Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱՐՁԱԿ» ՆՇԱՆԱԿՈՒՄ

Հունիս 18,2003 00:00

«ՀԱՄԱՐՁԱԿ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Կիրառական մաթեմատիկայի մասնագետ մշակույթի նախարարի նշանակումը որոշակի տարակուսանք առաջացրեց այդ ոլորտի մարդկանց մոտ։ Սակայն, ինչպես ակնկալվում էր, նրանցից շատերը գերադասեցին հավատարիմ մնալ ազգային հայտնի կարգախոսին՝ «ով՝ էշ, մենք՝ փալան»։ Օրինակ, Խորեն Աբրահամյանին մեր հարցը՝ «Նորմա՞լ եք համարում, երբ մշակույթի նախարար է նշանակվում մաթեմատիկոսը», խիստ զայրացրեց. «Շառոտ-շուռոտ թերթից եք, ի՞նչ եք ուզում ինձանից»։ Հետո էլ, թե՝ «կարող ա թվաբանության դասատուն ավելի լավ նախարար լինի, քան արվեստի հետ կապ ունեցող մեկը»։ Նույնիսկ կատակեց. «Թող ինձ դնեին մշակույթի նախարար»։ Այնուհետեւ ավելացրեց, որ չի ճանաչում նորանշանակ նախարարին՝ Թամարա Պողոսյանին, համարելով տարօրինակ, որ արվեստի հետ կապ չունեցող մարդը դարձել է մշակույթի նախարար։ «Բայց եթե նշանակել են մեկին, որը մաթեմատիկոս է, ուրեմն համարձակ քայլի են դիմել։ Եթե համարձակ քայլի են դիմել, ուրեմն ակնկալիքներ ունեն, որ նա համարձակ քայլեր կանի։ Իսկ եթե չանի, ուրեմն հերթական անգամ կտեսնենք, որ սխալվել ենք»,- փորձեց բացատրել՝ հընթացս բոլոր լրագրողներին վերագրելով «տաքսու շոֆերի մտածողություն»։ Բոլորովին վերջերս ռամկավարացած Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանն էլ կարծում է, որ ամենահարմար մշակույթի նախարարացուն ինքը կլիներ կամ Հենրիկ Իգիթյանը, քանի որ երկուսն էլ երկար տարիներ աշխատել են այդ ոլորտում։ «Խորհրդային տարիներին եղել են դեպքեր, երբ ոչ մասնագետ կուսակցական գործիչները՝ օրինակ՝ Եկատերինա Ֆուրցեւան կամ Դեմիչեւը, նշանակվել են մշակույթի նախարար։ Բայց նրանք հատուկ դպրոց էին անցել եւ կարող էին շատ հարցեր լուծել,- հիշեց նա։- Ինչ վերաբերում է Թամարա Պողոսյանին, անիմաստ են այն հայտարարությունները, թե մշակույթն անկումային վիճակից կկարողանա դուրս բերել։ Մշակույթին պետք չեն կուսակցականներ։ Եվ ընտրարշավից հետո ձայներ հավաքած որեւէ կուսակցություն, կոնկրետ՝ ՕԵ-ն, իրավունք չունի ցանկացած պորտֆել գրավելու։ Եթե կուսակցությունները իսկապես ցանկանում են մշակութային հարցեր լուծել, թող որեւէ մշակույթի գործչի իրենց ցուցակով պատգամավոր առաջադրեն»։ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին նոր նախարարն առաջին հայացքից շատ է դուր եկել, որովհետեւ «ինքը մշակույթի զարգացման մասին դրական կարծիք ունի, մշակույթի մասին իր հարցադրումները բավարարել է»։ Բացի այդ, Թ. Պողոսյանը Փ. Միրզոյանին խոստացել է հետաքրքրվել Եկատերինա կայսրուհու արձանի ճակատագրով։ «Իսկ պե՞տք է մեզ մշակույթի նախարարություն։ ԱՄՆ-ի պես հզոր պետությունը նման նախարարություն չունի, բայց էնտեղ բոլոր թատրոններն ու թանգարանները իդեալական պայմաններում են»,- կարծում է Հենրիկ Իգիթյանը։ Ըստ նրա, ներկայիս նախարարության հաստիքների հաշվին կարելի է «մի լավ թատրոն պահել, մի հատ էլ թանգարան»։ Նա չկամեցավ մշակույթի նախկին նախարարների մասին խոսել. «Անհարմար բան կստացվի, դրա համար էլ լռում եմ։ Իսկ եթե ես լինեի նախարար նշանակողը, արվեստագետներից կազմված մի հանձնաժողով կստեղծեի ու յուրաքանչյուրին կառաջարկեի մեկական հարց տալ նախարարի թեկնածուին»։ Հ. Իգիթյանը նաեւ փորձեց արդարացնել հանրապետության նախագահի նշանակումները. «Կուսակցական խաղերը մեզ անջատել են միմյանցից։ Եվ Քոչարյանը, որպես նախագահ, չի նայում՝ էս մարդը պրոֆեսիոնալ է, թե ոչ։ Իր վիճակն էլ կարելի է հասկանալ։ Ոչ մի ղեկավար չի ուզենա իրեն թշնամիներով շրջապատել»։ Իսկ ընդհանրապես, Հ. Իգիթյանն այն կարծիքին է, որ յուրաքանչյուր կուսակցության մեջ էլ կան կարող ուժեր եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ մշակույթի նախարարը մշակույթի մարդ լինի։ «Ալեքսան Կիրակոսյանը չգիտեմ ինչ կրթություն ունի, բայց փայլուն գրականություն գիտի։ Գրիգոր Հասրաթյանը հրաշալի արվեստ գիտեր, իսկ Կարեն Դեմիրճյանը գալիս էր Արդի արվեստի թանգարան ու էքսկուրսիա անցկացնում բյուրոյի հետ։ Էնպիսի անուններ էր տալիս, որ այսօր մեր արվեստագետներից շատերը չգիտեն»։ Ի դեպ, Հ. Իգիթյանին էլ է Թամարա Պողոսյանը դուր եկել. «Նա կիրթ կին է։ Էդ մեկը, ծանոթ չլինելով իր հետ, կարող եմ հաստատ ասել։ Իրավունք չունեմ ոչ փնովել, ոչ էլ պաշտպանել նրան, որովհետեւ չեմ ճանաչում։ Հետո դուք ի՞նչ գիտեք, թե նա մշակույթի հետ ինչ կապ ունի։ Կարող է, մարդը կոլեկցիոներ է, կարող է լավ գրադարան ունի կամ մանկուց երազել է արվեստով զբաղվել»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել