Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն ՀՆԱՑԱԾՆԵՐՆ ՈՒ ՆՈՐԱՑՎԱԾՆԵՐԸ

Հուլիս 05,2003 00:00

ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն ՀՆԱՑԱԾՆԵՐՆ ՈՒ ՆՈՐԱՑՎԱԾՆԵՐԸ Այսօր ՀՆԿԿ-ն պլենում է անցկացնելու եւ քննարկելու կոմունիստական կուսակցությունների միավորման կոչը, որ արել են Խորհրդային Հայաստանի մի շարք գործիչներ: Մինչդեռ ՀԿԿ գործիչներն արդեն բազմիցս են հայտարարել, թե հնարավոր չէ միավորում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության պաշտպանությամբ հանդես եկած ՀՆԿԿ գործիչների հետ: Մեր հարցին՝ չի՞ կարծում, որ անձնավորված մոտեցումների պատճառով է ձախողվում միավորման գործընթացը, ՀԿԿ բյուրոյի անդամ եւ կենտկոմի քարտուղար Խորեն Սարգսյանն ասաց. «ՀԿԿ դռները բաց են լինելու ե՛ւ նախկին կոմունիստների, ե՛ւ մեզնից նեղացած-գնացած կոմունիստների առջեւ: Բայց նրանք պարտավոր են դիմում ներկայացնել իրենց մայր կուսակցությանը, եւ կենտկոմի բյուրոն առանձին-առանձին կքննարկի այդ դիմումները: Ինչպե՞ս կարող է մեր դռները փակ լինել, ասենք, Ստեփան Ստեփանյանի առջեւ, որն իբրեւ կուսակցական մե՜ծ արժանիքներ, եւ մեր գլխի վրա տեղ ունի: Բայց չենք կարող դնել նույն նժարի վրա նաեւ Յուրա Մանուկյանի հարցը: Թեեւ չեմ կարող խղճիս դեմ գնալ՝ Յուրա Մանուկյանը մինչեւ 2000-ի մայիսի 15-ի չարաբաստիկ օրը, երբ Քոչարյանի հետ հանդիպումից հետո որոշվեց հանրահավաք չանցկացնել՝ նվիրված ու պայքարող կոմունիստ էր: Յուրա Մանուկյանին մեր ղեկավարությունը՝ ընկեր Ոսկանյանն ու Դարբինյանն են տարել նախագահի մոտ եւ կարողացել այնտեղ համոզել, խոստանալ, որ չարվի այդ հանրահավաքը: Եվ երբ նրա հեռացման հարցը դրված էր՝ ես ասացի, որ այդ մարդուն իրե՛նք են հասցրել այդ օրին: Բայց Յուրա Մանուկյանը պարտավոր էր դիմել պլենումին եւ ասել ամեն ինչ: Սակայն նա արդեն տեղափոխվել էր իշխանության դաշտ ու առանձնացավ՝ իշխանության ֆինանսավորմամբ ստեղծեց նոր կուսակցություն: ՀԿԿ-ից հեռացումները գուցե ինչ-որ տեղ ոչ ճիշտ են եղել, բայց, կրկնում եմ՝ դա չի վերաբերում Յուրա Մանուկյանին ու Հրանտ Ոսկանյանին: Պլենումում կենտկոմի 1-ին քարտուղար ընտրելուց հետո շատ շուտով կանցկացնենք համագումար եւ մինչ այդ ովքեր ետ կգան իրենց մայր կուսակցություն՝ կդառնան պատվիրակներ: Իսկ այն մարդիկ, ովքեր հավակնություններ ունեն ղեկավար դառնալու, եթե այդ նպատակով են վերադառնալու՝ արժե, որ ձեռնպահ մնան. այդպես չի՛ լինում»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել