Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժվածին չեն պատժում

Հունիս 14,2003 00:00

Պատժվածին չեն պատժում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը խիստ հետաքրքիր չափանիշներով է գնահատում ՀՀ միջազգային վարկի ներկայիս վիճակը։ Պրն Օսկանյանը պնդում է, որ միջազգային չափանիշներին չհամապատասխանող հայաստանյան ընտրությունները որեւէ խնդիր չեն առաջացրել մեր երկրի արտաքին իմիջի համար եւ այս պնդումը հիմնավորում է վերջին շրջանում իր կատարած արտասահմանյան այցերով։ Այսինքն, ՀՀ արտգործնախարարն անձամբ գնացել եւ տեղում համոզվել է, որ ընտրություններից հետո Հայաստանի նկատմամբ ուղղակի սպառնալիքներ չեն առաջացել։ Այսպիսի մոտեցումը հատկապես հետաքրքիր է հնչում ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ռասել Ջոնսթոնի՝ շաբաթներ առաջ արտահայտած մի մտքի համադրմամբ։ «Հ1»-ի եթերում Ջոնսթոնին այսպիսի հարց տրվեց. «Եթե խորհրդարանական ընտրությունները արդար եւ թափանցիկ անցնեն, Եվրախորհուրդը մեզ կների՞ նախագահական ընտրություններում տեղ գտած չարաշահումների համար»։ Վերջինս նախ միանգամից չկողմնորոշվեց, թե ինչ ասի, ապա տվեց այդ հարցի, թերեւս, ամենասպառիչ պատասխանը. «Եվրախորհուրդը եկեղեցի չի, որ ձեր մեղքերին թողություն տա։ Հայաստանն ինքն է որոշել մուտք գործել Եվրախորհուրդ եւ ինքն էլ պետք է հետեւություններ աներ դրանից»։ Թվում է, թե ամեն ինչ պարզ է։ Եվրախորհուրդը եւ առհասարակ քաղաքակիրթ հանրությունը չի պատժում մի երկրի, որն ինքն է իրեն պատժում։ Այսինքն, մտայնությունը, թե ոչ ժողովրդավարական ընտրություններից հետո Հայաստանին պետք է աղմուկով դուրս վռնդեին միջազգային կազմակերպություններից, իսկ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին 48 ժամվա ընթացքում արտաքսեին հյուրընկալ երկրներից, միանգամայն թյուր է։ Միեւնույն ժամանակ, ամենեւին համոզիչ չեն Վարդան Օսկանյանի այն հավաստիացումները, թե ինքն այցերի ընթացքում մեր արտաքին քաղաքականության ծավալման համար որեւէ խնդիր չի նշմարել. ամեն ինչ վերջացել է ընդամենը Հայաստանի ընտրական օրենսգրքում մի քանի փոփոխություններ անելու դիտողություններով։ Նման խնդիրները, սակայն, եթե ոչ այսօր, ապա վաղն անպայմանորեն նշմարվելու են։ Դա, իհարկե, չի նշանակում, թե միջազգային հանրությունը սկսելու է ցուցադրաբար պատժել Հայաստանին։ Դա ընդամենը նշանակում է, որ շատ ավելի պակաս ոգեւորությամբ են օգնելու մի երկրի, որն ինքը չի ցանկանում օգնել իրեն։ Ակնհայտ է, որ անհամեմատ պակասելու են (արդեն իսկ զգացվում են նման միտումներ) ժողովրդավարական եւ քաղաքացիական ինստիտուտների կատարելագործմանն ուղղված զանազան դրամաշնորհային ծրագրերը։ Ոչ ժողովրդավարական ընտրություններով իշխանություն ձեւավորած Հայաստանը շարունակելու է մնալ արտաքին ներդրումների համար ոչ բարենպաստ համարվող երկրների վարկանիշային ցանկի «պատվավոր» հորիզոնականի վրա։ Արդեն հայտնի է, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է գրեթե կիսով չափ կրճատել Հայաստանին տրամադրվող ամենամյա ֆինանսական օգնությունը։ Հայտնի է նաեւ, որ նման մտադրություն ունի նաեւ Եվրամիությունը։ Թերեւս այս իրողությունները եւ դրանցից բխող՝ թեկուզեւ զուտ տնտեսական հետեւանքները պետք է հետաքրքրեին Հայաստանի արտգործնախարարին եւ ըստ այդ չափանիշների պետք է գնահատվեր ոչ ժողովրդավարական ընտրությունների ազդեցությունը մեր հանրապետության վրա։ Վերջապես, չպետք է մոռանալ, որ առջեւում տարածաշրջանային բարդ զարգացումների տարիներ են, եւ ցանկացած պահի լեգիտիմության դեֆիցիտը կարող է հարմար պատրվակ հանդիսանալ Հայաստանին ինչ-որ բաներ պարտադրելու համար։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել