Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերոջ հիշատակին

Հունիս 28,2003 00:00

Ընկերոջ հիշատակին Հունիսի 25-ին Նուբարաշենում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում պատահականորեն զոհվեց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, բժշկական ծառայության մայոր Գարեգին Խաչիկի Հարությունյանը: Գարեգին Խաչիկի Հարությունյանը ծնվել է 1967 թվականի մայիսի 15-ին: 1985-93թթ. սովորել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1985-87թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1993-95թթ. սովորել է կլինիկական օրդինատուրայում, թերապիա մասնագիտությամբ: 1996-ից ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետի տեղակալն էր: 1988-ին, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, բժշկական ինստիտուտում ստեղծվեց Ուսանողական շարժման նախաձեռնող խումբ, որի անդամներից էր Գարիկը: 1988թ. Սպիտակի երկրաշարժի առաջին իսկ օրից աղետի գոտում էր, իսկ 1989թ. ամռանը եղել է ուսանողական շինարարական ջոկատի ակտիվ կազմակերպիչներից եւ երկրաշարժից տուժած Արթիկ քաղաքի ջոկատի կոմիսարը: 1990թ. որպես բուժակ մասնակցել է Երասխավանի մարտական գործողություններին, իսկ ամռանը Արցախի Մարտունու Կաղարծի գյուղի բնակչությանն օգնության մեկնած ուսանողական խմբի կազմում էր: Գարեգին Հարությունյանը բավական մեծ ներդրում է ունեցել նորանկախ Հայաստանում ուսանողական-երիտասարդական հասարակական առաջին կառույցների ձեւավորման եւ ավանդույթների արմատավորման գործում: ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալի պաշտոնում ծառայելիս լավագույնս դրսեւորվեցին Գարիկի բնածին տաղանդն ու կազմակերպչական ունակությունները: Բնատուր մեծ էներգիայի տեր լինելով՝ նա դրսեւորվեց որպես հմուտ կազմակերպիչ, իսկական ընկեր, բարձր ինտելեկտի տեր, անաչառ, պատրաստակամ ու արդարամիտ անձնավորություն, որը միշտ օգնության ձեռք էր մեկնում ոչ միայն իր ընկերներին, այլեւ դրա կարիքը զգացող ցանկացած մարդու: Լինելով երիտասարդ եւ կայացած անձնավորություն, Գարեգին Հարությունյանը խորհրդանշում է ոչ միայն մեր երկրի ապագան, այլ նաեւ ներկան, նա արդեն իսկ կառուցում էր մեր երկիրը, մեր բանակը, իր համեստ դիրքում, իր անսպառ հնարավորություններով: Նրա կյանքը հայրենիքին ծառայելու, ընտանիքին նվիրվելու, անձնվեր ընկեր լինելու, մերձավորներին օգտակար լինելու, իսկական արիական բարոյականություն դրսեւորելու հրաշալի օրինակ կարող է ծառայել: Հունիսի 25-ին տեղի ունեցած ողբերգությունը, երբ մարդատյաց հանցագործության պատահական զոհ է դառնում Գարիկի նման վառ անհատականությունը, լրջագույնս ահազանգ է, որ տիրող «համոզված» անպատժելիության մթնոլորտը արդեն կործանարար եւ չվերականգնվող հետեւանքներ է թողնում հանդեպ մեր երկրի, պետության եւ մեր ապագայի… Գարիկի ընկերներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել