Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՆՇԵՔ ՈՉ ԹԵ ԵՐԿԻՐԸ, ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ

Հուլիս 11,2003 00:00

ՃՆՇԵՔ ՈՉ ԹԵ ԵՐԿԻՐԸ, ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ Եվրոպական կառույցներին առաջարկվեց «Արդարություն» դաշինքի երեկվա ասուլիսում, որտեղ, ըստ էության անդրադարձ եղավ վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր իրադարձություններին: Առանձնացնենք այն թեմաները, որ վերաբերում էին ընտրություններին միջազգային կառույցների արձագանքներին: «Միջազգային կազմակերպությունների ճնշումն ակնհայտորեն կանխատեսելի էր,- «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանն այսպես գնահատեց այն իրողությունը, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության լիազորությունները կարող են չհաստատվել:- Եվ ամենավտանգավորն այն է, որ այդ ճնշումն է՛լ ավելի կարող է ուժեղանալ ու վտանգել մեր ազգային կենսական շահերը տարածաշրջանում: Վերջին հանգամանքն ակնհայտ է բոլորի համար՝ նաեւ նրանց, ովքեր հայրենասիրական կոչեր անելով՝ բռնազավթեցին իշխանությունը»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե դաշինքն ինչպես է մեկնաբանում այն իրողությունը, որ թեեւ միջազգային դիտորդական առաքելությունը նախագահի ընտրության համեմատ՝ «մեկ քայլ առաջ» գնահատեց ԱԺ ընտրությունը, այնուամենայնիվ՝ պատժամիջոցները վերաբերեցին հենց խորհրդարանականներին: Ի պատասխան՝ Շավարշ Քոչարյանը նախ նշեց, թե այդ «մեկ քայլ առաջ»-ը վերաբերում է միայն ու միայն քարոզարշավի լուսաբանմանը. «Բուն գործընթացի, առավել եւս՝ ձայների հաշվարկման փուլի առնչությամբ եզրակացության մեջ նշվում է, թե որեւէ առաջընթաց չկա ու նույնիսկ ավելի խայտառակ փաստեր են եղել»: Իսկ բուն հարցի առնչությամբ նշեց. «Շատ էական է կուտակման էֆեկտը, եւ այն հանգամանքը, որ վերջիվերջո քննարկում էր խորհրդարանական վեհաժողովը, որտեղ պետք է ներկայացված լինի նման ընտրությունների հետեւանքով ձեւավորված պատվիրակությունը: Սակայն քննարկվող փաստաթղթում նշվում էին ոչ միայն խորհրդարանական ընտրությունները, այլ նաեւ ընդհանուր առմամբ՝ Հայաստանի ընտրությունները»: Այնուամենայնիվ՝ միջազգային հանրությունը չի արծարծում նախագահի օրինականության հարցը՝ մեր այս դիտարկմանը պրն Քոչարյանն այսպես արձագանքեց. «Բայց ԱԺ-ի օրինականության հարց էլ դրված չէ», ու հավելեց. «Եթե լիներ երկրների նախագահների վեհաժողով՝ այնտեղ էլ կարող էր այդպիսի հարց արծարծվել, թե չեն ընդունում նրա ներկայացուցչին: Բայց ես կոչ կանեի իրարից չանջատել Հայաստանի համար խայտառակ այդ երկու գործընթացները՝ նախագահի եւ ԱԺ ընտրությունները, առավել եւս, որ այդպիսի տարանջատում չեն կատարում նաեւ միջազգային կազմակերպությունները»: «BBC»-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե եվրոպական երկրների խիստ բացասական գնահատականների պարագայում՝ ինչո՞վ են բացատրում Ֆրանսիայի առանձնահատուկ վերաբերմունքը, որի նախագահն այժմ Քոչարյանին հրավիրել է այցելել իր երկիրը: «Դեռեւս չեն հայտարարել, թե Ռոբերտ Քոչարյանը «նեվիեզդնոյ» է,- ասաց Շավարշ Քոչարյանը:- Այսինքն՝ նրան հրավիրելը որեւէ ձեւով չի փոխում այն մթնոլորտն ու մոտեցումները, որոնք կան»: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն այս առնչությամբ մի դիտարկում ներկայացրեց. «Եվրոպական կառույցների ներազդեցությունը Հայաստանի վրա այսօրվա իրականության պայմաններում՝ փոքր-ինչ համարժեք չէ. այն առումով, որ վիճահարույց է այն հարցը, թե ոչ լեգիտիմ, ժողովրդի կողմից չընտրված իշխանությունը կարող է իրականություն դարձնել Հայաստանի՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու խնդիրը»: Հավելեց. «Եվրոպական կառույցները պետք է գտնեն Հայաստանի վրա ներազդեցության ավելի արդյունավետ բանաձեւ, որը թույլ կտա ճնշումների թիրախ դարձնել ոչ թե ամբողջ երկիրը, այլ որոշակիորեն այն վարչակարգը, որն իրեն օրենքից դուրս է դրել: Եվ դա կխթանի հասարակության ժողովրդավարական նախաձեռնությունները»: Ի դեպ, Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ «Արդարություն» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ-ին է ներկայացնելու «Ընտրական օրենսգրքի» նոր նախագիծ: Մեր հարցին՝ ո՞րն է դրա անհրաժեշտությունը, չէ՞ որ դիտորդական առաքելություններն էլ են նշում, թե գործող օրենսգիրքը հնարավորություն ընձեռում է կազմակերպել բնականոն ընտրություններ: Շավարշ Քոչարյանը որոշակիացրեց, թե վերափոխման կարիք ունի հանձնաժողովների ձեւավորման սկզբունքը՝ ավելի հավասարակշռվածություն ապահովելու նպատակով, նաեւ առավել հստակեցման կարիք ունեն վստահված անձանց իրավասությունները, եւ բացի այդ՝ «Արդարությունն» առաջարկելու է անցնել ամբողջովին համամասնական ընտրակարգի: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել