Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍ ՈՒՍԻ ՏՎԱԾ

Հունիս 11,2003 00:00

ՈՒՍ ՈՒՍԻ ՏՎԱԾ Հավանաբար քչերը գիտեն, որ 1994թ. դեկտեմբերի 15-ին հիմնադրվել է ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիա, որի անդամ է նաեւ Հայաստանը։ Այն ղեկավարում է ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Սմիռնովը։ Ասոցիացիան պարբերաբար հրավիրում է սեմինար-խորհրդակցություններ, համաժողովներ, որոնցում քննարկվում են նախկին հանրապետությունների մարզական կյանքում առկա խնդիրները։ Օրերս ասոցիացիան հերթական նիստը գումարեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում։ Այնտեղ Հայաստանը ներկայացնում էր ՀԱՕԿ-ի փոխնախագահ, պրոֆեսոր Դերենիկ Գաբրիելյանը։ Օրակարգի գլխավոր թեման «Աթենք-2004»-ի նախապատրաստման փուլում աշխատանքները միասնաբար կազմակերպելն էր։ Որոշվեց համաժողովի մասնակից բոլոր երկրների մարզաբազաներն օգտագործել համատեղ, խորացնել եւ ամրապնդել միջազգային մարզական կազմակերպություններում (միջազգային ասոցիացիաներ, միություններ, ֆեդերացիաներ եւ այլն) ԱՊՀ երկրների ԱՕԿ-ների քանակական ներկայությունը՝ նպատակով, որպեսզի փոխհամագործակցված աշխատանքների շնորհիվ միջազգային մրցումներում առավելագույնս ապահովվի մրցավարության անկողմնակալությունը, մի բան, որ, ցավոք, իրեն զգալ է տալիս հատկապես վերջին տարիներին։ Մասնակից երկրների մարզական ղեկավարները նպատակահարմար գտան կազմակերպել մարզիկների ու թիմերի համատեղ ուսումնամարզական հավաքներ, որոնք փորձի փոխանակման ու վարպետության բարձրացման կարեւոր գրավականներ են, օլիմպիական հավաքականները փոխադարձաբար ուժեղացնելու նպատակով փոխանակել մարզիկներ, գիտական եւ մեթոդական ինֆորմացիա։ Բայց դա պետք է արվի քաղաքակիրթ ձեւով։ Դերենիկ Գաբրիելյանի առաջարկությամբ որոշվեց ստեղծել ԱՊՀ երկրների ազգային մարզական ֆեդերացիաների միություններ, ինչպես Խորհրդային Միության օրոք էր։ Ռուսաստանի պատվիրակության անդամները հնարավոր համարեցին 2004թ. օգոստոսին Աթենք մեկնելու համար կազմակերպել ԱՊՀ երկրների մարզական պատվիրակությունների չարտերային չվերթեր։ Դրա դիմաց նրանք իրենց գործընկերներին առաջարկեցին թարգմանել ռուսերեն եւ ԱՊՀ բոլոր երկրներում տարածել Հակադոպինգային համաշխարհային ծառայության (ՎԱԴԱ) կոդեքսը։ Համաժողովի օրերին մի շարք էական խնդիրներ գործնական լուծում ստացան։ Մասնավորապես, Մոլդովայի եւ Բելառուսի ԱՕԿ-ների ղեկավարները տեղում «Աթենք-2004»-ին համատեղ նախապատրաստվելու պայմանագիր ստորագրեցին։ Համաժողովի մասնակիցները միակարծիք էին, որ ժամանակակից պայմաններում, երբ սպորտում ամեն բան զարգանում է կայծակնային արագությամբ, հնարավոր չէ հաջողության հասնել միայնակ, առանց ԱՊՀ երկրների մարզական մասնագետների, մարզիչների, մարզիկների սերտ համագործակցության։ ՀԱՕԿ-ի փոխնախագահը Քիշնեւից իր հետ Երեւան է բերել ռուսերեն լեզվով մարզական հարուստ գրականություն, որի մեջ կան այսօր մեզ շատ անհրաժեշտ օլիմպիական խաղերի նախապատրաստության գիտական, մեթոդական բովանդակությամբ գրքեր։ Նաեւ հայերով Համաժողովի ավարտից հետո Դերենիկ Գաբրիելյանը եւս մի քանի օր մնաց Քիշնեւում՝ մասնակցելու այստեղ սկսվող Բռնցքամարտի եվրոպական միության գործկոմի աշխատանքներին, որի անդամ է։ Այստեղ էլ քննարկման առարկա դարձան բազմաթիվ օրախնդիր հարցեր, կայացվեցին համապատասխան վճիռներ։ Մասնավորապես, հաստատվեց, որ բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, ինչպես մարզաձեւի միջազգային ֆեդերացիան որոշել էր, կանցկացվի Թաիլանդում եւ չի տեղափոխվի այլ երկիր։ Աշխարհի պատանեկան առաջնության մրցավայրն է Ռումինիան։ Գործկոմը հաստատեց նաեւ դրանք սպասարկող մրցավարների կազմը, որը գործկոմին է ներկայացրել Դ. Գաբրիելյանը։ Նրանց մեջ է հայաստանցի միջազգային կարգի մրցավար Սեյրան Ղամբարյանը (Վանաձոր), որը կսպասարկի պատանիների առաջնությունը։ Եվրոպայի երիտասարդական առաջնության (Վարշավայում) մրցավարների մեջ կլինի Սպորտվարչության բռնցքամարտի առաջատար մասնագետ, նույնպես միջազգային որակավորում ունեցող Ժորա Օհանջանյանը։ Գործկոմի նիստում որոշվեց 2006թ. Եվրոպայի առաջնության անցկացման վայրը։ Այն կկազմակերպվի Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, իսկ երիտասարդական առաջնությունը՝ 2005թ.՝ Էստոնիայում։ Հաստատվեցին նաեւ եկող տարվա եվրոպական բռնցքամարտի վարկանիշային մրցաշարերի անցկացման վայրերն ու ժամկետները։ Գործկոմը ընտրեց նաեւ EABA-ի մամուլի հանձնաժողովի նոր կազմ։ Դ. Գաբրիելյանի միջնորդությամբ այդ ծառայության մեջ ընդգրկվեց նաեւ ՀՄԼՖ նախագահ, նախկին բռնցքամարտիկ Յուրի Ալեքսանյանը։ Ք. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել