Լրահոս
Օրվա լրահոսը

Համատիրությո՞ւն, թե՞ ջրմուղ ցանց

Հունիս 19,2003 00:00

Համատիրությո՞ւն, թե՞ ջրմուղ ցանց Ո՞ւմ պետք է դիմել, որպեսզի նոր ջրախողովակ տեղադրվի եւ ջրի սպասարկման վարձավճարը բարեխղճորեն մուծող քաղաքացին, ի վերջո, իր տանը ջուր ունենա։ Արդեն 3 տարի է, ինչ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 16-րդ շենքի 1-ին մուտքի մեկ սենյականոց բնակարանների խոհանոցներում ջուր չկա։ Առաջին հարկում տանտերը փակել է խողովակը եւ դա պատճառաբանում է երկրորդ հարկի ջրախողովակի անսարքությամբ։ Բնակիչները դիմեցին «Կարին» համատիրություն, որի տարածքում է գտնվում նշված շենքը։ Նախագահ Մ. Թորոսյանը պարզաբանեց, որ նման հարցով պետք է դիմել ջրմուղ, ուր կատարվում է վարձավճարի մուծումը։ Իրենք չունեն այդ նպատակի համար ո՛չ մասնագետ եւ ո՛չ էլ գումար, իսկ բնակչի վճարած սպասարկման վարձով նորոգում իրականացնել հնարավոր չէ։ Դիմեցին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղ եւ հանդիպեցինք տնօրեն Ռ. Մկրտչյանին։ Վերջինս ցույց տվեց այն օրենքը, համաձայն որի, իրենք պարտավոր են կարգավորել ջրագծերի անխափանությունը մինչեւ շենքի մուտքը, իսկ դրանից հետո պատասխանատու են համատիրությունները։ Կրկին եղան համատիրությունում եւ պարզեցին, որ դա հնարավոր է այն դեպքում, երբ ջրմուղը պայմանագիր է կնքում համատիրության հետ, հավաքված վարձավճարից համատիրությունում որոշակի գումար է մնում, որով կարելի է լուծել նման հարցերը։ Երկրորդ անգամ ջրմուղ այցելելիս խնդրեցին արագացնել պայմանագրի կնքումը, բայց այնտեղ ասացին, որ նման առաջարկով դեռեւս իրենց չեն դիմել։ Մինչ երկու հիմնարկություն պարզում են ո՞վ-ո՞ւմ-ի հարցը, տուժողը մնում է բնակիչը (հատկապես վերեւի հարկերում ապրող), որը գիշերը անքուն էր մնում, որպեսզի առավոտյան 5-10 րոպե բաղնիքում հոսող ջրից մի փոքր էլ բաժին հանի խոհանոցի համար։ Հետաքրքիր է, այսպես մինչեւ ե՞րբ։ Եթե բնակիչը սեփական միջոցներով պետք է ջրախողովակը նորոգի, էլ ինչո՞ւ է սպասարկման վարձ վճարում։ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել