Լրահոս
Օրվա լրահոսը

Դեբեդի ավազանը մաքրություն է հայցում

Հուլիս 08,2003 00:00

Դեբեդի ավազանը մաքրություն է հայցում Գետ են թափվում ավազանի բնակավայրերի կենցաղային աղբը, կոյուղաջրերը եւ արտադրական թափոնները: Վանաձորի աղբահանությունն իրականացնում են «Սանմաքրում», «Կոմունալ ԱրՔ», «Սանաշխատանք» ընկերությունները: Ընկերությունների ղեկավարների հավաստմամբ՝ իրենք կենցաղային աղբը տեղափոխում են Արջուտ գյուղին հարակից աղբավայր: «Կոմունալ ԱրՔ» ընկերությունը կենցաղային աղբի մյուս մասը կուտակում է Վանաձոր-Ալավերդի մայրուղու հարավային մասում: 800 քմ մակերես ունեցող տարածքն անմիջականորեն գտնվում է Փամբակ գետի ափին: Ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Նազարյանը հավաստիացրեց, որ իրենք երբեք աղբը գետը չեն լցրել: «Հավանական է, որ քաղաքացիներն իրենք են իրենց մեքենաներով շինարարական ու կենցաղային աղբը գետը լցնում,- ավելացրեց գործադիր տնօրենը: -Ինչ մնում է գետին հարակից մեր վարձակալած տարածքում կուտակված աղբին, պարզապես գարնանային հեղեղների ժամանակ, քամու դեպքում հնարավոր է կենցաղային աղբի հոսք դեպի գետ: Սակայն դա հազվադեպ է տեղի ունենում»: Ալավերդի քաղաքում կոյուղու մաքրման կայանն արդեն 15 տարի է չի գործում, ուստի կեղտաջրերը գետ են արտանետվում առանց մեխանիկական, կենսաբանական ու քիմիական մաքրման: 7 բազմաբնակարան եւ մի շարք սեփական տներ ունեցող «Սանահին» կայարանում բնակելիները զուրկ են ոչ միայն աղբարկղերից, այլեւ չունեն կոյուղու գործող համակարգ: Կենցաղային աղբն ու կեղտաջրերն ուղղակիորեն հայտնվում են գետում: Բնակիչների դիմում-բողոքների պատասխանը մեկն է` համայնքի բյուջեում միջոցներ չկան նույնիսկ աղբարկղեր տեղադրելու համար: Ալավերդու Սարահարթ թաղամասի կոյուղաջրերը եւս, առանց մաքրման կայան մտնելու, խողովակներով վերից վար թափվում են գետ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը, Development Alternatives, Inc. (DAI) կազմակերպության հայտարարած «Համագործակցություն՝ Դեբեդ գետավազանի պահպանության նպատակով» դրամաշնորհի շրջանակներում իրականացնում է երկամսյա ծրագիր: Կազմակերպությունն ուսումնասիրություն է կատարել գետավազանն աղտոտող աղբյուրների հայտնաբերման ուղղությամբ: Վանաձոր եւ Քարկոփ համայնքների միջեւ ընկած տարածքում հաշվառվել է գետն աղտոտող 162 աղբյուր: Արտադրական աղբի աղբյուրների թվին են պատկանում Վանաձորի «Պրոմեթեյ-քիմպրոմ» ՓԲԸ-ն, Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ն, ինչպես նաեւ Ախթալայի «Մեթըլ Փրինս» ՓԲԸ-ն, որոնց արտանետումները եւս թափվում են գետը: Վանաձորի «Պրոմեթեյ-քիմպրոմ» ՓԲԸ-ն ներկայումս չի գործում, ուստի առայժմ վտանգ չի ներկայացնում գետի էկոլոգիական վիճակի համար: Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն ամսական գետից վերցնում է 1000 խմ ջուր, որն օգտագործելուց հետո Ալավերդու ջրմուղ-կոյուղուց վերցրած 1500 խմ խմելու ջրի հետ միասին (ընդհանուր ծավալով 2500 խմ) կրկին վերադարձնում է գետ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ բնապահպանության նախարարություն հասցեագրած գրության պատասխանում հայտնվում է, որ Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը որպես ջրօգտագործող հաշվառված չէ: Հարցն այն է, որ պղնձի արտադրություն իրականացնող ընկերությունը պարզապես փոխել է իրավաբանական անվանումը (նախկինում կոչվում էր «Մանեքս-Վալեքս» ՓԲԸ, որի թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների վերաբերյալ պայմանագրի ժամկետն ավարտվել է 2003թ. հունվարի 1-ին), իսկ նոր իրավաբանական անվամբ փաստացի նույն ընկերությունում թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաներ դեռեւս մշակված չեն: Դեբեդի եւ նրա շրջակա միջավայրի ներկայիս վիճակն առաջին հերթին անդրադառնում է բնակչության առողջության վրա: Տարածաշրջանի տարբեր բնակավայրերում առանձին հիվանդություններ գերազանցում են միջին ցուցանիշները: Ալավերդու Կանանց կոնսուլտացիայի վարիչ Ռոզա Մաճկալյանն այն կարծիքին է, որ Ալավերդու ընդհանուր էկոլոգիական վիճակն իր ազդեցությունն է թողել նաեւ գենոֆոնդի վրա: Օրինակ` ամեն տարի Ալավերդիում գրանցվում է անեմիայով հիվանդ 45 հղի կին: ՆԱԻՐԱ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել