Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ջան մնա՞ց

Հունիս 14,2003 00:00

Էլ ջան մնա՞ց Երեւանում հաստատ ապրում են նաեւ նորմալ մարդիկ Դերասան Միքայել Պողոսյանը սիրում է կրկնել, որ դերերն իր մարդկային տեսակի շարունակությունն են, եւ դրանց հետապնդումից երկար ժամանակ չի կարողանում ազատվել։ Նրա մարմնավորած վերջին կերպարը Քրեյզին էր («Լռության սիմֆոնիա»), որի հետապնդումից, ըստ երեւույթին, դերասանն ավելի շուտ է ազատվել, քան Հաբեթիկի («Երեւան բլյուզ»)։ Այս օրերին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվող «Երեւան ջան» ֆիլմում (սցենարի հեղինակ եւ բեմադրիչ՝ Մ. Պողոսյան, ռեժիսոր՝ Գարիկ Մաշկարյան) Հաբեթիկը վերադարձել է, որպեսզի սիրի Երեւանը, «հրաշք նվիրի» երեւանցիներին ու իբր փորձի ուղղել քաղաքում տիրող անիրավությունները։ Իսկ այդպիսիք քիչ չեն։ Ինչպես, օրինակ, այն, որ «լավ տղերքը» օբյեկտ են կառուցել հենց Պանթեոնում, իսկ պաշտոնյան վախենում է լուծել այդ խնդիրը կամ ավտոտեսուչների՝ մասսայական բնույթ կրող վարորդներին թալանելը։ Ֆիլմում այդ բոլոր «վատ մարդկանց» գլխին «չագուճով» հարվածում է արդարություն պահանջող նկարիչը (Սերգեյ Դանիելյան)։ Ապրելով այսպիսի միջավայրում, գլխավոր հերոսն, այնուամենայնիվ, կարծում է, որ չար մարդիկ չկան։ Կամ՝ նրանք չարանում են, որովհետեւ «չենք սիրում իրենց»։ «Երեւան ջան» ֆիլմում, եթե կարելի է տեսախցիկով նկարահանված վիդեո-ներկայացումը ֆիլմ համարել, դերասանների խաղը արհեստական է, կերպարներն՝ անհամոզիչ։ Աղմկելն ու գզգզված կեղծամ դնելը դեռ չի նշանակում կարուսել աշխատեցնող կնոջ (Աննա Էլբակյան) կերպար ստեղծել։ Տեսարաններն էլ ձգձգված են ու ձանձրալի։ Եվ որ ամենակարեւորն է, ֆիլմի բոլոր դրական հերոսները հոգեկան հիվանդներ են (այստեղ զգացվում է «Լռության սիմֆոնիայի» ազդեցությունը Մ. Պողոսյանի վրա)։ Եվ այն, որ Հայաստանից հեռացողները շատ են, դեռ չի նշանակում, թե Երեւանում որեւէ նորմալ մարդ չի մնացել։ «Երեւան ջանն» ավարտվում է մի երգով, որի տեսահոլովակը նկարել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։ Ֆիլմի ավարտը, սակայն, ամենեւին կապ չունի ողջ ֆիլմի հետ։ Այն երազից հետո, թե իբր Երեւանը հիվանդությունից ապաքինվել է (փողոցներում որեւէ վատ մարդ չի քայլում, նկարիչն էլ մուրճով որեւէ մեկի գլխին չի հարվածում, պաշտոնյան ավլում է քաղաքը, ավտոտեսուչն ինքն է վարորդին դրամ տալիս), Հաբեթիկը քնից արթնանում է իբրեւ Միշա (՞)։ Դեղին ֆոնի վրա հաջորդող պատկերները ներկայացնում են մեր քաղաքում տիրող նույնքան դեղին ու գորշ կյանքը՝ ոչինչ չարտահայտող դեմքեր, առեւտրականներ, մարմնավաճառներ։ Տարուբերվող տեսախցիկը կարծես ցույց է տալիս հերոսի հոգում տիրող ցնցումները. նա էլ է մի օր հեռանալու Երեւանից։ Իր քաղաքը լքողի աչքերում ավելի սեր ու ցավ կա արտահայտված, քան Հաբեթիկի «Երեւան ջան» գոռալու մեջ։ Ֆիլմում ցուցադրվող իրական կադրերը ներկայացնում են մեր անցյալը՝ Եղեռնը, նախկին կոմունիստական ռեժիմը, Արցախյան պատերազմը։ «Երեւան ջանում» մեր այսօրն էլ կա՝ աշխարհում տիրող մեծ խառնաշփոթ, ահաբեկչություն, պատերազմ։ Ու այդ աշխարհում մի փոքրիկ Երեւան՝ իր մեծ ցավով, որ իրեն լքում է հերթական երեւանցին։ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել