Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԿՎԵՑ ԻՐ ՅՈՒՂՈՒՄ

Հունիս 13,2003 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԿՎԵՑ ԻՐ ՅՈՒՂՈՒՄ Երեկ բացվեց կուսակցական եւ տնտեսական նոմենկլատուրայի ժողովը ԱԺ երրորդ գումարման առաջին նիստը բացեց ամենատարեց պատգամավոր Երեմ Կարապետյանը, որը նախորդ գումարման ԱԺ-ում որեւէ բառ չէր արտաբերել, բայց երեկ լիովին արդարացրեց իրեն՝ որոշակի աշխուժություն մտցնելով բավականին տաղտկալի նիստում։ Ընդդիմության աթոռները դատարկ էին. 40 պատգամավոր բացակայում էր նիստից։ Նիստին մասնակցող իշխանամետներն ու գործարարներն էլ բավականին անհավես էին։ Նույնիսկ ԱԺ նախագահի ընտրության մասին հայտարարությունից հետո ծափահարությունները բուռն ու երկարատեւ չէին։ Եթե ընդդիմությունը մասնակցեր նիստին՝ գոնե «կինո նայելու» հնարավորություն կունենայինք։ Գեղամյանը կհիշեր Աստվածաշունչը, Սադոյանը՝ Կոնյակի գործարանն ու «ԱրմենՏելը», Հմայակ Հովհաննիսյանը՝ Շարիկովին, եւ կյանքն ավելի ուրախ կդառնար։ Միակ ելույթ ունեցողը (ասես, կոնֆերանսիեն) ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանն էր, որն առաջարկեց բոլոր թեկնածուների, ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների անունները։ Ոչ ոք կոչ չարեց հարգել «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակը, ոչ ոք չմաղթեց, որ այս խորհրդարանն ավելի անփորձանք լինի, քան նախորդն էր։ Ինչը եւ մենք ենք անում։ ԱԺ նախագահ ընտրվելուց առաջ Արթուր Բաղդասարյանը կարճ ելույթ ունեցավ, սակայն որեւէ բառ չասաց ԱԺ-ի մաս կազմող ընդդիմության մասին։ ԱԺ փոխնախագահ ընտրվելուց առաջ իր ելույթում այդ բանն արեց Տիգրան Թորոսյանը։ Նա շնորհակալություն հայտնեց իր նախկին գործընկեր պատգամավորներին, նաեւ նրանց, ովքեր վերընտրվել են, բայց դահլիճում չեն. «Ցավոք սրտի, դահլիճում չեն, որովհետեւ ԱԺ-ն մեկ միասնական մարմին է, եւ անկախ առկա տարաձայնություններից, անկախ առկա խնդիրներից, անկախ փոխադարձ անվստահությունից՝ մենք միասին պիտի այստեղ աշխատենք։ Ես վստահ եմ, որ երրորդ գումարման ԱԺ-ի հիմնական առաքելություններից մեկը հենց համատեղ աշխատանքն է, որպեսզի կարողանանք հաղթահարել նաեւ այն անվստահությունը, որը ձեւավորվել է։ Այն, ցավոք, առկա է եւ չտեսնել չի կարելի։ Դահլիճում շարքեր են դատարկ, մի բան, որը, կցանկանայի մաղթել, որ այլեւս չլինի Հայաստանի խորհրդարանում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մենք միասին աշխատենք։ Անհրաժեշտ է, որ մեր գործընկերներն ընդդիմությունից վերադառնան դահլիճ, եւ մենք միասին աշխատենք»։ Տիգրան Թորոսյանը՝ ՀՀԿ-ի եւ նաեւ՝ պատգամավորների անունից պատրաստակամություն հայտնեց արդյունավետ, համատեղ աշխատանքի։ ԱԺ նախագահի քվեարկության արդյունքներին Արթուր Բաղդասարյանը սպասում էր «ՕԵ» խմբակցության աշխատասենյակում։ Մեր հարցին՝ ի՞նչ զգացողություն ունի, նա պատասխանեց. «Անծանոթ, անծանոթ զգացում է»։ Մեր հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է Ա. Բաղդասարյանն աշխատելու ընդդիմադիր պատգամավորական խմբակցությունների հետ, նա պատասխանեց. «Ես՝ իբրեւ ԱԺ նախագահ, կփորձեմ աշխատել բոլոր կուսակցությունների հետ, բոլոր խմբակցությունների, այդ թվում նաեւ՝ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» հետ։ Այսինքն՝ ես տրամադրված եմ կառուցողական, գործնական շփումների, մնացածը կախված է այդ քաղաքական ուժերի դիրքորոշումից»։ ԱԺ նախագահն ընտրվեց 92 «կողմ», 6 «դեմ» ձայնով։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ 95 «կողմ», 4 «դեմ»-ով, Վահան Հովհաննիսյանը՝ 84 «կողմ», 9 «դեմ»-ով։ Թեպետ ԱԺ շենքում էին ԿԸՀ նախագահն ու մի քանի անդամներ, քվեատուփի մոտ ընտրակաշառք չբաժանվեց եւ լցոնման դեպքեր չարձանագրվեցին։ Ըստ ամենայնի, կոալիցիան այդ բաներն անելու խնդիր այս դեպքում չուներ. իրենք ասում՝ իրենք լսում էին։ Իրենք առաջարկում էին եւ իրենք էլ քվեարկում։ Իրենց իրենք չէին հակաճառում։ Թե՛ ԱԺ նախագահն ու տեղակալները, եւ թե՛ հանձնաժողովների նախագահներն ընտրվեցին առանց այլընտրանքի, գրեթե առանց թեկնածուներին տրվող հարցերի եւ առանց ելույթների։ Մի խոսքով՝ մուրճն էլ էր իրենց ձեռքին, սալն էլ։ Ըստ որոշ պնդումների՝ Արթուր Բաղդասարյանի ԱԺ նախագահ դառնալու գործում էական դերակատարություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Երեկ մեր հարցերին պատասխանելով՝ պրն Սարգսյանն ասաց. «Նախ՝ բազմիցս խնդրել եմ, եւ հիմա էլ խնդրում եմ, որ Ռ. Քոչարյանին ուղղված հարցերն իրեն տաք։ Ես չեմ կարող նախագահի անունից որեւէ հայտարարություն անել։ Եվ հետո՝ ոչ միայն իմ ցանկությունն է եղել, ոչ միայն՝ Հանրապետականի, ինչպես տեսաք՝ նաեւ Դաշնակցության ցանկությունն է եղել (Արթուր Բաղդասարյանին ԱԺ նախագահ դարձնելը.- Մ. Ե.), եւ այսօր դրանում համոզվեցիք։ Ի՞նչ է նշանակում մեր դերը։ Մեր դերը եղել է այն, որ քաղաքական պայմանավորվածություն ենք ձեռք բերել, եւ կարծում եմ, դա ճիշտ որոշում է»։ Գալուստ Սահակյանը նկատեց, որ նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀՀԿ-ից, խոստումներ էին տալիս եւ հիմա, որպեսզի չպատճառաբանեն, թե գործ անելու համար լծակներ չունեն, այդ լծակները տրվել են։ Կարելի է ենթադրել, որ կոալիցիոն կառավարությունում յուրաքանչյուր անհաջողություն ՀՀԿ-ն արդեն պատրաստ է ջարդել ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի գլխին։ Հաջորդ նիստը, որում կձեւավորվեն մշտական հանձնաժողովները, տեղի կունենա այսօր։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել