Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ

Հունիս 05,2003 00:00

ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Երեկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցը, որը գնահատում է 26.05-2.06 ժամանակահատվածին վերաբերող զարգացումները: Զեկույցը սկսվում է 7 կետից բաղկացած «Ամփոփումով», որը հիմնովին ստվերում է նախագահական ընտրությունների համեմատությամբ «արձանագրված առաջընթացի մասին» ավելի վաղ հնչած գնահատականը: Ի գիտություն միջազգային հանրության՝ հայտարարվում է, որ «ԵԱՀԿ ԽՎ, ԵԽ ԽՎ եւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ միացյալ Միջազգային ընտրական դիտորդական առաքելության անդամները զեկուցել են ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվման փուլում Քրեական եւ Ընտրական օրենսգրքերի նշանակալից ոտնահարումների մասին: Արձանագրված ոտնահարումները ներառում են քվեարկության արդյունքների կեղծումը, քվեատուփերի լցոնումը, քվեաթերթիկների գողությունը կամ ոչնչացումը եւ դիտորդների գործունեությանը խոչընդոտելը»: Այնուհետեւ «Շուրջ 80 ընտրատեղամասերում կատարված ձայների վերահաշվարկը բացահայտեց ԸԸՀ անդամների կողմից իրականացրած տարատեսակ խաբեություններ եւ կեղծարարություններ, ներառյալ քվեների միտումնավոր սխալ հաշվարկումը եւ ստորագրությունների կեղծումը ընտրողների ցուցակներում»: Առաքելությունը նշում է, որ 3 ընտրատարածքներում մեծամասնական ընտրությունները ճանաչվեցին անվավեր՝ նկատի առնելով հաշվման գործընթացում տեղ գտած օրինախախտումները, մինչդեռ առնվազն 3 այլ ընտրատարածքներում, ուր ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ նույնպես կոպիտ օրինախախտումներ էին արձանագրված, ընտրությունների արդյունքները հայտարարվեցին վավեր եւ վերջնական: Այն, ինչ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցում պետք է հատկապես հետաքրքրի ՀՀ ՍԴ-ին եւ համամասնական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկող «Արդարություն» դաշինքին, «Ամփոփման» 5-րդ եւ 6-րդ կետերի դիտարկումներն են: «Համամասնական ընտրությունների վերջնական արդյունքում, որ հրապարակվեց ԿԸՀ-ի կողմից մայիսի 31-ին, ներառված են նաեւ այն երեք ընտրատարածքների քվեարկության արդյունքները, որոնցում կայացած մեծամասնական ընտրությունները ճանաչվել են անվավեր: Կուսակցությունների եւ նախընտրական դաշինքների կողմից հնչում են լայնատարած առարկություններ, թե ընտրողների մասնակցության մակարդակը ներկայացվել է ոչ ճիշտ»: «Ոտնահարելով օրենքը եւ անտեսելով ԿԸՀ նախագահի ցուցումները՝ ԸԸՀ-ների մեծամասնությունը չհրապարակեցին ընտրությունների նախնական արդյունքներն ըստ ընտրական տեղամասերի՝ նվազեցնելով վստահությունը աղյուսակավորման գործընթացի թափանցիկության եւ ճշգրտության հանդեպ»: Եվս մի նկատառում՝ արդեն զեկույցի «Վերջնական արդյունքների հրապարակում» հատվածից. «Միջազգային ընտրական դիտորդական առաքելության կողմից քվեների հաշվման ընթացքում արձանագրած անճշտությունները համադրելով առանձին ՏԸՀ-ների հրապարակած արդյունքների հետ՝ կասկածներ են առաջանում, որ հրապարակված թիվը՝ ընտրություններին 1.234.925 ընտրողի մասնակցության մասին, ուռճացված է»: Եզրափակելով ամփոփումը, Միջազգային ընտրական դիտորդական առաքելության անունից հույս է հայտնվում, թե օրինախախտումների հեղինակները պատասխանատվության կենթարկվեն: Զուր չեն ասում. «Հույսը վերջինն է մեռնում»: Հայաստանյան իշխանությունները միջազգային հանրությանն առաջընթացի որոշ հույսեր էին ներշնչել խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման փուլում: Սակայն քվեարկության արդյունքների հաշվարկը, աղյուսակավորումը եւ հրապարակումն ուղեկցվեցին ոչ միայն Ընտրական, այլեւ Քրեական օրենսգրքի այնպիսի խախտումներով, այլ կերպ ասած՝ հանցագործություններով, որ այլեւս որեւէ պատրանք ՀՀ իշխանությունների էության առնչությամբ լինել չի կարող: Սա է միջանկյալ զեկույցից ընդհանրական տպավորությունը: Հրապարակման ծավալը թույլ չի տալիս զեկույցին հատված առ հատված անդրադառնալ, բայց Լրացում 1-ը շրջանցել ուղղակի անկարելի է: 19 տողից բաղկացած մի աղյուսակ է զետեղվել զեկույցի վերջում, որտեղ նկարագրված են քվեների հաշվման գործընթացում արձանագրված ԸՕ խախտումները՝ ըստ ձեւի եւ բովանդակության: Տեսականու 4-րդ հորիզոնականում, օրինակ, «Քվեների հաշվումն է լռության մեջ» /0239, 0378, 0379 ՏԸՀ-ներ/, 10-րդ հորիզոնականում՝ «Վավեր քվեաթերթիկների գողությունը հաշվելուց առաջ» /0272 ՏԸՀ/, 11-րդում՝ «Չօգտագործված քվեաթերթիկների գողությունը» /0266 ՏԸՀ/, 13-րդում՝ «Քվեատուփի լցոնումը հաշվման ընթացքում» /0090, 0347 ՏԸՀ/: Իսկ ընտրակեղծիքների հիթ-շքերթում առաջին պատվավոր հորիզոնականն իհարկե զբաղեցնում է «ՏԸՀ ամփոփիչ արձանագրությունների կեղծման» անմահ ավանդույթը /0347, 0378, 0408, 0553, 0800, 0814, 1086, 1236, 0335 ՏԸՀ-ներ/: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30