Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակվելու է 70 հազար փամփուշտ

Հուլիս 11,2003 00:00

Կրակվելու է 70 հազար փամփուշտ Երեկ Գոռ Վարդանյանը ներկայացրեց իր չորրորդ ֆիլմի ծրագիրը Եթե ամեն ինչ հաջող ընթանա, եկող տարի Ամանորին մարտաֆիլմերի հայաստանյան սիրահարները կվայելեն կրակոցներից, պայթյուններից, կրակ ու հրից, ինչպես նաեւ ամենաիսկական ծեծկռտուքից հունցված հայկական նոր մարտաֆիլմը՝ «Պատերազմ» նախնական անվանումով: «Պատերազմը» Գոռ Վարդանյանի մասնակցությամբ թվով չորրորդ ֆիլմն է, հետեւաբար՝ հայկական չորրորդ մարտաֆիլմը: Ճիշտ է, այս մեկը նախորդներից տարբերվելու է նրանով, որ սրանում կարատեի ու ծեծուջարդի տեսարանները զիջելու են կրակոցներին եւ պայթյուններին: Երկուսուկես ժամանոց ֆիլմի 60%-ը հենց կրակոցներ են լինելու: Ֆիլմը նկարահանվելու է Ղարաբաղում, եւ սյուժեն արցախյան ազատամարտն է: Սակայն, ինչպես նշեց գլխավոր դերակատարը՝ «սա գեղարվեստական ֆիլմ է լինելու, եւ ոչ թե վավերագրական», ուստի հեղինակները չեն հավակնում իրականությանը կատարելապես հավատարիմ մնալ: Առավել եւս, որ ինքը՝ Գոռ Վարդանյանը, հենվում է ամերիկյան, հոլիվուդյան ոճի վրա, եւ հենց այդ ոճն է նրա համար չափանիշ հանդիսանում՝ մարտաֆիլմերի համար: Մեր նկատառմանը, թե՝ ի տարբերություն ամերիկյան մարտաֆիլմերի, որտեղ ծեծուջարդը շատ համոզիչ է, մեր ֆիլմերում ձեռնամարտի պահերը վստահություն չեն ներշնչում, պարոն Վարդանյանը համաձայն չէր.«Երբ մեր վերջին ֆիլմը Ամերիկայում նայեցին, ասացին, որ եթե այն նկարահանված լիներ ժապավենի վրա, անպայման «Օսկար» կշահեր մարտական տեսարանների համար: Որովհետեւ չկա պահ, որտեղ թվա, թե տեսարանը ճիշտ չի: Մենք նկարահանում էինք ֆրոնտալ դիրքից, ի տարբերություն ամերիկացիների, որ նկարում են թեքությամբ: Եվ ամենակարեւորը, մենք իսկապես հարվածում ենք, ոչ թե ձեւ անում: Քանի որ մենք բոլորս մարզիկներ ենք: Դա է պատճառը, որ վերջին ֆիլմի նկարահանումներից արդեն 9 ամիս է անցել, բայց ֆիլմում նկարահանվածներս դեռ բուժվում ենք»: Ինչ խոսք, նկարահանումից հետո բուժվելը խոսում է ֆիլմերի անվիճելի արժանիքների մասին: Բայց սա այն դեպքն է, երբ իսկական ծեծուջարդը իր գեղարվեստական ազդեցությամբ զիջում է հոլիվուդյան բեմադրված ձեռնամարտերին: Ֆիլմի բյուջեն բավականին մեծ կլինի՝ նախատեսվում է առնվազն 2 միլիոն դոլար: «Վերջին ստանդարտներով է լինելու եւ ձայնը, եւ պատկերը: Հայաստանում այդպիսի ֆիլմ դեռ չի նկարվել: 70 հազար փամփուշտ է կրակվելու, չհաշված, թե քանի տանկ ու ական է պայթելու: Երկու գյուղ ենք սարքելու եւ քանդելու»,- տեղեկացրեցին ֆիլմի հեղինակները՝ Գոռ Վարդանյանն ու պրոդյուսերը՝ Հակոբ Շաքրյանը, որը ֆուլ-կոնտակտ կարատեի միջազգային կոմիտեի փոխնախագահն է: Նշվեց նաեւ, որ նկարահանումներին աջակցելու ցանկություն է հայտնել ՀՀ նախագահի անվտանգության ծառայության պետ Գրիգորի Հարությունյանը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել