Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ՀԵՐՔՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՅԻՑ»

Հունիս 27,2003 00:00

«Ա1+»-Ը ՀԵՐՔՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՅԻՑ» Երեկ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը հայցադիմում է ներկայացրել Տնտեսական դատարան՝ «Արմենիա» հեռուստաընկերության կողմից տարածված՝ իրականությանը չհամապատասխանող եւ «Ա1+»-ի գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով: Խոսքը «Արմենիայի» նախագահ Բագրատ Սարգսյանի՝ հունիսի 9-ին «Ժամը» ծրագրի թողարկումներում հեռարձակված հայտարարության մասին է: Նա ասել էր, թե միջազգային ներդրողները, ի տարբերություն «քաղաքական գաղտնի» ֆինանսավորվող հեռուստաընկերությունների՝ ընտրել են «Արմենիան». «Երբ Հայաստան եկան «Քաֆեսճյան» հիմնադրամի ներկայացուցիչները՝ եթերում էր այդ ժամանակ «Ա1+»-ն իր լավագույն ժամանակահատվածում, առաջինը նրանք այցելեցին այս հեռուստաընկերությանը… Տեսնելով «Ա1+»-ի փոքրիկ հեռուստատեսային տարածքները եւ համարյա տնային մակարդակի հեռուստատեխնիկան՝ պարզապես զարմացան, որ նման որակով կարելի է հեռարձակել: Զարմանքը կրկնապատկվեց, երբ պարզ դարձավ, թե անցած տարիների ընթացքում այս հեռուստաընկերությունը որքան դրամական օգնություններ է ստացել ու այդպես էլ չի զարգացել»: Հայցադիմումում Մեսրոպ Մովսեսյանը հայտնում է, որ «Քաֆեսճյան» հիմնադրամի ներկայացուցիչները երբեւէ չեն այցելել «Ա1+», հեռուստաընկերությունը երբեք ի ստացել «ֆինանսական օգնություններ» եւ «չի օգտվել քաղաքական գաղտնի ֆինանսավորումից, ինչպես հայտնել էր Բագրատ Սարգսյանը»: Ուստի «Ա1+»-ը դատարանին խնդրում է պարտավորեցնել «Արմենիային»՝ հերքել այդ տեղեկությունները՝ «Ժամը» ծրագրի մեկ օրվա եթերների ժամանակ: Ըստ հերքման տեքստի՝ «Արմենիան» պիտի հայցի «Ա1+»-ի եւ հեռուստադիտողների ներողամտությունը՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու համար: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել