Լրահոս
Օրվա լրահոսը

Պատուհան դեպի աղբանոց

Հունիս 19,2003 00:00

Պատուհան դեպի աղբանոց Հալաբյան 59 շենքի 1-ին հարկի եւ հարակից շենքի՝ 57-ի միջեւ գտնվող շինությունը նախկին խորհրդային կարգերի ժամանակ եղել է Մոսկովյան նախագծային ինստիտուտի մասնաճյուղ։ Կարգերի փլուզումից հետո փլուզվեց նաեւ այդ հիմնարկությունը։ Տարիների ընթացքում տարածքը ամբողջովին քանդվեց, բազմիցս վաճառվեց ու վերավաճառվեց, վերջում էլ՝ մատնվեց անտերության։ Սկզբում թալանվեցին գծագրական մեքենաների մի մասը եւ գրասենյակային իրերը, իսկ հետո տուֆ քարից շարված պատերը եւ առհասարակ այն, ինչ հնարավոր էր։ Այժմ տարածքը վեր է ածվել հասարակական զուգարանի եւ աղբանոցի։ Այդ մասին իրենց կարծիքն են հայտնում նշված շենքի 3-րդ մուտքի մի քանի բնակիչ։ Ժաննա (1-ին հարկի բնակչուհի) – Ես ապրում եմ հենց 3-րդ մուտքի 1-ին հարկում եւ հավատացնում եմ, որ անկարելի է պատուհան բացել, որովհետեւ սենյակը վերածվում է ճանճանոցի, իսկ արեւը նպաստում է «բուրմունքի» ուժգնացմանը։ Գալյա (4-րդ հարկի բնակչուհի) – Ես երկուսուկես տարեկան թոռնիկ ունեմ եւ, ինչպես հայտնի է, այդ տարիքում երեխաները շարժուն են եւ աշխույժ։ Նրանք հետաքրքրություն են տեսնում ամեն ինչում եւ առանց հասկանալու վազում արգելված վայրերը։ Այսպիսով՝ հնարավոր չէ երեխաներին զերծ պահել մոտակա աղբանոցից։ Զարուհի, Հայկ (3-րդ հարկի բնակիչներ) – Վերջին տարիներին շատ անգամ դիմել ենք ե՛ւ համատիրությանը, ե՛ւ թաղապետարանին։ Սակայն այս հարցին տրված նրանց միակ պատասխանն է՝ «Տարածքը մեզ չի պատկանում, դիմեք սեփականատիրոջը»։ Մենք բոլորս դիմում ենք թերթի խմբագրությանը՝ խնդրանքով, որ օգնեն մեզ գտնել տվյալ սեփականատիրոջը, որպեսզի նա տեր կանգնի իր ունեցվածքին եւ մեզ ազատի այս հակասանիտարական վիճակից։ Մուտքի ջրի սնուցող խողովակը գտնվում է տվյալ տարածքում, որը ձմեռվա ընթացքում բազմիցս վթարի է ենթարկվել։ Բնակիչները տասնյակ օրեր ստիպված էին այլ աղբյուրներից խմելու ջուր հայթայթել։ Չստանալով համապատասխան օգնություն համատիրությունից, բնակիչները ստիպված էին կրկին ինքնուրույն դուրս գալ ստեղծված իրավիճակից։ ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել