Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՔԱՆԴԵ՛Ս ԵՂԱԾԸ, ՍԵՐԳՈ՛

Հունիս 13,2003 00:00

ՉՔԱՆԴԵ՛Ս ԵՂԱԾԸ, ՍԵՐԳՈ՛ Երեկ վարչապետն այդպես էր խրատում կրթության եւ գիտության նոր նախարարին «Որպեսզի ոչ մի օր նախարարության աշխատանքները չդադարեն, շարունակում եք նույն ձեւով աշխատել, մինչեւ Սերգոն հունի մեջ ընկնի»,-հրահանգեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԿԳ նախարարության աշխատակազմին՝ ներկայացնելով ԿԳ նոր նախարարին՝ Սերգո Երիցյանին: Եվ դիմեց վերջինիս. «Կառավարության հաջորդ նիստին հարց պետք է ներկայացնես. չգիտեմ՝ ինչ ես ներկայացնելու, բայց ներկայացնելու ես»: Ապա դարձավ Լեւոն Մկրտչյանին. «Ես գոհ եմ եղել պրն Մկրտչյանի աշխատանքից, որի համար իմ շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել»: Վարչապետը վստահություն հայտնեց, որ նոր նախարարը շարունակելու է այն մոտեցումները, ինչ համակարգը մինչ այժմ ունեցել է. «Նորամուծությունները շատ լավ բան են, բայց ոչ հեղափոխականությունը: Պրն Մկրտչյանը, լինելով հեղափոխական կուսակցության անդամ, երբեք այստեղ հեղափոխություն չի արել, ինչի համար շատ գոհ եմ նրանից: Մենք տարբեր կուսակցություններից ենք եղել, բայց երբեք կուսակցականությունը չի խանգարել համատեղ աշխատելուն. նույն գաղափարն ենք ունեցել, խնդիրների նկատմամբ նույն մոտեցումները, եւ դրանք կան նաեւ պրն Երիցյանի մոտ, քանի որ մենք մի թիմով ենք աշխատում, խնդիրներն ընդհանուր են, կուսակցական խնդիրներ չկան, կան պետական խնդիրներ: Հեղափոխություն չենք անելու, ուղղակի առաջ ենք գնալու: Այս բոլորը հաշվի առնելով, Սերգո, պետք է փորձենք ոչ թե եղածը քանդենք, այլ եղածը շտկենք եւ առաջ գնանք: 8 տարի այս ուղղությամբ աշխատել ես, նոր չես այս բնագավառում: Վստահ եմ, որ աշխատանքը ստացվելու է»: Հուսանք, որ հեղափոխություն չի լինի, բայց չմոռանանք, որ Սերգո Երիցյանի կուսակցությունը նախընտրական շրջանում սեւեռվել էր հատկապես կրթական ոլորտի վրա եւ պոպուլիստական քննադատության էր ենթարկում համակարգի ցանկացած նորամուծություն: Մեր այս ակնարկին ի պատասխան՝ Սերգո Երիցյանն ասաց. «Այդ մասին՝ մի քանի օր հետո»: Լրագրողներից մեկի հարցին՝ «հիմա դուք լա՞վ եք ապրելու, թե՞…8230», պրն Երիցյանը պատասխանեց՝ «Ես միշտ էլ լավ եմ ապրել»՝ այսպիսով հաստատելով մեր՝ օրեր առաջ արված այդ նույն եզրահանգումը՝ ելնելով այն փաստից, որ ընդունելության քննություններում, երբ նա հանձնաժողովի նախագահ էր, ընդմիջումներին սնվում էր բացառապես ասետրինայով ու խորովածով: Բացի լավ ապրելուց, Սերգո Երիցյանն այլ առավելություններ էլ ունի. «Ես ունեմ 22 տարվա դասախոսական աշխատանքի փորձ, 8 տարվա փորձ ԱԺ-ում, ԱՊՀ երկրների Կրթության եւ գիտության միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահն եմ 5 տարի: Բավական փորձ ունեմ, եւ այդ փորձը պետք է կարողանալ կյանքում իրագործել»: Սակայն այդ փորձը գոնե այս ընդունելության քննություններում նորանշանակ նախարարը դեռեւս չի իրագործի. «Արդեն ընդունելության քննությունների կարգը սահմանված է, պարզապես պետք է պահպանել այն ամենը, ինչ որ կա, այլ փոփոխությունների մասին դեռ չեմ հասցրել մտածել: Կա ավանդույթ այս նախարարությունում, կա օրենք՝ ընդունված Ազգային ժողովի կողմից, նաեւ ԱԺ-ում է գտնվում բուհական եւ հետբուհական կրթության մասին օրենքի նախագիծը: Այդ օրենքը պետք է ընդունել, մտածել հանրակրթության մասին: Առաջնայինն օրենսդրական դաշտի հստակ կարգավորումն է, որից կախված կլինի, թե ինչպիսի կոնկրետ քայլեր են պետք եւ ինչ դժվարություններ պետք է վերացնել: Ես կարծում եմ, որ ամբողջ համակարգի օրենսդրական կարգավորումը ավելի հստակ, ավելի առարկայական պետք է կատարել: Դա թույլ կտա փոփոխությունները հաստատուն դարձնել եւ երկար ժամանակի համար»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վստահեցրեց նաեւ, որ ոչ մի նոր նախարար չի կարող քաղաքացիական ոլորտում աշխատողի հեռացնել. «Մենք դրա համար անցյալ տարի կատարեցինք բարեփոխումներ, որպեսզի նման փոփոխությունների արդյունքում պետական պաշտոնյան պաշտպանված լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել