Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղբայրական» դրսեւորումներ

Հունիս 20,2003 00:00

«Եղբայրական» դրսեւորումներ Հայ-վրացական ամենատարբեր մակարդակներով տեղի ունեցող պաշտոնական փոխշփումների ամենագործնական արդյունքն, ակներեւաբար, կայանում է միայն մի դեպքում՝ կոնյակի, մյուս դեպքում՝ գինու «արարողակարգային» ըմպումների մեջ։ Ցավոք, երկու «եղբայր ժողովուրդների» էլ ավելի եղբայրացման մասին հավաստիացումները, առնվազն վրացական կողմից, առայժմ հնչում են իբրեւ ձայն բարբառո… Հունիսի 18-ին հայտնի է դարձել, որ Ախալքալաքի ՆԳ մարմինների կողմից կենցաղային հողի վրա կատարված հանցագործության կասկածանքով կալանվել են մի քանի հայ բնակիչներ, որոնց կարճ ժամանակ անց ազատ են արձակել։ Փաստն ինքնին էական չէ. հանցագործները պետք է պատժվեն։ Սակայն հիշյալ բնակիչները վրաց ոստիկանների կողմից ենթարկվել են ոչ միայն դաժան ծեծի, այլեւ արժանապատվությունը նվաստացնող ստորագույն վիրավորանքների։ Աղբյուրը, որից տեղեկանում ենք այս մասին, նաեւ ավելացնում է. «Միանգամայն ակնհայտ է, որ տարածաշրջանի իրավապահ մարմինների առանձին ղեկավարների ամենաթողությունն ու անպատժելիությունը, որոնք տեղի բնակչության նկատմամբ կիրառում են սադիստական մեթոդներ, լրացուցիչ լարվածություն է առաջացնում այստեղ»։ Կարելի էր եւ առանձնապես չսեւեռվել նման դիպվածների վրա, սակայն վերջին շրջանում դրանք ծավալվում են առավել համապարփակ, պատկերավոր ասած՝ «ֆեդերալ» ֆոնի վրա։ Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ իրենց պաշտոններից ազատվել են վերջին երեք հայազգի դատավորները։ Հանգամանք, որը դժվարությամբ է տեղավորվում ԵԽ անդամի եւ բարեկամ երկրի վերաբերյալ պատկերացումների մեջ։ Միեւնույն ժամանակ, ըստ «Արմինֆոյի», Վրաստանի խորհրդարանն այս օրերին պատրաստվում է քննարկել «Անձնագրերի եւ ծննդյան վկայականների մասին» օրենքը։ Նախատեսվում է, որ դրա խմբագրված տարբերակում Վրաստանի քաղաքացու ծննդյան վկայականում ազգության դիմաց պետք է կատարվի միայն «վրացական» նշումը։ Այս դրույթն առաջացրել է տեղի ազգությամբ հայ եւ ադրբեջանցի պատգամավորների տարակուսանքը, որոնք ջանում են թույլ չտալ նման փոփոխության անցկացումը խորհրդարանում։ Այս ամենն, իհարկե, չափազանց բնորոշ է վրացական իրականությանն ու ամենեւին նոր չէ։ Սակայն վերջին շրջանում այդօրինակ փաստերի հաճախակիացումը տեղի եւ արտասահմանյան դիտորդներին ստիպել է դա կապել Վրաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ «Գուցեեւ այդպես է,- մեզ հետ զրույցում նշեց մի վրացահայ, ցանկանալով անհայտ մնալ,- սակայն թվում էր, թե ընտրություններին ընդառաջ՝ վրաց քաղաքական ուժերը քվեներ շահելու ակնկալիքով պետք է սիրաշահեն ազգային փոքրամասնություններին, մինչդեռ հակառակն է տեղի ունենում»։ Մնում է ենթադրել, որ Վրաստանում այսօր ավելի հարգի եւ ավելի մեծաթիվ են ազգայնական հողի վրա ակնկալվող քվեները։ Ուրիշ նվաճումներ այնտեղ, ինչպես եւ Հայաստանում, առայժմ չկան»։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել