Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարգարյան Անդրանիկ, դու ինչի՞ չես գնդակահարվել»

Հունիս 12,2003 00:00

«Մարգարյան Անդրանիկ, դու ինչի՞ չես գնդակահարվել» Հարցնում է Պարույր Հայրիկյանը ԱԻՄ-ն իր 4-րդ արտահերթ վեհաժողովում որոշել է, որ նորընտիր ԱԺ-ն կազմվել է «խուժաններից ու սուտինյորներից»: Երեկ այս մասին պաշտոնապես հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: «Խուժանները կամ սուտինյորները դարձան պառլամենտի տերը: Պառլամենտը դարձավ կավատների հավաքատեղի, բայց հո մեր ժողովուրդը դա չի՞ հանդուրժելու»,- հույս հայտնեց Հայրիկյանը: ԱԻՄ նախագահն անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ին ու «Օրինաց երկրին»՝ նրանց կոչելով ՀՀՇ-ի «խամաճիկներ»: «Առաջատար այդ կուսակցությունները ՀՀՇ գաղափարազուրկ թեւն են, որը կարողանում է այսպիսի բացասական զարգացումների տեր դառնալ»,- նշեց նա: Երկար քննարկելով այս հարցերը, ԱԻՄ վեհաժողովը եկել է այն եզրահանգման, որ հայ ժողովրդի մեծագույն բացթողումն այն է եղել, որ չի գաղտնազերծել գաղտնի ծառայությունները: Հայրիկյանը նշեց, որ այսօր ՀՀԿ-ն պատերազմ է հայտարարել ԱԻՄ-ին, ինչն, ըստ նրա, նշանակում է պայքար սկսել ժողովրդի դեմ: «ՀՀԿ-ն նաեւ այլ հարց ունի ԱԻՄ-ի հետ. նա փորձում է իր չունեցած անցյալը ԱԻՄ-ով լրացնել,- հայտարարեց Հայրիկյանը՝ մասնավորեցնելով,- մեզ տրվելիք ձայները խլվել է մոտավորապես 10 տոկոսով: ԱԻՄ-ի ձայները, կոնկրետ Էջմիածնի տեղամասերից մեկում, դրված էին ՀՀԿ-ի վրա»: Պ. Հայրիկյանը բավական երկար պատմեց երիտասարդ Անդրանիկ Մարգարյանի կյանքի դրվագների մասին՝ ասելով. «Անդրանիկ Մարգարյանի որոշ հայտարարություններ հասարակությանը կարող են տարակուսանքի մեջ գցել. ՀՀԿ ղեկավարն իմ պատանեկան տարիների ընկերն ու զինակիցն է եղել, իսկ հետո արդեն ԱՄԿ գծով իմ ենթական: Այո, Ա. Մարգարյանը 1976թ. պաշտոնական դիմումով դարձել է ՊԱԿ-ի կամակատարը: Այսինքն՝ հրաժարվել է ԱՄԿ պայքարից, ժամկետից շուտ ազատվել է բանտից: Նա այն աստիճան է դարձել կամակատար, որ ասել է՝ առանց քո թույլտվության, ԿԳԲ, ես ոչինչ չեմ անի: Դա մարդկային էր, եւ մենք դա դատապարտելի չէինք համարում,- հայտարարեց Պ. Հայրիկյանը՝ շարունակելով,- բայց երբ Մարգարյան Անդրանիկը՝ այսօր վերադառնալով իր անցյալին, ասում է, որ ինքը եղել է պայքարող, եղել է Ստեփան Զատիկյանի թեւից, մինչդեռ նա եղել է իմ ենթական, ապա հարց է ծագում. Զատիկյանի թեւում եղած մարդիկ գնդակահարվեցին: Դո՛ւ, Մարգարյան Անդրանիկ, չես գնդակահարվել: Ս. Զատիկյանի ո՞ր թեւում ես եղել: Մարգարյան Անդրանիկ, դու ԱՄԿ-ից հետո դարձել ես «Հայ դատ» կոչվող կազմակերպության անդամ: Իսկ «Հայ դատը» անկախության դեմ պայքարելու համար ԿԳԲ-ի կողմից ստեղծված կազմակերպություն էր, եւ «Հայ դատն» էր, որ 1987թ. ասում էր, թե անկախության համար պայքարը ամերիկյան իմպերիալիզմի, սիոնիզմի ու մասոնների կազմակերպած պայքար է»: Այս հարցերը ԱԻՄ վեհաժողովում քննարկելուց հետո, վեհաժողովականները կարծիք են հայտնել. «Եթե որեւէ մեկը ԱՄԿ ասելով պիտի հասկանա Մարգարյան Անդրանիկ, ապա դա նշանակում է՝ ԱՄԿ-ն ոչինչ էր, զրո»: ԱԻՄ նախագահը գտնում է, որ այս ամենից դուրս գալու ելքը միակն է. գաղտնազերծել ՊԱԿ-ի բոլոր արխիվներն ու իշխանական լծակներից հեռու պահել ՊԱԿ-ի կողմից երբեւէ հավաքագրված բոլոր մարդկանց: Ի դեպ, Պ. Հայրիկյանը հայտարարեց նաեւ, որ եթե որեւէ մեկն իր բառապաշարում դեռեւս շարունակում է կիրառել «խորհրդարանական ընտրություններ» արտահայտությունը, ապա նա իր աչքում արժեզրկվում է եւ մասնակցում է հասարակության «փչացման ու պոռնկացման» գործընթացին: Դա, ըստ նրա, ոչ թե ընտրություն էր, այլ՝ միջոցառում: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել