Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆՆԵ՛Ր, ԶԲԱՂՎԵՔ ՁԵՐ ԳՈՐԾՈՎ

Հունիս 25,2003 00:00

ԴԵՍՊԱՆՆԵ՛Ր, ԶԲԱՂՎԵՔ ՁԵՐ ԳՈՐԾՈՎ Կոչ է անում Տիգրան Թորոսյանը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվը, Հայաստանում հավատարմագրված 14 դիվանագիտական ծառայությունների ղեկավարներ եւ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ հունիսի 17-ին բաց նամակով դիմել էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների վերաբերյալ, որոնք, ըստ նամակի հեղինակների՝ «լրջորեն սպառնում են Հայաստանում ազատ արտահայտվելու իրավունքին»։ Խոսքը, մասնավորապես, «Քրեական օրենսգրքի» 135 եւ 136 հոդվածների մասին էր, որոնք զրպարտության եւ վիրավորանքի համար այլ պատիժների թվում նախատեսում են նաեւ ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով։ Դեսպանները մտահոգություն են հայտնել այն մասին, որ «զրպարտությունն ու վիրավորանքը պետք է ապաքրեականացվեն եւ իրավական լուծումները պետք է նախատեսվեն քաղաքացիական, այլ ոչ թե քրեական օրենսդրությունում, կամ էլ՝ «Քրեական օրենսգիրքը» դրանց համար որպես պատժամիջոց չպետք է սահմանի ազատազրկում»։ Այս նամակի կապակցությամբ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը երեկ մեր թերթին տված հարցազրույցում կրկնեց իր վրդովմունքը. «Ցավոք սրտի, որոշ դեսպաններ մտածում են, որ իրենք եկել են փորձագիտական առաքելություն իրականացնելու, ինչը համատեղելի չէ դեսպանի կարգավիճակին։ Ուղղակի անհեթեթ է, որ դեսպաններն են նման գործով զբաղվում, որովհետեւ դա ո՛չ իրենց լիազորությունների շրջանակում է գտնվում, ո՛չ էլ, կարծում եմ, իրենք ունեն այնքան հնարավորություն եւ ժամանակ օրենքների վերլուծությամբ զբաղվելու»։ «Ես չեմ ասում,- շարունակեց նա,- որ Հայաստանի օրենսդրությունը թերություններ չունի, եւ դրա հետ կապված կարծիքներ չպետք է հնչեն։ Ճիշտ հակառակը՝ երկրորդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում, գոնե վերջին երկու տարում, թերեւս, ամենաակտիվը ես եմ զբաղվել փորձագետների հետ, քանի որ զբաղվում էի մեր պարտավորությունների հետ կապված խնդիրներով եւ շատ բարձր եմ գնահատում այդ ուղղությամբ ԵԽ փորձագետների կատարած աշխատանքները։ Պայմանավորվել ենք, որ այդ աշխատանքը շարունակվելու է եւ շուտով, թերեւս սեպտեմբերին, առաջիկա չորս տարիների աշխատանքի հետ կապված համագործակցության մի ծրագիր կազմենք։ Ուզում եմ ասել՝ չմերժելով համագործակցությունը, այլ՝ խիստ կարեւոր համարելով այն, այնուամենայնիվ, գտնում եմ, որ յուրաքանչյուրն իր գործով պիտի զբաղվի. դեսպանը՝ իր, փորձագետը՝ իր եւ մնացած մասնակիցները՝ իրենց»։ «Քրեական օրենսգիրքը» եւ մի շարք այլ կարեւոր օրենքներ ընդունվեցին խիստ ցայտնոտային իրավիճակում՝ նախագահականից հետո եւ խորհրդարանական ընտրություններից առաջ, ու քչերը հասցրին ընկալել, թե ի՞նչ է կատարվում իրականում, եւ խիստ կարեւոր օրենքների ընդունման հետ կապված իրական քննարկում եւ բանավեճ, որպես այդպիսին, պարզապես չեղավ։ Այդ առիթով պրն Թորոսյանը (որը, ի դեպ, խնդրեց իր խոսքը չկրճատել եւ չներկայացնել կոնտեքստից կտրված) նկատեց. «Այստեղ էլ մեկնաբանությունների կարիք կա։ Ցավոք, առիթներ եղել են ասել, որ մեր պարտավորությունների շրջանակում ընդունված օրենքների վերաբերյալ նախկինում եղել է պարզապես մեխանիկական մոտեցում, եւ կյանքն էլ ցույց տվեց, որ ժամկետները ճիշտ չէին ընտրվել։ Այդ պատճառով, երբ ձեռնամուխ եղանք պարտավորությունների կատարմանը, հստակ եղավ, որ մի շարք նախագծերի հետ կապված իսկապես վերանայումների կարիք կա»։ Պրն Թորոսյանը կարեւորեց, որ տարբեր երկրների դեսպաններ «Հայաստանում պետք է գործեն հայտնի սահմաններում, հակառակը նշանակում է երկրի նկատմամբ անհարգալից վերաբերմունք»։ Սակայն, եթե մենք համարում ենք, որ բռնել ենք ժողովրդավարության ճանապարհը եւ գտնվում ենք եվրոպական մեկ միասնական ընտանիքում, ուրեմն պարտավոր ենք չխախտել խաղի կանոնները։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ պրն Թորոսյանն ասաց. «Դեսպանների մասով՝ ոչ, փորձագետների մասով՝ այո։ Կան մեխանիզմներ, չի կարելի տնավարի աշխատել։ Մեր ամենամեծ դժբախտությունն այս տարիների ընթացքում հենց տնավարի աշխատելն է։ Ամեն մեկը պիտի զբաղվի իր գործով եւ այլ երկրների մեր գործընկերներին եւս պիտի ասենք, որ յուրաքանչյուրը պիտի զբաղվի իր գործով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Ըստ ամենայնի, այսօր խնդրո առարկայի վերաբերյալ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Ռոյ Ռիվի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել