Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԶԲԱՂՄՈՒՆՔ ՕԵԿ-Ի ՀԱՄԱՐ

Հունիս 25,2003 00:00

ԶԲԱՂՄՈՒՆՔ ՕԵԿ-Ի ՀԱՄԱՐ Սյունիքի մարզում «քարոզարշավելու» ժամանակ ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը խնայբանկի ավանդների հետ կապված մի մեծահասակ ագարակցու այսպես մխիթարեց. «Այդ հարցին անպայման անդրադառնալու ենք, եթե դուք էլ չէ, ձեր երեխաները կամ թոռներն անպայման կստանան»։ Օրերս դժվարությամբ խմբագրություն հասած երեւանցի 80-ամյա Մակար Ղամբարյանին նույն խնդիրն էր մտահոգում։ Սակայն Հայրենական պատերազմի մասնակից եւ 2-րդ կարգի հաշմանդամ այս մարդը ոչ երեխաներ ունի, հետեւաբար՝ ոչ էլ թոռներ, եւ ուզում էր, որ «սովետի տարիներին խնայբանկում ներդրած տասը հազար ռուբլին ծեր կնոջ հետ» կենդանության օրոք վայելեն։ Մ.Ղամբարյանը երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հղված դիմումում նշել է, որ այդ գումարները փոխանցեն տարբեր տեսակի սպասարկման վարձերի համար՝ ջուր, լույս, աղբ եւ այլն։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից Մ.Ղամբարյանին պատասխանել են, որ որեւէ կերպ չեն կարող օժանդակել դիմումում բարձրացված հարցին։ Սակայն վերոնշյալ նախարարությունը 80-ամյա բնակչին մի տարբերակ է առաջարկել, այն է. «Հարկ ենք համարում նշել, որ իրավական առումով ձեզ իրավունք է վերապահված ցանկացած ժամանակ Հայխնայբանկից ստանալ ձեր կողմից ներդրված ավանդները՝ առայսօր կատարված ինդեքսավորմամբ»։ Համաձայն ինդեքսավորման, Մ. Ղամբարյանի տասը հազար ռուբլին կազմում է 50 դրամ։ Խնայողական ավանդները վերադարձնելու հարցը իր համար գլխավոր խաղաքարտ էր դարձրել «Օրինաց երկիրը», որը, սակայն, առանձնապես ջանքեր չգործադրեց կառավարության նոր ծրագրում հարցն ընդգրկելու։ Մ. Ղամբարյանին մտահոգող հարցը հասցեագրում ենք «ՕԵ»-ին, որն արդեն իշխանություն ունի ԱԺ-ում եւ գործադիր մարմնում, ուստի եւ հնարավորություն՝ իր խոստումները կատարելու։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել