Լրահոս
Օրվա լրահոսը

Էմմին կմեկնի Յուրմալա

Հունիս 05,2003 00:00

Էմմին կմեկնի Յուրմալա Հունիսի վերջին Յուրմալայում մեկնարկող երգի «Նոր ալիք» մրցույթին Հայաստանից մասնակցելու է Էմմա Բեջանյանը: Հիշեցնենք, որ այս մրցույթին անցյալ դարավերջին մասնակցել են նաեւ հայ կատարողներ Նարինե Հարությունյանը, Արամոն, Արման Էլբերտը եւ այլք։ Հանրահայտ կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյը եւ Ռայմոնդ Պաուլսը «նորացրել» են մրցույթը եւ նրա մերօրյա «դատավորներն» են։ Էմմա Բեջանյանը (Էմմի) տեղեկացրեց, որ Մոսկվայում անց են կացվել լսումներ CD-ների միջոցով։ Արդյունքում, շուրջ 2000 երգչից ընտրվել են 60-ը, որոնք հանդես են եկել կենդանի կատարումներով։ Երեւանից մեկնել էին Էմմին, Աննա Խաչատրյանը եւ Միստր X-ը։ Սակայն վերջին երկուսը հաջողություն չեն ունեցել։ Երիտասարդ երգչուհին պատմում է. «Ընկել էի մի ուրիշ աշխարհ։ Դա էր իսկական շոու-բիզնեսը։ Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ հանդես էր գալիս երկու երգով, մեկը տվյալ երկրի կոմպոզիտորի երգ էր, մյուսը՝ միջազգային ճանաչման արժանացած կատարողի ծրագրից որեւէ հիթ։ Ես ընտրել էի Ռ. Ամիրխանյանի «Կարոտը» եւ հիթ, որ կատարել են ե՛ւ Քրիստինա Ագիլերան, ե՛ւ Փինկը»։ Երգչուհին հիշում է, թե ինչպես էին աշխատում դիմահարդարից մինչեւ նկարահանող խմբի մոտ հարյուր պրոֆեսիոնալ մասնագետներ։ Նախնական լսումների ժյուրին գլխավորում էր Իգոր Կրուտոյը, անդամներն էին «Սլիվկի» եւ «Օտպետիյե մաշեննիկի» խմբերի պրոդյուսեր Եվգ. Օռլովը, մրցույթի տնօրեն Ա. Ռումյանցեւը եւ ճանաչված պրոդյուսեր Ա. Մատեցկին։ Ըստ Էմմիի, իր ելույթից հետո Կրուտոյը մոտեցել է իրեն ու խնդրել, որ մի երգ եւս կատարի: Գաղտնիք չէ, որ նման մրցույթներում մեծ դեր ունեն շոու-բիզնեսի առաջատարների հետ ծանոթություններն ու կապերը։ Եվ բոլորովին էլ տարօրինակ չէ, որ ինքն ընտրված 15 երգիչ-երգչուհիների մեջ է։ Էմմին Մոսկվա է մեկնել մոր՝ Նադեժդա Սարգսյանի հետ, որպեսզի վերջինս Կրուտոյի հետ բանակցի։ Չնայած երիտասարդ երգչուհուն արդեն Մոսկվայում հավանել են, բայց դեռեւս լուծված չէ նրա ճանապարհածախսի հարցը։ Էմմին այսօր զարմանալիորեն հանգիստ է. «Մենք մեկնում ենք սովորելու եւ փորձ ձեռք բերելու։ Կարեւոր չէ՝ կհաղթե՞նք, թե՞ կպարտվենք»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Ռուսական հեռուստաալիքներով (OPT, «Ռոսիա») շարունակում է անուղղակիորեն հնչել այն միտքը, որ եթե Ռուսաստանն ունի մասնակիցներ Յուրմալայում, ուրեմն, անկասկած, հաղթանակը ռուսներինն է։ Ռուսական լրատվամիջոցներն առանց մեկնաբանության հաղորդել են նաեւ, որ ժյուրիի կազմում ներկայացված Իրինա Ալեգրովան եւ Լայմա Վայկուլեն «հրաժարական» են տվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել