Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆՔ»

Հուլիս 11,2003 00:00

«ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆՔ» Երեկ դատավորներին հորդորեց Ռ. Քոչարյանը Կառավարության ընդունելությունների տանը երեկ մեծ շուքով նշվեց ՀՀ վճռաբեկ դատարանի 5-ամյակը։ Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր բանավոր ելույթը սկսեց հետեւյալ կատակով. «Մտածում էի, թե ինչու ենք հնգամյակ տոնում, երբ վճռաբեկ դատարանը իրավահաջորդն է մեր գերագույն դատարանի։ Մտածեցի, միգուցե ավելի երիտասարդ երեւալը պրն Դանիելյանի (ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանի մասին է խոսքը) համար ավելի հաճելի է, կամ միգուցե կա այլ շարժառիթ, երբ ընդամենը 5 տարեկան ես, ապա թերությունները, սխալները կարելի է բացատրել ավելի երիտասարդ տարիքով»։ Նախագահն ի սկզբանե ակնարկեց, որ որեւէ ծրագրային ելույթ մտադիր չէ ունենալու, ուշադրություն հրավիրեց ընդամենը երկու կետի վրա. իրավական պետություն կառուցելու եւ եվրոպական կառույցներին ինտեգրվելու։ Այնուհետեւ խոստովանեց. «դատաիրավական բարեփոխումների դեռ առաջին փուլն ենք անցել եւ օրենսդրական մեծ ծավալի աշխատանքների կատարման առումով, կազմակերպչական, իրավական դաստիարակության, ուսուցողական առումով, մեր դատավորների համար, հաշվի առնելով բոլոր այն նորությունները, մենք պետք է անենք միասին՝ ձեզ հետ»։ Նախագահը կոչ արեց աշխատել միասին, «մեր պետականությունն ամրապնդելու համար»։ Ի տարբերություն ՀՀ դատախազության աշխատակիցների առատ պարգեւատրումների, այստեղ երեկ երկու դատավոր պարգեւատրվեցին Մխիթար Գոշի մեդալով, բարեբախտաբար, այս անգամ շահեցին կին դատավորները՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի դատավոր Օլգա Հովհաննիսյանը եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերի պալատի դատավոր Մարգո Սիմոնյանը։ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանի խոսքը շատ ավելի հակիրճ էր։ Իր ելույթում նա նշեց, որ դատական եռաստիճան համակարգը Հայաստանում վերջնականապես ձեւավորվել է 1999 թվականի հունվարից եւ որ «վճռաբեկ դատարանն ապահովեց սահուն անցումը երկաստիճան համակարգից՝ եռաստիճանի»։ Հենրիկ Դանիելյանը, ճիշտ է, թվեր չբերեց, բայց այսպիսի մի միտք արտահայտեց, որ տարեցտարի ավելանում է վճռաբեկ դատարանի կողմից վերանայվող գործերի թիվը։ Ըստ Հենրիկ Դանիելյանի, դա վկայությունն է բնակչության հավատի աճի։ Նա նորից հիշեցրեց, որ դատական համակարգն ունի իր վեբ սայթը, որ այնտեղ զետեղված են դատարանի կողմից երեք տարվա ընթացքում քաղաքացիական եւ քրեական գործերով կայացված բոլոր որոշումները։ Մենք կարծում էինք ելույթ կունենա նաեւ հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանը (Հենրիկ Դանիելյանը համենայնդեպս շնորհավորեց դատախազության աշխատակիցների 85-ամյակը), սակայն նա ելույթ չունեցավ, ըստ երեւույթին լուրջ էր ընդունվել վճռաբեկ դատարանի (նախկին գերագույն դատարանի) նախադպրոցական տարիքում լինելը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել