Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄՐԱՊՆԴԵՆ ՄԵՐ ԿԱՊԵՐԸ

Հունիս 14,2003 00:00

«ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄՐԱՊՆԴԵՆ ՄԵՐ ԿԱՊԵՐԸ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը – Կարելի՞ է ասել, որ հունիսի 16-26-ը ՀՀ տարածքում կայանալիք Cooperative Best Effort-2003 զորավարժությունները վկայում են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններում նոր փուլի մեկնարկի մասին: – «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագիրը ստեղծվել է կայունության ամրապնդման, խաղաղության սպառնալիքների կրճատման եւ անվտանգության ոլորտում առավել ամուր հարաբերությունների կառուցման նպատակով: Այդ ամենը կյանքի է կոչվում գործնական համագործակցության եւ ժողովրդավարական այն սկզբունքներին նվիրվածության հիման վրա, որոնք ընկած են մեր Դաշինքի գոյության հիմքում: ԳՀԽ շրջանակներում զորավարժությունների հյուրընկալումը չափազանց արժեքավոր միջոց է, որը թույլ է տալիս էապես բարելավել օպերատիվ փոխգործողության մակարդակը ՆԱՏՕ-ի եւ գործընկեր-երկրների միջեւ: Բացի այդ, այն ավելի լավ հնարավորություններ է ստեղծում՝ զորավարժությունների պլանավորման գործընթացներում ներգրավվելու համար: Այսպիսով, մենք հույս ունենք, որ Cooperative Best Effort-2003 զորավարժությունների անցկացումը կնպաստի ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի ամուր կապերի հաստատմանը: – Cooperative Best Effort-2003 զորավարժություններին պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեն ռուս զինվորականները: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը: – Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը որոշել է մասնակցել այս զորավարժություններին, որոնց ընթացքում ռուսաստանյան հետեւակային ստորաբաժանումը կինտեգրվի բազմազգ ուժերի կազմում: 2002 թվականին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի ստեղծումից հետո կողմերը զգալի առաջընթացի են հասել գործնական համագործակցության բնագավառում: Մասնակցությունը ԳՀԽ շրջանակներում կայանալիք զորավարժություններին լիովին արտահայտում է համագործակցության այս նոր ոգին: – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի որոշումը՝ Կոսովո իր խաղաղարարներին գործուղելու վերաբերյալ: – Հայաստանի այս առաջարկը վկայում է մեր ընդհանուր նպատակին հասնելու Հայաստանի նվիրվածության մասին, այն է՝ պահպանել խաղաղություն եւ կայունություն ողջ Եվրոպայի տարածքում: Այս պահին մենք քննարկում ենք, թե ինչպե՞ս առավել արդյունավետ օգտվել Հայաստանի առաջարկից: Մենք կարող ենք միայն ողջունել յուրաքանչյուր ներդրում, որը նպաստում է խաղաղության պահպանմանն ուղղված մեր ջանքերին: Բացի այդ, Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ գործողությանը եւս թույլ կտա կատարելագործել ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ փոխգործողության որակը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝հատուկ ԱՌԱՎՈՏ-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել