Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՒՆՏԱՐՇԱՎՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Հունիս 10,2003 00:00

ԽՈՒՆՏԱՐՇԱՎՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի գնահատմամբ՝ «հանրապետական խունտայի խունվեյբիների կողմից պառլամենտական իշխանության զավթումով Հայաստանը վերջնականապես ընկավ քաղաքակրթության տաճարի Օլիմպոսից այնպես, ինչպես Հյուգոյի չքնաղ Էսմերալդան ընկավ՝ կտրուկ, միանգամից՝ հնձած կառի նման»: Դ. Հակոբյանի համոզմամբ, երկրի բարոյական եւ քաղաքական «անկումը» ԱԺ ընտրություններին կատարյալ էր այն աստիճան, որ «սպառնում է իսպառ վերացնել հայությունը՝ որպես միասնական ժողովուրդ»: Ըստ նրա, նորընտիր ԱԺ-ն ձեւավորվեց քաղաքական բիզնեսի եւ ֆինանսական տոտալիտարիզմի արդյունքում. «Ձեւավորվեց քաղաքականապես կերպարանազուրկ խառնած բոխ-օլիգոֆրենիկ/ թուլամիտ/ պառլամենտ, իսկ յուրաքանչյուր ժողովրդի քաղաքական միտքն ու ուղեղը ԱԺ-ն է, որպես սրբության-սրբոց: Օլիգարխիկ կապիտալի եւ հանրապետական խունտայի խունտարշավ հաղթարշավն ավարտված է՝ ողբերգության վարագույրներն իջեցված: Հանրապետությունը պարտված է, կոխկրտված է ազգի քաղաքական արժանապատվությունը, «առհածախված» է նրա կամքը: Այժմ սկսվում է նոր ներկայացում՝ գործամոլների, քաղաքական սպեկուլյանտների, գանձագողերի, դրամանենգների, քաղաքական կուրտիզանների, բյուր մարդկանց միլիոններ որսողների տիրապետության ճղճիմ ժամանակները: Նրանք, ովքեր այսօր վերածվել են բարձրաստիճան պարոնների եւ գլխավորում են նոր՝ ոսկու տենդով տառապող իշխանությունը, հասարակությանը դեռ փորձում են բարոյախրատական դասեր հրամցնել»,- հայտարարեց մարքսիստ Դ. Հակոբյանը: Իսկ նախագահական ընտրությունների ընթացքում Ռոբերտ Քոչարյանին սատարած քաղաքական ուժերի վերաբերյալ, որոնց չհաջողվեց անհրաժեշտ քվեներ ստանալ ու մտնել ԱԺ՝ ՀԺԱՄ, ՀՌԱԿ, Նորացված կոմկուս, Դ. Հակոբյանը մասնավորապես ասաց. «Կուրտիզանների հմայքն ու քաղաքական սնանկությունը բոլոր ժամանակներում ճմրթվածի ու օգտագործվածի նման արհամարհվում եւ անարգանքի սյունին են գամվում»: Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել