Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ Է ԻՐ ԹԻՄԻՑ

Հունիս 26,2003 00:00

ՆԱԽԱՐԱՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ Է ԻՐ ԹԻՄԻՑ Կսովորի ու կսկսի ազատե՞լ Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված Հանրային առողջապահության ոլորտում բարձրագույն ուսումնական ծրագրերի զարգացմանը նվիրված միջազգային գիտաժողովին երկրորդ անգամ հայ հասարակությանը ներկայացավ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Նորայր Դավիդյանը։ Գիտաժողովից իր մեկնելուց առաջ պրն Դավիդյանը պատասխանեց «Առավոտի», «Նոյյան Տապանի» եւ «Հայլուրի» հարցերին։ «Առավոտը», մասնավորապես, հետաքրքրվեց, մասնակցե՞լ է պրն նախարարը ՀՅԴ նախընտրական ծրագրի կազմմանը եւ արդյոք նա գտնո՞ւմ է, որ «պահանջվում է առողջապահության համակարգի կառավարման վերանայում», ինչպես նշվում է ծրագրի «Առողջապահություն» բաժնում։ Պրն Դավիդյանն իհարկե մասնակցել է ծրագրի կազմմանը, սակայն. «Գիտեք, այդպես մի նայեք այդ վերանայմանը, ինչպես գրանցված է։ Մենք շարունակելու ենք այն ծրագիրը, որը ներկայացրել էր նախագահը իր ընտրական արշավի ժամանակ եւ, իմ կարծիքով, այդ ծրագրի մեջ հստակ կա առողջապահության զարգացման մասին»։ Այսինքն, այն ռեֆորմները, որ իրականացվում են 1998-ից, պետք է շարունակվեն, այդ թվում՝ օպտիմիզացիան։ Նորանշանակ նախարարը օպտիմիզացիան տեսնում է՝ «առաջինը՝ մակարդակի (երեւի բուժծառայությունների- Ա. Գ.) բարձրացումը»։ Պրն Դավիդյանի համար «կարեւոր է, որ շատ բարձր աշխատավարձ ստանան բուժաշխատողները»։ Այնպես որ, «գլոբալ փոփոխություններ առողջապահության համակարգում չեն լինելու»։ Թեեւ իր 100 օրն անցնելուց հետո նախարարը խոստացավ հանդիպել լրագրողներին եւ ավելի հստակ ասել հետագա անելիքների եւ ծրագրերի, այդ թվում եւ՝ որոշակի փոփոխությունների մասին։ Այդ փոփոխությունները կադրային չեն լինելու։ Պատասխանելով այս մասին «Նոյյան Տապանի» հարցին, Ն. Դավիդյանն ասաց. «Ես ոչ մի կադրային փոփոխություն հիմա չեմ նախատեսում։ Մենք ունենք շատ լավ թիմ։ Այդ թիմն աշխատում է շատ երկար։ Ես անկեղծ եմ ձեզ ասում, ես շատ բան եմ սովորում իրենցից։ Ես շատ ուրախ եմ, որ առողջ թիմ է եւ, իմ կարծիքով, մենք բոլորի հետ կաշխատենք շատ երկար»։ Նախարարի արած վերապահումը՝ «հիմա՛ չեմ նախատեսում», կարող է նշանակել, որ ինչպես ընդունված է մարդկության պրակտիկայում, «ուսումն» ավարտելուց հետո աշակերտը երախտամոռ կգտնվի իր ուսուցիչների նկատմամբ։ Նախարարը երեկ բանավոր հաստատեց ՀՅԴ նախընտրական հավակնություններից մեկը՝ «Առողջապահության համակարգի բարեփոխումների հաջողության գրավականներից մեկը բուժաշխատողների աշխատավարձերի զգալի ավելացումն է»։ Ավելին. «Իմ նպատակն է՝ այն բոլոր մարդիկ, որ կարիք ունեն բուժման, ստանան բուժում»։ Առաջին հերթին Ն. Դավիդյանը նկատի ունի անապահով խավին, այսինքն, ինչպես ՀՅԴ-ն խոստանում էր ընտրություններից առաջ. «Սոցիալապես անապահով խմբերի, կենսաթոշակառուների եւ երեխաների համար (բժշկական ապահովագրություն կատարելիս- Ա. Գ.)՝ որպես ապահովադիր, պետք է հանդես գա պետությունը»։ Ի՞նչ ռեսուրսներից է պատրաստվում նախարարը ֆինանսավորել այս խոստումները։ «Օպտիմիզացիայի ծրագրից մենք պետք է հայթայթենք այդ գումարները։ Վճարովի ծառայություններից, որ հիմա կան։ Ա՛յ, դրանցից մենք կհայթայթենք եւ կտեսնենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ելքը տեսնում է նորանշանակ նախարարը։ Այսինքն, այսօր գործող վճարների ավելի արդյունավետ տնօրինման մասի՞ն է խոսքը։ Գումարների տնօրինումը ցանկացած ոլորտում, առողջապահությունում՝ առավել եւս, համակարգի «գլոբալ» հարցերից է, որ այս դեպքում փաստորեն փոփոխության կարիք է զգում։ Ուրեմն ինչո՞ւ է նորանշանակ նախարարը հետ կանգնում իր կուսակցության նախանշած ուղուց՝ «Առողջապահության ոլորտում պետության կողմից տրվող երաշխիքներն ու նրա ունեցած ֆինանսական հնարավորությունները ներդաշնակեցնելու համար պահանջվում է առողջապահության համակարգի կառավարման վերանայում»։ Նախարարին կարծես թե առայժմ պակաս «գլոբալ» հարցեր են հետաքրքրում. «Ես վիրաբույժ եմ։ Թեեւ բժշկության մայրը, իհարկե, թերապիան է, բայց ես չեմ պատկերացնում, երբ վիրաբույժը մտնում է վիրահատարան եւ իր այսօրվա հացի մասին է մտածում։ Պիտի լիարժեք աշխատավարձ ստանա բժիշկը, որ լիարժեք էլ բուժի հիվանդին»։ Այստեղ էլ դժվար չէ ընդհանրացումների գալ ու եզրակացնել, որ այս նախարարի օրոք հնարավոր է՝ առողջության պահպանման առաջնային օղակից պետության ուշադրությունը շեղվի դեպի երկրորդային՝ հիվանդանոցային օղակ, կամ ավելի նեղ՝ վիրաբուժություն։ Իսկ նախագահի խոստացած՝ ռեֆորմների շարունակությո՞ւնը, որը ենթադրում է է՛լ ավելի մեծ շեշտադրում ամբուլատոր-պոլիկլինիկական բուժսպասարկմանը։ Համենայնդեպս, 1998-ից մեզ մոտ դա էր ոլորտի գերակայությունը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել