Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻԱՍԻՆ ԿՌԵՆՔ

Հուլիս 11,2003 00:00

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻԱՍԻՆ ԿՌԵՆՔ Այս օրերին հայ ֆուտբոլասերները սրտի թրթիռով են սպասում Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի առաջին փուլի «Փյունիկ»-«Ռեյկյավիկ» (Իսլանդիա) հանդիպմանը, որը կայանալու է հուլիսի 16-ին, «Հանրապետական» ստադիոնում։ «Փյունիկի» երկրպագուները հույս են փայփայում ու հավատում են, որ մեր չեմպիոնն առնվազն կկրկնի անցած տարվա հաջողությունը, երբ 2 անգամ տպավորիչ հաղթանակ տարավ Ֆինլանդիայի «Տամպերեի» նկատմամբ ու մտավ ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլ։ Այդ հույսն ու հավատը հիմքից զուրկ չեն, քանի որ մեր թիմի ղեկն այժմ գտնվում է Միխայ Ստոյկիցայի նման մասնագետի ձեռքում, մարզիչ, որը գլխավորելով «Փյունիկն» ու ազգային հավաքականը, կարճ ժամանակում կարողացավ էապես բարձրացնել երկու թիմերի խաղամակարդակը՝ դրանք, ինչպես արտասահմանցիներն են նշում, մոտեցնելով եվրոպական չափանիշներին։ Ընդհանրապես, վերջին շրջանում հատկապես Հյուսիսային Իռլանդիայի, Իսպանիայի եւ Ուկրաինայի հետ «Եվրո- 2004»-ի շրջանակներում հանդիպումներից հետո, որոշ չափով բարձրացել է հետաքրքրությունը ոչ միայն մեր ազգային հավաքականի, այլեւ ակումբների ու առանձին ֆուտբոլիստների հանդեպ։ Այնպես որ, ամենեւին էլ պատահական չէ, որ արտասահմանյան որոշ ԶԼՄ-ներ սկսել են հաճախակի հետաքրքրվել մեզանով։ Ահա օրերս էլ «Footbaltuday.ru»-ն մի ընդարձակ հարցազրույց է տպագրել Միխայ Ստոյկիցայի հետ, որում շոշափվել են «Փյունիկին» ու ազգային հավաքականին առնչվող հարցեր։ Հարցազրույցը տպագրում ենք կրճատումներով՝ առանձնացնելով «Փյունիկին» վերաբերող հատվածը։ Ընթերցողը կնկատի, որ Ստոյկիցան հպանցիկ է անդրադառնում «Ռեյկյավիկի» հետ հանդիպմանը։ Նա ավելի շատ մտածում է երկրորդ փուլում Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ խաղի մասին։ Տա Աստված, որ ամեն բան լինի այնպես, ինչպես մտածում է Ստոյկիցան։ – Ինչպե՞ս եք նայում «Փյունիկի» մասնակցությանը ՉԼ-ի ընտրական մրցաշարին։ – Կարծում եմ, որ մեր ներուժով կարող ենք հաղթահարել առաջին երկու փուլերը՝ հաղթելով թե «Ռեյկյավիկին», թե Սոֆիայի ԲԿՄԱ-ին։ «Ռեյկյավիկը» դասական առումով հյուսիսային ֆուտբոլ ցուցադրող թիմ է։ Նրա 4-4-2 սխեման շատ հուսալի է, որը նրանք կիրառում են որպես իրենց դավանած ոճի առավելություն։ Սակայն ֆուտբոլային ինտելեկտ ունենալու դեպքում «Ռեյկյավիկին» կարելի է հաղթել։ ԲԿՄԱ-ի հետ ավելի բարդ կլինի։ Լավ թիմ է եւ ներկայումս վերելքի վրա է… Ես հիանալի գիտեմ ԲԿՄԱ-ի դավանած խաղաոճը, քանի որ իմ ղեկավարած թիմերը մեկ անգամ չէ, որ հաջող են խաղացել Սոֆիայի ներկայացուցիչների հետ։ Եվրոգավաթներում, օրինակ, իմ «Ստյաուան» բուլղարացիներին ՉԼ-ի որակավորման մրցաշարից 2 հանդիպումների արդյունքով դուրս է թողել։ Հիմա Ստոյչո Մլադենովի ղեկավարությամբ ԲԿՄԱ-ն շատ ուժեղ է, խաղում է տիպիկ բուլղարական ոճի ֆուտբոլ։ Մեզ համար նրանց անցնելը դժվար կլինի։ Պետք չէ մոռանալ, որ «Փյունիկում» շատ են երիտասարդ, անփորձ խաղացողները, որոնք դեռ 20 տարեկան չկան։ Այնուհանդերձ, աշխատելու ենք անել մեզանից կախված ամեն բան՝ դրական արդյունք ունենալու համար։ – Ազգային հավաքականի եւ «Փյունիկի» հետ ո՞ր արդյունքները գոհացուցիչ կհամարեք։ – Բավարարված կզգամ այն ժամանակ, երբ Հայաստանում մարդիկ կասեն, որ գոհ են իմ աշխատանքից, կհամարեն, որ Ստոյկիցան ինչ-որ լավ բան է արել հայկական ֆուտբոլի համար։ Դա կլինի իմ աշխատանքի ամենաբարձր գնահատականը։ Զուտ մարզական տեսանկյունից, ցանկանում եմ «Փյունիկի» հետ հաղթել Հայաստանի առաջնությունում, աճեցնել երիտասարդ հայ ֆուտբոլիստների ուժեղ սերունդ։ Իսկ ինչ վերաբերում է հավաքականին, այս փուլում ամենից առաջ ցանկանում եմ հուսախաբ չանել ֆուտբոլասերներին, ինչու չէ, նաեւ Երեւանում հույներին եւ իսպանացիներին հաղթելով։ Ա. Տա Աստված, որ այս ցանկություններն իրականություն դառնան։ Դրա համար նախեւառաջ պետք է մարզիչներն ու ֆուտբոլիստները ջանք ու եռանդ չխնայեն, բայց ցանկալի հաջողության մեջ անչափ կարեւոր դեր ունի կատարելու նաեւ 12-րդ խաղացողը՝ հանդիսատեսը։ Ուրեմն, հուլիսի 16-ին բոլորս ակտիվ մասնակցենք «Փյունիկ»-«Ռեյկյավիկ» խաղին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել