Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԻ

Հունիս 06,2003 00:00

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԻ «Արդեն ընտրությունները վերջացել են, եւ չի բացառվում, որ իշխանություններն ասեն՝ լավ, թող «Ա1+»-ը լինի, քանի որ իրենց այլեւս վտանգ չի սպառնում,- ասաց ՀԿԿ քարտուղար Սանատրուկ Սահակյանը՝ ավելացնելով,- սակայն դա քիչ հավանական եմ համարում, որովհետեւ այդ քայլին դիմելու համար էլ է ինչ-որ չափով բարոյականություն պետք, ինչն այս իշխանությունների մոտ իսպառ բացակայում է»: Իսկ ՀԿԿ-ն ցանկանո՞ւմ է դարձյալ եթերում տեսնել «Ա1+»-ին: Այս հարցին ի պատասխան՝~ Ս. Սահակյանն ասաց, որ իրենք այդ հարցը բյուրոյում չեն քննարկել, սակայն ինքն անձամբ ցանկանում է: «Դա մի հեռուստաընկերություն էր, որի միջոցով իրականությունը երեւում էր: «Ա1+»-ն իր գործունեության ընթացքում խտրականություն չդրեց որեւէ քաղաքական ուժի մեջ եւ լայն հնարավորություն էր ստեղծել բոլորի համար՝ անկախ գաղափարական տարաձայնություններից: Այդ ժամանակ գոնե ունեինք մեկ հեռուստատեսություն, որը ձերբազատված էր իշխանությունների թելադրանքից»,- նշում է պրն Սահակյանը: Նրան հիշեցրինք իր ղեկավար Վ. Դարբինյանի խոսքերը, թե ամեն ճշմարտության մասին չպետք է բացահայտ հայտարարվի եւ պետք է լինի «ներքին գրաքննություն», որը նաեւ իրենց գաղափարախոսության դրույթներից է եւ, որն իրենք կիրառել են անգամ իրենց պաշտոնաթերթի դեպքում: Այս առնչությամբ Ս. Սահակյանն ասաց. «Ժողովուրդը պետք է իրականությունն իմանա եւ արժեքները ճիշտ գնահատելով կատարի իր ընտրությունը: «Ա1+»-ը բացվի՝ չբացվի, «Ա1+»-ի նման 10 հատ «Ա1+» էլ բացվի, միեւնույն է, այս ժողովրդի համար արդեն ամեն ինչ պարզ է»: Իսկ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, «Ա1+»-ի վերաբացումը նախ կնպաստի «լրատվական դաշտի գորշության հաղթահարմանը, եւ այս միապաղաղ մթնոլորտում իրեն յուրահատուկ լուսավոր երանգ հաղորդելու հնարավորություն կունենա»: «Հասարակությունը եւ մենք յուրաքանչյուրս մեր ուժերի չափով պետք է նպաստենք «Ա1+»-ի հաջողությանը, քանի որ իշխանությունները դարձյալ կփորձեն խոչընդոտել նրանց հաղթանակին»,- վստահ է Հ. Հովհաննիսյանը: Նա նաեւ նշեց, որ այս իրավիճակը վտանգավոր է նաեւ պետության համար, քանի որ՝ «գնալով ցինիզմը խորանում է, եւ պետք է այնպես անել, որ դա շարունակություն չունենա: Հասարակական պահանջների նկատմամբ այս արհամարհանքն արդեն վտանգավոր է դառնում»: Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել