Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՊԱՐՈՒՅՐՆ ԱՅՍՕՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՉՈՒՆԻ»

Հունիս 06,2003 00:00

«ՊԱՐՈՒՅՐՆ ԱՅՍՕՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՉՈՒՆԻ» «Ազատական դաշինքի» անդամ «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ Հովհաննես Թոքմաջյանը համոզված է, որ անգամ արդար ընտրությունների ապահովման պայմաններում իրենց դաշինքն ի զորու չէր հաղթահարել 5 տոկոս արգելապատնեշը: Պրն Թոքմաջյանը վստահ է, որ նորընտիր ԱԺ-ն շատ ավելի «վատն» է, քան երկրորդ գումարման ԱԺ-ն էր. «Այս խորհրդարանում քաղաքական ուժերը դեր չունեն: Կարդացեք ընտրված պատգամավորների անուն-ազգանունները: Ճիշտ գրվող անուն-ազգանուններ էլ չունենք: Ակնհայտ է, որ նրանց մեջ դաստիարակություն ստացած մարդու հենք չկա: Այս խորհրդարանում առկա է փողատերերի խավը,- նշեց Հ. Թոքմաջյանը՝ ավելացնելով,- իսկ ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, ապա՝ եթե հասարակությունը պատրաստ լիներ դիմակայել ընտրակաշառքներին, ապա ընտրախախտում ու ընտրակաշառք չէր լինի: Այնպես որ մեր հասարակությունն էլ է դեռ խակ»: «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահը խոստովանեց, որ իրենք երբեք չէին միանա ԱԻՄ-ի հետ, եթե ընտրություններին միայնակ մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրս ունենային: Սակայն դա չեղավ անգամ այն դեպքում, երբ միացան ԱԻՄ-ի հետ. «Մենք ակնկալում էինք լուրջ քարոզարշավ կազմակերպել ու լուրջ ընտրապայքարի մեջ մտնել մյուս կուսակցությունների հետ, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ չկար համապատասխան ֆինանսական միջոցներ: Եթե դա լիներ, մենք ավելի շատ ձայն կհավաքեինք»: Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանին, ապա Հ. Թոքմաջյանը նշեց. «Ես Պարույրին համարում եմ լուրջ քաղաքական գործիչ եւ շատ ափսոսում եմ, որ ժողովրդի մեջ նրա վարկանիշն այսօր բարձր չէ, ինչն, անշուշտ, այս ընտրություններում եւս մեծ ազդեցություն ունեցավ: Ժողովուրդն ինչ-որ տեղ նրանից հիասթափված է»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել