Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ

Հունիս 06,2003 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ Երեկ ՀՀ Սահմանադրական դատարան են ներկայացվել մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող արդեն 9 դիմումներ, այդ թվում՝ թիվ 30 ընտրատարածքից անկուսակցականներ Մուրադ Կիրակոսյանը, Արծվիկ Մինասյանը, Անդրանիկ Սարգսյանը եւ Սերգեյ Ավետիսյանը, թիվ 31-ից՝ կոմունիստ Խորեն Սարգսյանը, թիվ 50-ից՝ Կարապետ Ներսիսյանը, որը ներկայացնում է «Օրինաց երկիրը», նաեւ դաշնակցական Հակոբ Մաթիլյանը, թիվ 55-ից՝ անկուսակցական Հակոբ Հակոբյանը: Ի դեպ, երեկ ընտրությունների արդյունքը վիճարկելու բողոքով, այնուամենայնիվ, ՍԴ է դիմել նաեւ թիվ 4 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարագով առաջադրված թեկնածու Վահագն Գրիգորյանը: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում հաղթող է ճանաչվել ընդդիմության ներկայացուցիչ Մանուկ Գասպարյանը: Երեկ ՍԴ է դիմել նաեւ Շիրակի մարզի թիվ 46 ընտրատարածքից անկուսակցական Սամվել Տոնոյանը՝ դարձյալ մեծամասնական ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով: ՍԴ-ին բողոք կներկայացնի նաեւ թիվ 13 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Կարապետ Ռուբինյանը: Ընդդիմադիր թեկնածուների բողոքներն ի մի բերող միասնական կենտրոնի փորձագետները երեկ պատասխանելով մեր հարցին վստահեցրին, որ ՍԴ-ին ներկայացվելիք բողոքներից հատկապես հիմնավոր ու նաեւ աղաղակող օրինախախտումների մասին փաստեր են պարունակում մասնավորապես թիվ 3, 18, 20, 30, 33, 55 ընտրատարածքներում տեղի ունեցած ընտրությունները չեղյալ համարելու պահանջ ներկայացրած թեկնածուները: Նրանց հավաքած նյութերն այնքան ծանրակշիռ են, որ, ըստ կենտրոնի փորձագետների, ՍԴ-ն այլ բան, քան անվավեր համարել այդ ընտրատարածքների ընտրությունները, պարզապես չի կարող: Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու վերջին ժամկետը մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար հունիսի 6-ն է, իսկ համամասնականինը՝ հունիսի 7-ը: ՍԴ-ն այդ բողոքներն ուսումնասիրելու համար ունի ընդամենը մեկ ամիս ժամանակ: Այս ամենին հարկ է միայն հավելել, որ կախված ՀՀ ներքաղաքական դաշտի առաջիկայում ձեւավորվելիք խճանկարից, գործադիր եւ օրենսդիր մարմիններում ստանալիք պաշտոններից, «աբիժնիկ» քաղաքական առանձին ուժեր անխուսափելիորեն շահագրգիռ կլինեն առանձին ընտրատարածքներում մեծամասնական ընտրություններն անվավեր ճանաչելու հարցում եւ գուցե նաեւ աջակցեն ՍԴ-ում դրա պահանջատեր ընդդիմադիրներին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել