Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԽԱՉՔԱՐԵՐԸ՝ ՄԵՐ ՀՈՂՈՒՄ

Հուլիս 10,2003 00:00

ՄԵՐ ԽԱՉՔԱՐԵՐԸ՝ ՄԵՐ ՀՈՂՈՒՄ Ռեպորտաժ Շահումյանի շրջանից Ներկայիս Շահումյանի շրջանի (նախկին Քարվաճառ) գյուղերից մեկում՝ շուրջ մեկուկես տարի առաջ հիմնադրված Նոր Մանաշիդում (շրջանի գյուղերը կրում են ազերիների կողմից օկուպացված տարածքների գյուղերի անունները) նախկինում բնակվել են հիմնականում քրդեր: Սակայն քրդական կամ թուրքական ոչ մի շունչ այստեղ չի զգացվում. պայթեցված տներում այդ ազգերին հատուկ որեւէ խորհրդանիշ չես կարող գտնել: Փոխարենը՝ շինարարական աշխատանքների ժամանակ կիսավեր տների քարերի մեջ հայտնաբերվել են խաչքարերի կտորներ: Դրանք պահպանվում են տներից մեկի պատի վրա՝ իբրեւ թանգարանային նմուշ՝ ի ցույց աշխարհի: Շրջանում ակտիվորեն շարունակվում է վերաբնակեցման գործընթացը: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարի, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ԼՂՀ նախագահը այն համոզմունքը հայտնեց, որ 7-10 տարվա ընթացքում այս հատվածի բնակչության թիվը կհասնի 300 հազարի: «Լուծելով այս խնդիրը, մենք լուծում ենք նաեւ մեր անվտանգության խնդիրը,- ասել էր նա:- Եթե մենք ունենք շատ բնակչություն, ուրեմն մեր բանակն էլ է հզոր եւ քանակի, եւ որակի տեսակետից»: Շինարարական աշխատանքներն այս ամիսներին մեծ թափ են առնում, քանի որ ձմեռը կարող է լինել ցրտաշունչ ու երկարատեւ, աշխատելը՝ դժվար: Այս տարի էլ պլանավորված է աշխատանքներն ավարտել նախատեսվածից շուտ, որովհետեւ չգիտես՝ բնությունն ինչ անակնկալներ է պատրաստելու: Ի դեպ, անակնկալների մասին: Արդեն երկրորդ տարին է՝ հուլիս-օգոստոս ամիսներին այստեղ տեղացող առատ կարկուտի պատճառով գյուղացիները զրկվում են իրենց հողամասերում ցանած բանջարեղենից, եւ ամեն ինչ սկսում են նորից՝ բնության նոր տարերքի վախը սրտներում: Նրանք ասում են, որ ապրուստի ամենահուսալի միջոցն այստեղ անասնապահությունն է: «Անասունին ոչինչ չի խանգարում, ընդհակառակը՝ անընդհատ անձրեւները նրանց համար լավ են: Խոտն էլ՝ շատ առատ ու ձրի»,- ասում են տեղաբնակները: Նշենք, որ վերջիններիս մեջ շատ կան նաեւ Հայաստանից «ներգաղթածներ», սակայն ՀՀ կառավարությանն առընթեր փախստականների եւ միգրացիայի վարչությունում առաջնությունը տալիս են փախստականներին: Հիմնական գրանցումն Արցախի հողում՝ ենթադրում է նախկին բնակավայրի գրանցումից դուրսգրում: Այնուհետեւ քաղաքացին կարող է ծանոթանալ իր նոր բնակավայրի պայմաններին, իսկ տեղափոխման հետ կապված ծախսերի համար իբրեւ փոխհատուցում ստանալ միանվագ գումար, եթե դա չի իրականացնում պետությունը: Բացի այդ, ընտանիքին տրվում է հարմարավետ առանձնատուն՝ իր պտղատու այգով, անասնավարկ: Իսկ տեղում ընթացող շինարարական աշխատանքներում ներգրավվում է ամեն ընտանիքից գոնե մեկ աշխատող ձեռք: Մի խոսքով, այն ամենը՝ ինչը հնարավորություն կտա սկսել նոր ու բարեկեցիկ կյանք: ԼՂՀ նախագահն իր նախընտրական քարոզարշավում անցյալ տարի նշեց, որ եթե միայն «մարդկանց այստեղ բերելու խնդիրը լիներ, այսօր էլ կարող ենք 30-40 հազար մարդ բերել: Սակայն ամեն գյուղում պետք է դպրոց կառուցել, հոսանք անցկացնել, ջրամատակարարման հարցերը լուծել»: Պետք է նշել, հիմնականում այդ խնդիրը լուծված է՝ հիմա արդեն հոսանքով ապահովված չէ միայն ծայրամասային Նոր Մանաշիդ գյուղը: Փոխարենն այս գյուղում սկսվել են դպրոցի կառուցման աշխատանքները: Դպրոցաշինությանը եւ ընդհանրապես շրջանի կրթական պոտենցիալին կանդրադառնանք առաջիկայում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել