Լրահոս
Օրվա լրահոսը

Աճուրդն ավելի կվայելեր

Հունիս 12,2003 00:00

Աճուրդն ավելի կվայելեր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն «Առավոտի» խնդրանքով հայտնեց, թե ինչ չափանիշներով էր ինքը գնահատել մրցութային առաջարկները. «Ա1+»-ի ներկայացրած առաջարկն էապես տարբերվում էր նախորդ մրցույթում ներկայացվածից: Մասնավորապես՝ հստակ տրված էին մի շարք հարցերի պատասխաններ եւ տրված էին այն կարգով, որն ակնկալվում էր: Հատկապես մանրամասն, բավարար, լավ ներկայացված էր «Ա1+»-ի եթերային հայեցակարգը: Բայց ցավոք, այն ծրագիրը, որն առաջարկում էր «Ա1+»-ը՝ չուներ իրականացման որեւէ հիմնավորում: Այսինքն՝ «Ա1+»-ի մրցութային առաջարկը, որը մասնավորապես ենթադրում էր 5 մլն դոլար ներդրումներ՝ իրականացնելի դարձնելու համար, հիմնավոր չէր, չկար ներդրումների երաշխիքը ստեղծող որեւէ տրամաբանություն կամ հավաստող փաստաթուղթ»: Նկատառում հայտնեցինք, թե 2002-ի մրցույթին «Շարմի» ներդրումային խոստումները համարվեցին իրատեսական, սակայն փորձը ցույց տվեց՝ այդ հեռուստաընկերությունը կարճ ժամանակ անց հասավ այն վիճակին, որ ստիպված էր իր բաժնետոմսերը վաճառել ուրիշին: Մեր հարցին, թե ի՞նչ սկզբունքով է հանձնաժողովը մի դեպքում՝ խոստումները համարում իրատեսական, իսկ մյուս դեպքում՝ անհիմն, Ամալյանն այսպես արձագանքեց. «Որեւէ՛ հեռուստաընկերություն որեւէ՛ պահի, որպես տնտեսվարող սուբյեկտ՝ կարող է վաճառել իր բաժնետոմսերը: Հանձնաժողովի տեսակետից՝ կարեւոր է, որ բաժնետոմս ձեռք բերող հիմնադիրները պահպանեն եւ իրականացնեն այն մրցութային առաջարկը, որով արտոնագրվել էր ընկերությունը (այդ առաջարկը ո՛չ Գուրգեն Արսենյանի օրոք է իրականացվել, ո՛չ էլ «Շարմի».- Ա. Ի.): Ի տարբերություն ներկայացված այս առաջարկի՝ «Շարմ» ընկերությունն արտոնագրվելիս ուներ կից հավաստող փաստաթղթեր»: Մեր նկատառումը, թե «Ա1+»-ը ներկայացրել է նույնպիսի փաստաթղթեր, ինչ «Շարմը»՝ Ամալյանը թողեց անարձագանք: Սակայն մեկ այլ նկատառման, որ եթե Ազգային հանձնաժողովն այդքան կարեւորում է ֆինանսական ներդրումները՝ թող մրցույթի փոխարեն ուղղակի հայտարարի աճուրդ, եւ ով ավելի շատ փող կխոստանա կապուղու համար՝ նրան էլ տա հեռարձակման իրավունքը, Ամալյանը պատասխանեց. «Երբ որեւէ մեկն ասում է, թե կարող է ապահովել 2004-ից 80% սեփական հաղորդումներ, տեխնիկական վերազինում անել եւ այլն՝ ուզում ենք հասկանալ, թե ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով: Այնուհետեւ ասում է, թե եւս 5 մլն դոլար է ներդնելու ծրագիրն իրականացնելու համար: Այդ 5 մլն դոլարը որտեղի՞ց է ծնվել: Պիտի հիմնավորի, որ սա իրականանալի եթերային հայեցակարգ է, սակայն 5 մլն դոլարն ընդամենը բացատրվում է ակնկալվող եկամուտներով, թե գովազդ են անելու եւ դրանից այդքան աշխատելու եւ ներդնելու են: Սա ուղղակի չի կարող համոզել որեւէ մեկին, եւ չկա որեւէ երաշխիք»: Մեր հարցին ի պատասխան, թե կարելի է ասել, որ օրենքով սահմանված այլ չափանիշները՝ սեփական եւ հայրենական հաղորդումների գերակայությունը, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը եւ այլն՝ Ազգային հանձնաժողովն իբրեւ սկզբունք ստորադասելո՞ւ է ֆինանսական ապահովվածությանը, Գրիգոր Ամալյանը դարձյալ պնդեց. «Մենք ոչ թե լավ տեքստին են գնահատական տալիս, այլ լավ ծրագրին»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել