Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում նշվեց երաժշտության օրը

Հունիս 26,2003 00:00

Երեւանում նշվեց երաժշտության օրը Բացօթյա համերգներ Կոմիտասի արձանի շրջակայքում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ Հայաստանում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանությունների աջակցությամբ հունիսի 23-25-ը կոնսերվատորիայի դիմացի պուրակում, Կոմիտասի արձանի շրջակայքում անցկացվեց Երաժշտության օրվան նվիրված փառատոն։ Կոնսերվատորիայի Երաժշտական մենեջեր Աննա Տեր-Հովակիմյանը դեռեւս մեկ տարի առաջ «Առավոտին» տված հարցազրույցում ներկայացրել էր փառատոնը, որ առաջին անգամ անց է կացվել Ֆրանսիայում՝ 1982թ.։ «Աշխարհում մշակույթը դահլիճներից դուրս է բերվում մեծ հրապարակներ։ Նմանատիպ անտոմս համերգների միջոցով ցանկանում ենք մեր ունկնդրի ականջը փրկել ամեն տեսակ ցածրորակ ու անճաշակ, ինքն իրեն պարտադրող երաժշտությունից»,- ասել էր նա։ Այս տարի Երեւանում անցկացված փառատոնին մասնակցել են կոնսերվատորիայի ջազ-էստրադային ամբիոնի ուսանողները, ռադիոյի ջազ-բենդը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ եւ ամերիկահայ ճանաչված ջազմեն Արմեն Դոնելյանը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի հարցերով կցորդ Ալեքսանդր Կազադոյից տեղեկացանք, որ այս օրերին նման փառատոն է անցկացվում նաեւ Ֆրանսիայում եւ այնտեղ էլ է տեւում 3 օր։ Մշակույթի կցորդի խոսքերով, ֆրանսիական փառատոնը մի քիչ տարբերվում է Երեւանում նշվող երաժշտության օրվան նվիրված փառատոնից. «Մեզ մոտ մասնակցում է ողջ Ֆրանսիան։ Առաջին օրը փողոց են դուրս գալիս ոչ պրոֆեսիոնալները՝ երաժշտական տարբեր գործիքներով։ Այս տարի Ֆրանսիայի քաղաքապետարանների աջակցությամբ, փառատոնի երկրորդ օրը բացօթյա համերգներին մասնակցել է շուրջ 2000 դպրոցական, կատարելով Բեռլիոզի ստեղծագործություններից, իսկ եզրափակիչ օրը պրոֆեսիոնալ երաժիշտների հերթն էր»։ Երեւանում փառատոնի վերջին օրը կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ իր արվեստը ներկայացրեց Արմեն Դոնելյանը։ Ըստ ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Միքայելյանի. «Մենք ողջունում ենք այս փառատոնը եւ մեծ սիրով աջակցում։ Ա. Դոնելյանը, օրինակ, Երեւանում է «Ֆուլբրայթ» դասախոսների փոխանակման ծրագրով եւ երաժշտի բարձրագույն դասընթացների անցկացումը համընկել է փառատոնի օրերին»։ Երաժշտության օրվան նվիրված փառատոնի ծրագրում հիմնականում գերիշխում էր երգի ժանրը, ինչը կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը «արդարացրեց» այսպես. «Չեմ ուզում մանրամասնել, թե ինչ է երգը մեր կյանքում։ Կարծում եմ, տեղին է, որ մասսայական միջոցառումներում գերիշխի այն, քանի որ աշխարհում էլ երգի ժանրը գերիշխում է։ Այս փառատոնում ուզում եմ առանձնացնել հատկապես դասախոսներ Մարինա Մացակյանի եւ Արմանուշ Հակոբյանի կատարած աշխատանքը»։ Երեկ՝ փառատոնի վերջին օրը, կոնսերվատորիայի պրոռեկտոր Հրանտ Աղաջանյանը, որ հուզված էր թե կատարումներից, թե հանդիսատեսի ներկայությունից, ասաց. «Հաճախ երաժշտին պարտավորեցնում է այն, թե որ բեմում է ելույթ ունենում։ Կոմիտասի արձանի կողքին այլ կատարումներ հնարավոր չէր, որ լինեին։ Իսկ դարերի միջով անցած ժողովրդական երգերի կատարումները, բնականաբար, պետք է լինեին անկեղծ ու սրտաբուխ»։ Վաղուց համերգային դահլիճներ չտեսած երեւանցիները «ագահորեն» կլանում էին յուրաքանչյուր հնչյուն։ Մնում է միայն հուսալ, որ, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ մեզ մոտ արդեն ավանդական դարձած փառատոնը ընդլայնի իր շրջանակները, ներառելով ոչ միայն մայրաքաղաքը, այլեւ մարզերը։ Կարծում ենք, լավ կլիներ, որ մյուս երկրների նման, Հայաստանում էլ այս գործին «խառնվեին» մշակույթի նախարարությունը, քաղաքապետարաններն ու մարզպետարանները։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել