Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկապես մոռացել են

Հունիս 20,2003 00:00

Իսկապես մոռացել են Խմբագրությունը նամակ է ստացել Գյումրի քաղաքի բնակիչ, վաստակավոր ինժեներ Լեւոն Գալստյանից։ Ընթերցողը մտահոգված է, որ հայ երգի երախտավոր Նորայր Մնացականյանի անունը հիմնովին մոռացված է ու երիտասարդ սերունդը նրա մասին համարյա ոչինչ չգիտի։ Նամակագիրը հետաքրքրվել էր Հայաստանի մասնավոր հեռուստաընկերություններից՝ պահպանվո՞ւմ են, արդյոք, նրանց մոտ երգչի ձայնագրությունները։ Եվ բոլորը միաբերան պատասխանել էին, որ Ն. Մնացականյանի ոչ մի նկարահանում չունեն։ Փորձեցինք ինքներս կապվել մասնավոր հեռուստաընկերությունների ծրագրերի տնօրենների հետ։ «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Գայանե Մանուկյանը տեղեկացրեց. «Բազմաթիվ հայկական ժողովրդական երգերի վարպետ կատարումներ պահվում են միայն Հանրային հեռուստատեսությունում եւ նրա սեփականությունն են։ Որքան գիտեմ, դրանք չեն վաճառվում»։ ԱԼՄ հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Կարեն Դանիելյանն էլ պատճառաբանեց, որ ամեն տեսակի ձայնագրություն ունենալու համար ֆինանս է հարկավոր, ինչը միշտ չէ, որ բավարարում է։ «Երեւան» հեռուստաընկերության ծրագրերի բաժնի պետ Նաիրա Սիմոնյանն էլ անկեղծացավ. «Ճիշտ է, Նորայր Մնացականյանին նվիրված հատուկ հաղորդում եթեր չենք հեռարձակել, բայց մեր TV-ով երաժշտական ընդմիջումներին եւ «Եր-Ակ» հաղորդաշարով բազմիցս ցուցադրել ենք երգչի կատարումները»։ Վերջերս վերաբացված «ԱՐ» հեռուստաընկերության լրատվության ղեկավար Ավիկ Մարությանը համակարծիք էր նամակագրին, որ հայ երգիչների բարձրարվեստ կատարումները հնարավորինս շատ պետք է ցուցադրվեն հեռուստատեսությամբ։ Սակայն չմանրամասնեց՝ ունի՞ «ԱՐ» հեռուստաընկերությունը Ն. Մնացականյանի ձայնագրությունները, թե՞ ոչ։ Տարօրինակ պատասխան ստացանք «Արմենիայի» ծրագրերի տնօրեն Էլիզա Բաղրամյանից։ «Մենք միշտ էլ ժողովրդական պարեր ենք ցույց տալիս մեր եթերով» (՞),- փորձեց բացատրել նա։ Փաստորեն, մեր փոքրիկ հարցման արդյունքում պարզեցինք, որ քիչ թե շատ միայն «Երեւանով» են հնչեցվում Ն. Մնացականյանի երգերը։ Այնպես որ, արդարացի էր մեր նամակագրի զայրույթը։ Այսօր շատ տեղին է հիշել Թաթուլ Ալթունյանի խոսքը հայ երգի մասին. «Ժողովրդական երգը պետք է ապրի հնչյունների շարժուն աշխարհում, որը եթե այսօր չորսացիր, կանցնի անհետադարձ։ Եվ ոչ մի ուշացած ափսոսանք էլ չի փրկի»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել