Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ՞ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԸ

Հունիս 10,2003 00:00

ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ՞ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԸ Գնահատելով նախորդ մրցույթի համեմատ «Ա1+»-ի պատրաստվածության աստիճանը՝ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ասաց. «Միանշանակ է, որ «Ա1+»-ի ներկայացրած առաջարկն էապես տարբերվում էր նախորդ մրցույթի առաջարկից»: «Արմենիայի» ներկայացուցիչները հայտարարեցին, թե այս ընկերության բաժնետերերն են Սարգսյանների հիմնադրամը եւ Գաֆեսճյանները՝ ԱՄՆ-ից: Մեր հարցին, թե հակասություն չկա՞ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հետ, ըստ որի՝ «օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի» որոշումների ելքն ապահովող կապիտալի չափից՝ Ամալյանը պատասխանեց. «Տվյալ պարագայում՝ այդ խնդիրը չկա»: Օրենքը սահմանում է, թե «ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են» ոչ ավելի, քան 1 հեռուստաընկերության արտոնագրատեր լինել, մինչդեռ Սարգսյանների ընտանիքը՝ տարբեր իրավաբանական անձանց միջոցով՝ տնօրինում է 3-4 դեցիմետրային կապուղիներ: Այս առնչությամբ էլ Գրիգոր Ամալյանն ասաց. «Օրենքն իսկապես ունի հակամենաշնորհային դրույթներ», սակայն հիշատակեց միայն այն հատվածը, որ վերաբերում է իրավաբանական անձանց ու նշեց. «Տվյալ դեպքում՝ մենք գործ ունենք տարբեր իրավաբանական անձանց հետ: Եվ, ըստ էության, այն բոլոր բաժնետերերը, որոնք ներկայացված են Սարգսյանների ընտանիքի առնչությամբ շրջանառվող հեռուստաընկերությունների ցանկում՝ տարբեր են»: Մեր դիտարկմանը, որ եթե գտնվել է օրենքը շրջանցելու ձեւը՝ հանձնաժողովն այլեւս խնդիրներ չի՞ տեսնում, հետեւեց այս պատասխանը. «Օրենքը կարող էր ունենալ ընդհանրապես այլ մոտեցում եւ սահմանափակում կիրառել ոչ թե իրավաբանական անձանց, այսինքն՝ ՍՊԸ-ների, այլ ֆիզիկական անձանց նկատմամբ, որն, ըստ իս, ընդունելի է»: Մինչդեռ օրենքն արդեն իսկ սահմանել է նման սահմանափակում՝ մնում է կիրառել այն: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել