Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիստ հսկողություն»

Հուլիս 04,2003 00:00

«Խիստ հսկողություն» Կալանավորին 8 օչ պահել են «կապեզե»-ում եւ դաժան ծեծի ենթարկել Հուլիսի 1-ին դատախազության աշխատողի օրվա կապակցությանբ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրենց գործունեության ուղղություններից մեկը համարեց հսկողությունը պատիժների եւ հարկադրանքների այլ միջոցների կիրառման նկատմամբ։ Նա հավաստեց, թե իրենց հսկողության ոլորտում են ժամանակավոր պահման խցերը, հաուպվախտերը, քննչական մեկուսարանները, ուղղիչ-աշխատանքային գաղութներն ու բանտերը։ Նման մի «հսկողության» արդյունքում է երեւի, որ 21-ամյա Ալեքսեյ Նիխաեւը օրերով պահվում է ոչ թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այլ Էրեբունի համայնքի ժամանակավոր պահման խցում (ԺՊՀ՝ այսպես կոչված, «կապեզե»)։ Ա. Նիխաեւը ձերբակալվեց հունիսի 26-ին, ժամը 16-17-ի սահմաններում՝ գողություն կատարելու պահին։ Թեեւ Ալեքսեյի մայրը տեղեկացրեց, որ ձերբակալվել է ժամը 14-ի սահմաններում։ Ձերբակալվելուց 2-3 ժամ առաջ նրանց բնակարանում տարօրինակ խուզարկություն է եղել։ Երբ ծանոթացանք խուզարկության արձանագրությանը (իրեր ներկայացնելու մասին), պարզվեց, որ արձանագրություն կազմելու ժամը այնտեղ արձանագրված չէ։ Ժամանակավոր պահման խուց են տեղափոխում Ալեքսեյին հաջորդ օրը՝ հունիսի 27-ին, ժամը 21-22-ի ժամանակահատվածում։ Հունիսի 28-ին Նոր Նորք համայնքի ոստիկանությունից ԺՊԽ են ներկայանում օպերները, ցերեկով տանում են ոստիկանության բաժին, ուշ երեկոյան բերում։ Նույնը կրկնվում է նաեւ հուլիսի 1-ին։ Հուլիսի 1-ին ոստիկանության բաժին տանելու արդյունքում ձախ աչքի տակ, ճակատին, մեջքին եւ ոտքերին առաջանում են կապտուկներ։ Երեկ մենք հանդիպեցինք Ա. Նիխաեւի պաշտպան, ՓՄՄ անդամ Արմեն Մանուկյանին, որը հունիսի 26-ին ձերբակալված իր պաշտպանյալին հանդիպելու թույլտվությունը կարողացել էր ստանալ միայն երեկ։ Տարօրինակ իրավիճակում էր հայտնվել պաշտպանը։ Նա պատրաստվել էր գնալ «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն վերջին պահին պարզվել էր, որ Ա. Նիխաեւը գտնվում է ԺՊԽ-ում, ինչը «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի կոպիտ խախտում է (3 օրից ավելի ԺՊԽ-ում չի թույլատրվում պահել)։ Փաստաբանն ասաց, որ պայմանագիր է կնքել Նիխաեւի ընտանիքի հետ հունիսի 30-ին։ Եվ պայմանագիր կնքելու պահից շարունակ դիմել է Նոր Նորքի ոստիկանության քննիչ Ռոմա Սարդարյանին՝ հանդիպելու Ալեքսեյի հետ։ Ողջ ընթացքում նրան թույլ չեն տվել հանդիպել։ Երեկվա հանդիպման ժամանակ նա տեսել է Ա. Նիխաեւին դաժան ծեծի ենթարկված։ «Չէր կարողանում ոտքերը դնել գետնին»,- ասաց նա։ Դատաբժշկական փորձաքննության ենթարկելու կալանավորին եւ մոր՝ Անահիտ Նիխաեւի դիմումները մերժվել են։ Պաշտպանը հեռագիր է ուղարկել հանրապետության գլխավոր դատախազին, քաղաքի դատախազին, Էրեբունի եւ Նոր Նորք համայնքների դատախազներին։ Երեկվա դրությամբ ոչ մի պատասխան չկար։ Ա. Նիխաեւը պաշտպանին հայտնել է, որ ոստիկանությունում իրեն ձեռնաշղթաներ հագցրած շարունակ ծեծի են ենթարկել։ Տիրապետելով արեւելյան մարզաձեւերի (հեռացվել է ֆիզկուլտ ինստիտուտից մեկ տարի առաջ), նա չի կարողացել դիմադրել 6-10 հոգով իրեն ծեծողներին։ Ալեքսեյը նաեւ հայտնել է, որ ԺՊԽ է մտել մեկը, որն իր փոխարեն գրել է, թե վնասվածքները ստացել է մինչեւ բռնվելը։ Երբ չի ստորագրել դրա դիմաց, դարձյալ հետեւել է ծեծը։ Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն փաստի վրա, որ Քրօրենսգրքի 86 հոդվածի 2-րդ մասով (գողություն) մեղադրանք են առաջադրել Ա. Նիխաեւի նկատմամբ այն փուլում, երբ նա ընդհանրապես պաշտպան չի ունեցել։ Օրենքի կոպիտ խախտում էր նաեւ այն, որ մորը՝ Անահիտ Նիխաեւին (հոգեկան հիվանդ է, բուժվում է սթրես կենտրոնում) եւ հարազատներին չեն տեղեկացրել, թե ձերբակալելուց հետո որտեղ է պահվել իրենց որդին։ Ա. Նիխաեւը պաշտպանին հայտնել է, որ իրեն փորձել են մեղսագրել հավելյալ գողություններ եւս։ Պաշտպանի կարծիքով, ամսի 30-ից մինչեւ երեկ ժամանակահատվածում իրեն թույլ չէին տալիս հանդիպել Ա. Նիխաեւին, քանի դեռ չէր անհետացել ֆիզիկական բռնությունների հետքերը։ Մեր դիտարկմամբ, ոստիկանությունը պարզապես չի կարողանում այս վիճակով Նիխաեւին ԺՊԽ-ց տեղափոխել, որը պատկանում է Արդարադատության նախարարությանը: Այդ նախարարությունը ոստիկանության կուտը չի ուտի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել