Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷյՍիՓի» ընկերությունը վտանգավոր է դառնում

Հունիս 25,2003 00:00

«ԷյՍիՓի» ընկերությունը վտանգավոր է դառնում Ալավերդիում վերջին տարիներին նվազել է ծնունդների, ավելացել՝ բնածին արատների, ոչ նորմալ հղիության ու չբերության թիվը։ «Ալավերդու ծննդատուն» ՓԲԸ172ի բժիշկ Ռոզա Մաճկալյանի համոզմամբ, դրանք առավել զգալի են Ալավերդու եւ հարակից համայնքների բնակիչների շրջանում։ Պատճառները վերագրվում են որքան անորակ սննդին ու առանց մաքրման կայանների մատակարարվող ջրին, նույնքան էլ՝ Ալավերդու պղնձի գործարանին, որն ավելի քան 5 տարի գործում է առանց անհրաժեշտ զտիչների։ Ալավերդու ծննդատանը 1998 թ.-ին գրանցվել է վիժման 55 դեպք։ Այդ թվականից, երբ գործունեություն է սկսել «Մանես եւ Վալեքս» (այժմ՝ ACP) ընկերությունը, վիժումների թիվն զգալիորեն ավելացել է։ 2001թ. այն կազմել է 107, 2002թ.՝ 60։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածաշրջանի էկոլոգիական խնդիրների շուրջ հասարակական լսումների շարք է իրականացնում Ալավերդի քաղաքում։ Հերթական քննարկմանը հրավիրված էին Ալավերդու քաղաքապետը, ավագանու անդամները, «ԷյՍիՓի» ընկերության ճարտարագետ-էկոլոգը, բժիշկներ, անկախ փորձագետներ։ Քննարկման մասնակիցները համաձայն չէին «ԷյՍիՓի» ընկերության ներկայացուցիչ Սուրեն Երիցյանի այն պնդմանը, թե գործարանի արտանետումների մակարդակը հեռու չէ թույլատրելի սահմանից։ Ըստ համայնքի ավագանու անդամ Էմիլ Այբեկյանի, կան լաբորատոր տվյալներ, որոնք վկայում են, որ երբեմն արտանետումները նույնիսկ մինչեւ 60 անգամ գերազանցում են թույլատրելի սահմանը։ Սուրեն Երիցյանը նշում է, սակայն, որ փորձագիտական տվյալները կարող են կախված լինել տվյալ պահին քամու ուղղությունից կամ օդի մթնոլորտային ճնշումից։ Ալավերդիում 1973-ից գործում էր շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոն։ Կենտրոնի դիտակետերում որոշվում էր մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը։ 2003թ. հունվարից դրանք դադարեցին գործել։ Չկար անհրաժեշտ ֆինանսավորում, ընդհատված էր բնականոն գործունեությունը, ինչի պահանջարկն ըստ էության չկար։ Դիտակետերի տվյալներն ի գիտություն էին ընդունվում միայն մթնոլորտի ամենահիմնական աղտոտողի կողմից, որովհետեւ նրան էին ձեռնտու դրանք։ 2 դիտակետերն էլ սխալ տեղադրություն ունեն. գտնվում են քաղաքի քիչ թե շատ պաշտպանված թաղամասերում։ Մեկն Ալավերդու ամենացածրադիր գոտում է, որտեղ մթնոլորտ արտանետվող ծծմբի քանակը զգալի է միայն գերխոնավ օրերին, իսկ մյուսը՝ Սանահին սարահարթ թաղամասում է, որը բարձրադիր է եւ քամու հիմնական ուղղությունից հեռու։ Սակայն Ալավերդիում կան թաղամասեր ու նաեւ հարակից բնակավայրեր, որտեղ արտանետումների առկայությունն զգացվում է մշտապես։ «Անկյուն գումարած 3» ՀԸ-ին տված հարցազրույցում ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը հայտարարեց, որ «ԷյՍիՓի» պղինձ արտադրող ընկերության կողմից պետբյուջե մուտքագրվող բնապահպանական վճարները չեն տրվում Ալավերդի համայնքին, ինչպես պահանջում է օրենքը, քանի որ Ալավերդու ՏԻ մարմինները ՀՀ կառավարություն չեն ներկայացրել համապատասխան բնապահպանական ծրագիր։ Վ. Այվազյանի հայտարարությանն արձագանքեց Ալավերդու քաղաքապետարանը։ Վերջինս համաձայն չէ այս պնդմանը, որի ճշմարտության մեջ նախարարը համոզված էր եւ սխալ լինելու դեպքում պատրաստ էր ներողություն խնդրել։ Ալավերդու քաղաքապետարանի ծրագրերի եւ կանխատեսումների բաժինն ունի դեռեւս 2001թ. վերջին մշակված ծրագիր: Այն նաեւ քննարկվել է Ալավերդու քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ։ Ալավերդու քաղաքապետարանում է 1 տարի առաջ բնապահապնության նախարարից ստացված գրությունն՝ ի պատասխան Ալավերդու քաղաքապետարանի ներկայացրած բնապահպանական ծրագրի։ Վ. Այվազյանը գրության մեջ նշում է, որ հատկացումները համայնքին չեն արվի, քանի որ պետբյուջեում նախատեսված չէ դա։ Իսկ ՀՀ առողջապահության նախարարից ստացված գրության մեջ նշված է, որ ներկայացված ծրագրի առումով առարկություններ չկան։ ԱԺ օրենքն ուրախացրել էր ալավերդցիներին։ Պատգամավորության թեկնածուներն ու նրանց աջակցող անձինք էլ նախընտրական շրջանում չէին անտեսում օրենքի ընդունման գործընթացն իրենց վերագրելու եւ անմնացորդ ջանքերի մասին խոսելու պատեհ ու անպատեհ առիթները։ «ԷյՍիՓի» ընկերությունը տարեկան 60 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է վճարում՝ որպես բնապահպանական վճար։ Հաշվարկները ցույց են տալիս, որ գումարի մուտքը Ալավերդու տեղական բյուջե՝ շեշտակի կբարելավի քաղաքի վիճակը, եւ կբարելավվի բնակչության կենսամակարդակը։ Հնարավոր կդառնա աննախադեպ բնապահպանական ծրագրեր իրականացնել։ Փաստը այն է, որ չի կատարվում ՀՀ օրենքի պահանջը։ Ալավերդցին փոխհատուցում չի ստանում իր կորցրած առողջության համար։ ԿԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել