Լրահոս
Օրվա լրահոսը

Մի սեղանի շուրջ

Հուլիս 02,2003 00:00

Մի սեղանի շուրջ Երեկ ՄԱԱ-ն կլոր սեղան էր հրավիրել՝ նվիրված Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակին եւ հետագա զարգացումներին: Քննարկմանը հրավիրվել էին քաղաքական բոլոր առաջատար ուժերի ներկայացուցիչները: Սակայն իշխանական կոալիցիային մաս կազմող կուսակցություններից ներկա էր միայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա ներկաներին շշմեցրեց իր հայտարարությամբ, թե Հարավային Կովկասում Հայաստանը ժողովրդավարության «օազիս» է, որը շահեկանորեն տարբերվում է ե՛ւ Ադրբեջանից, ե՛ւ Վրաստանից, իսկ Եվրախորհուրդը միայն ցանկանում է ավելի արագացնել երկրում ժողովրդավարության զարգացման գործընթացը: Ավելին՝ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե առաջիկա 4 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները զբաղված են լինելու նրանով, որ լուրջ հիմքեր են ստեղծելու Եվրամիությանն անդամագրվելու համար: ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը հիշեցրեց, որ իշխանությունները բազմիցս հավաստել են, թե ներկայիս կառավարող վարչակարգի կարեւորագույն նվաճումներից մեկը Եվրախորհրդին անդամակցումն է: «Իսկ այժմ իշխանությունների դրսեւորած եսասիրության հետեւանքով Հայաստանը կարող է հեռացվել ԵԽ-ից»,- ասաց նա: Ըստ Ստեփան Զաքարյանի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը Հայաստանում ժողովրդավարության հաստատումն է. «Եթե մենք կամավոր չբռնենք այդ ուղին, մեզ կստիպեն այդ անել, ինչպես ստիպեցին Իրաքին»: ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ նախագահական եւ ԱԺ ընտրություններից հետո ավելի է խորացել անջրպետը ժողովրդի եւ իշխանությունների միջեւ: Ըստ նրա, նույնիսկ իշխանության եկած կուսակցությունները չպետք է ուրախանան տարած հաղթանակի համար, քանի որ «հաղթել են սեփական ժողովրդին»: Խոսրով Հարությունյանն ընդգծեց նաեւ, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԱԺ են եկել ոչ թե օլիգարխներ, այլ «երկրի խաթարված տնտեսության կրողները», մարդիկ, որոնք խաբեությամբ են վաստակել իրենց միջոցները եւ խնդիրներ ունեն օրենքի հետ: Ըստ նրա, նման անձանց շնորհիվ էլ անցած ընտրություններում ամենակարեւոր գործոնը դարձավ ընտրակաշառքը: Խոսրով Հարությունյանի կարծիքով, հացի եւ մյուս մթերքների գների վերջին բարձրացումները չունեն որեւէ օբյեկտիվ պատճառ, պարզապես նորընտիր պատգամավորներն են ցանկանում առավել սեղմ ժամկետներում վերադարձնել քարոզարշավի ժամանակ ծախսված միջոցները: Սակայն ամենասուր ելույթներից մեկը Քոչարյանին կից հանձնաժողովների նախկին նախագահ, ԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանինն էր: Նա հայտարարեց, թե իր իշխանության տարիներին «Ռոբերտ Քոչարյանն այնպես արեց, որ Հայաստանը դառնա քրեական հանցագործներով լցված երկիր», եւ պետք է հայ ժողովրդի առջեւ պատասխան տա իր գործերի համար: Համոզմունք հայտնեց, որ Քոչարյանը «քավության նոխազ է դառնալու» նաեւ իրեն սատարող կուսակցությունների համար: Հայրիկյանը կանխատեսեց, որ Քոչարյանին սատարող ուժերը մոտ ժամանակներս կդավաճանեն նրան՝ հրաժարվելով ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունից: ԻՄ նախագահը նաեւ հայտարարեց, թե ընտրությունների ընթացքում խախտումների համար լիակատար պատասխանատվություն կկրեն իշխանությունները, քանի որ իշխանության լծակներ չունեցող քաղաքական ուժերը հնարավորություն չունեին կիրառելու «սեւ ընտրական տեխնոլոգիաներ»: Պարույր Հայրիկյանը համոզմունք հայտնեց, թե իշխանությունը վաղ թե ուշ կփոխվի, բայց ավելի դժվար կլինի փոխել «փչացված» ժողովրդի մտածելակերպը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել