Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսապետյանի «մաքսը»

Հունիս 20,2003 00:00

Մաքսապետյանի «մաքսը» Երեկ հայտնի դարձավ, թե ով էր ապօրինի ծառահատումներ կատարում Կոմիտասի զբոսայգու դիմաց գտնվող զբոսայգում: Դա քաղաքացի Էդուարդ Ղուկասյանն էր, որը քաղաքապետարանի հողային աճուրդներից մեկում գնել է հիշյալ պուրակի մասը։ Արաբկիրի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանից ստանալով առեւտրի եւ սպասարկման օբյեկտ (այդ թվում եւ՝ բացօթյա սրճարան) կառուցելու թույլտվությունը (թիվ 83), մի քանի օր առաջ նա կապույտ պաստառով շրջափակում է այգու իր հատվածը, իսկ 2 օր առաջ որոշում է «ծառազերծել» տարածքը։ Ահազանգով դեպքի վայր եկած Արաբկիրի թաղապետարանի կոմունալ եւ բարեկարգման բաժնի պետ Հրայր Անտոնյանը կազմել է արձանագրություն, ըստ որի, «կտրվել է 5 բարդու ծառ, մեկը՝ հասուն, չորսը՝ երիտասարդ, ինչի համար Էդուարդ Ղուկասյանը տուգանվում է 1.250.000 դրամ»։ Գանձումը կկատարվի թաղապետարանի վարչատուգանային հանձնաժողովի նիստում որոշում կայացվելուց հետո։ Գումարը հաշվարկվել է՝ առաջնորդվելով ՀՀ Քաղօրի 66 հոդվածով, ըստ որի, «ապօրինի կտրված յուրաքանչյուր ծառի դիմաց գանձվում է նվազագույն աշխատավարձի 50-80- ապատիկ չափով տուգանք»։ Տվյալ դեպքում նվազագույն՝ 5000 դրամը բազմապատկվել է նվազագույն՝ 50 անգամով։ Թեեւ օրենք չիմանալը չի ազատում պատասխանատվությունից, սակայն, ըստ Երեւանի քաղաքապետարանի Բնապահպանական վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանի, «մեր փորձագիտական եզրակացությունն ու կարծիքը, որ կանաչ գոտին պետք է մնա անխաթար, տեղ է գտնում հողհատկացման փաստաթղթերում»։ Այնպես որ, անտեղյակությունն այս պարագայում պատճառ չէ, բարոյական չափանիշների ու մարդկային խղճի մասին էլ պիտի լռենք։ Ի դեպ, Երեւանի գլխավոր դենդրոլոգ Ս. Մաքսապետյանը տեղեկացրեց, որ «իմ փորձագետի եզրակացությամբ, պուրակի այդ հատվածում կտրվել է 3 հասուն տարիքի (30 եւ ավելի) բարդի, 7 երիտասարդ (մինչեւ 10 տարեկան) բարդի եւ 5 երիտասարդ թեղի»։ Այսինքն՝ 15 ծառ։ Իսկ թաղապետարանի կազմած ակտով կտրվել է 5 ծառ։ Թաղապետարանի ներկայացրած բացատրությամբ՝ «քաղաքապետարանի դենդրոլոգները երեւի հաշվել են նաեւ այս տարի տնկված շիվերը, մենք դրանք որպես ծառ չենք հաշվել»։ Թե ինչ տրամաբանությամբ է 3 հասուն ծառը 1 դարձել (գուցե եւ՝ հակառակը), չպարզաբանվեց, երկու կողմն էլ համոզված էին, որ իրենք են ճիշտ հաշվել։ Մի հարցական էլ կա՝ քաղաքացուց տուգանքը կգանձվի՞ ամբողջությամբ, թե՞ աղմուկը դադարելուց հետո կողմերը կփորձեն «լեզու գտնել» միմյանց հետ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել