամաս, որը ցանկապատված է եւ առանձնացված քարե պարսպով։ Նշված հողատարածքը, որպես իմ տան սպասարկման համար անհրաժեշտ եւ անբաժանելի մաս, իմ եւ ընտանիքիս անդամների կողմից շուրջ 15 տարի անընդմեջ եւ բացահայտ օգտագործվում է, բարեխղճորեն մշակվում։ 2002թ. դեկտեմբերի 23-ին դատական ծանուցագրից հայտնի դարձավ, որ իմ հողակտորը՝ 161 քմ, դրան հարող հողակտորի հետ աճուրդով վաճառված է եւ դիմել են դատարան՝ ինձ եւ իմ ընտանիքի անդամներին այդ տարածքից վտարելու պահանջով։ Նոր սեփականատիրոջը՝ Անահիտ Խաչատրյանին «թափանցիկ եւ բաց աճուրդով» վաճառվել է ընդհանուր առմամբ մոտ 4000 քմ հողատարածք՝ չնչին գումարով, որպես մեկնարկային գին է ընդունվել հողի կադաստրային արժեքից 30%-ով պակաս եւ արդյունքում հողատարածքները մոտավորապես իրենց կադաստրային գնից 5 մլն դրամով էժան են վաճառվել։ Այնինչ, եթե այդ հողատարածքների աճուրդը կատարվեր թափանցիկ, ապա դրանք կվաճառվեին պետական սահմանված կադաստրի արժեքից մինիմումը 10 անգամ ավելի, քանի որ հողամասերը գտնվում են 1-ին տարածքային գոտում։ Արդյունքում կստացվեր այն, որ պետական բյուջե կմտներ ոչ թե 7-8 մլն դրամ, այլ 110-120 մլն դրամ։ Հարց է ծագում, թե ինչու քաղաքապետը շրջանցելով կամ շահագրգռված չլինելով պետական շահերի պաշտպանությամբ կամ բյուջեի հարստացմամբ, այդպիսի բարեգործություն կատարեց Ա. Խաչատրյանի օգտին։ Խլելով անգամ իմ երեք մանկահասակ երեխաների բակն ու բաղնիքը (50 քմ), որը ես պատրաստ էի գնելու իրենց վաճառած գնից տասնապատիկ ավելի գնով։ Արդյունքում, «թափանցիկ ու բաց աճուրդով» հողամասը գնած «օրինական տերը» դիմել է դատարան՝ ինձ եւ իմ ընտանիքի անդամներին հողամասից վտարելու պահանջով։ Թե առաջին ատյանը, թե վերաքննիչ դատարանները գտան, որ վտարման պահանջը օրինական է եւ վճռեցին ինձ իմ ընտանիքի անդամների հետ միասին վտարել։ Հողատարածքների վրա արգելանք դնել։ Դատական գործընթացների ժամանակ քաղաքապետը կայացրեց մի նոր որոշում՝ Ա-94, հունվար, 2003թ., որով նույն Ա. Խաչատրյանին հատկացրել է 660 քմ հողատարածք՝ վարձակալական 25 տարի ժամկետով, տալով գնելու նախապատվություն եւ ինձ պատկանող վերջին 100-120 քմ այգին, որը չէր մտել աճուրդային վաճառքի մեջ, մտցրեց 660 քմ հողատարածքի մեջ։ Այդ չարաբաստիկ 4000 քմ աճուրդով վաճառված տարածքի վրա արդեն 3 անգամ գլխավոր հատակագիծ է փոխվել, ճանապարհն է փոխվել, որովհետեւ այն էլ է վաճառվել, այս անգամ դժվար թե առանց ճարտարապետի գիտության։ Նոր սեփականատիրոջ կողմից առաջինը ճանապարհն է քանդվել, ինչպես ասում են, չար աչքից հեռու, թե չէ՝ ով է ճանապարհ վաճառում։ Հետաքրքիր է, որ «թափանցիկ աճուրդով» 1 քմ-ն՝ 2000 դրամով հողատարածք ձեռք բերած սեփականատերերը այնուհետեւ նույն տարածքները վաճառում են շուկայական գնով՝ 1 քմ-ն 200 ԱՄՆ դոլարով: ԱՐՇԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ Թերթը պատրաստ է տպագրել նաեւ քաղաքապետարանի պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել