Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ՝ ՄԻԱՅՆ ԿԱՍԿԱԾՆԵՐ

Հուլիս 11,2003 00:00

ԱՌԱՅԺՄ՝ ՄԻԱՅՆ ԿԱՍԿԱԾՆԵՐ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, 5 օր առաջ ձերբակալվել է Կարեն Մկրտչյանի սպանության կասկածանքով 44-ամյա Նիկոլայ Խաչատուրովը։ Խուզարկել են նրա բնակարանը, առգրավել՝ ինչպես օրինական գրանցում ունեցող, այնպես էլ ապօրինի զենք։ Մենք երեկ կարողացանք ճշտել, որ Ն. Խաչատուրովը Կամերային երաժշտության տան հարեւանությամբ գտնվող «9-րդ ալիք» սրճարանի բաժնետերերից է։ Ինչպես պնդում էր մեր աղբյուրը, Կ. Մկրտչյանի սպանության օրը, առավոտյան 9.30-ի սահմաններում, նա գտնվել է բանկում՝ հերթական մուծումներն անելիս։ Խաչատուրովի ծանոթները պնդում են, որ նա եղել է բարեխիղճ հարկատուներից մեկը, եւ նրա նկատմամբ կատարվածը գնահատում են, առնվազն, նրան տնտեսական գործունեությունից հեռացնելու փորձ։ Խաչատուրովը Կենտրոնի ոստիկանական բաժանմունք է գնացել կամավոր, երբ իմացել է, որ Կ. Մկրտչյանի սպանության մեջ կասկածում են իրեն (իբր «քիլլերը» ինքն է)։ Երեկ մենք իմացանք նաեւ, որ սպանությունը պատվիրելու մեջ կասկածվող Մոսո անունով Սվոյ Ռաֆի ազգականներից մեկն ազատ է արձակվել։ Ինչպես տեղեկացրեց մեզ նրա մոտ կանգնած աղբյուրը, առայժմ նա մեղադրվում է ապօրինի զենք եւ զինամթերք կրելու մեջ։ Խաչատուրովի հարազատները չգիտեն, թե որտեղ է նա պահվում։ Ճշտեցինք, որ նրան կասկածելու առիթը դարձել է այն, որ Կ. Մկրտչյանի սպանությունից 3 օր առաջ Խաչատուրովը դիմել է Մկրտչյանին՝ հեռավոր ծանոթներից մեկի երեխաների քննությունների հետ կապված։ Խուզարկության ժամանակ առգրավվել են այն լուսանկարները, որտեղ պատկերված է, թե ինչպես է Խաչատուրովը դիմավորում Սվոյ Ռաֆի մահվան 10-ամյակի կապակցությամբ Հայաստան եկած նախկին Խորհրդային Միության «հեղինակություններին»։ Հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանը՝ պատասխանելով Կարեն Մկրտչյանի սպանության գործի քննության հետ կապված հարցերին, երեկ ասաց. «Մկրտչյանի գործով նախաքննությունը շարունակվում է։ Կան մի շարք վարկածներ։ Ուղղակի անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ ծանր հանցագործությունը բացահայտվի։ Կրկնում եմ, որ վերջին 2-3 օրերի ընթացքում արդեն մի շարք ծանր հանցագործություններ ենք բացահայտել։ Օրինակ, Կոտայքի մարզում պատվիրված սպանությունը, կարող եք լուսաբանել, Շենգավիթում՝ ավազակային հարձակմամբ սպանությունը, որը երեկ է բացահայտվել։ Տարադրամ էին հայտնաբերել, ձերբակալվել են մի քանի անձ եւ՝ 2 կատարողները։ Մենք ամեն ինչ անում ենք Մկրտչյանի սպանությունը բացահայտելու համար»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել