Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեք մի հանձնվիր

Հուլիս 05,2003 00:00

Երբեք մի հանձնվիր Մինչեւ 90-ականների կեսերը հանրակացարանաբնակ ուսանողների 90 տոկոսն ապրում էր Նոր Նորքի եւ Զեյթունի ուսանողական ավաններում։ Նոր Նորքի ուսավանն այսօր արդեն ուսանողական չէ, իսկ Զեյթուն ուսավանի մասնատումը սկսվեց 2000 թվականից, երբ 7-րդ մասնաշենքը սեփականացրեց Երեւանի բժշկական համալսարանը։ 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերը, որպես գույքային ներդրում, 2001թ. տրամադրվեցին Եվրոպական տարածաշրջանային ակադեմիային (ԵՏԱ)։ 8-րդ մասնաշենքը ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարման վերջին օրերին հանձնվեց Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի տնօրինությանը, իսկ 5-րդ մասնաշենքը՝ կրկին Երեւանի բժշկական համալսարանին, «անժամկետ եւ անհատույց»։ Ըստ ուսանողների տեղեկությունների, 4-րդ մասնաշենքը տրվելու է ԵՏԱ-ին։ Փաստորեն, ամբողջ հանրակացարանային բազայից (թվով 20 մասնաշենք), որը սպասարկում էր 12 պետական բուհերի, մնում է միայն Զեյթուն ուսավանի 6-րդ մասնաշենքը։ Հետաքրքիր է, որ այդ հանգամանքը չի անհանգստացնում հիշյալ բուհերի ռեկտորներին եւ ուսխորհուրդների նախագահներին, որոնց մասնակցությամբ (ուսավանի բնակիչների վերջերս կազմակերպած բողոքի ակցիայից հետո) կազմված հանձնաժողովը ԿԳՆ-ի՝ ուսավանը ցրելու քաղաքականությունը ճիշտ է համարել։ Ասենք, որ ավանի ուսխորհրդից հանձնաժողովում չեն ընդգրկել, թեպետ խոստացել էին։ Այսպիսով՝ հարց. մի՞թե ՀՀ-ում մարզերից եկած ուսանողների թիվը վերջին տարիներին 20 անգամ նվազել է կամ էլ նրանց կենսամակարդակն է բարձրացել այնքան, որ հանրակացարանում չեն ուզում ապրել՝ թող պատասխանեն իրավասուները։ Բայց, որ 20 անգամ նվազել են ավանում բնակվելու կենսապայմանները եւ ուսանողի հետ ավանի ղեկավարության շփման կուլտուրան՝ դա այդպես է։ Այս է պատճառը, որ շատերը հենց սկզբից հրաժարվում են հանրակացարանում բնակվելուց։ Այդտեղ ապրում է ուսանողների ամենաանապահով խավը։ Վերջնական ձեւակերպմամբ ասենք, որ Զեյթուն ուսավանի նկատմամբ կիրառվել եւ կիրառվում է «սնանկացրու եւ սեփականացրու» բանաձեւը։ Նաեւ կոչ ենք անում բուհերի ռեկտորներին, ուսխորհուրդների նախագահներին, երիտասարդական կազմակերպություններին՝ հարցին վերաբերվել առանց քաղաքական շահարկումների եւ պաշտպանել շրջաններից եկած ուսանողների շահերը։ Այն է՝ պահպանել Զեյթուն ուսավանի գոնե 3 փրկված մասնաշենքերը։ Հիշեցնենք ՕԵԿ անդամ ԿԳ նախարարին, որ իր կուսակցության նախընտրական ծրագրում կան տողեր մարզերի զարգացման եւ երիտասարդության հիմնախնդիրների մասին։ ՍՏԵՓԱՆ ՇԱՀԲԱԶՅԱՆ «Համախմբված երիտասարդություն» ՀՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել