Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ՝ «ԸՆԴՀՈՒՊ ՄԻՆՉԵՎ ՍԻՍԵՌ»

Հուլիս 18,2003 00:00

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ՝ «ԸՆԴՀՈՒՊ ՄԻՆՉԵՎ ՍԻՍԵՌ» «Դաշինքը վճռական է իրականացնելու երկրում օրինականության հաստատման եւ իշխանությունն իրական տիրոջը՝ ժողովրդին վերադարձնելու իր ծրագրերը։ Այս ծրագրերը հնարավոր է կյանքի կոչել միայն ձեր աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ։ «Արդարություն» դաշինքը ձեր աջակցությամբ կարող է ունենալ եւս մեկ սկզբունքային պատգամավոր ի հակակշիռ վարչախմբի թելադրանքով կոճակ սեղմողների»,- ասված է թիվ 16 ընտրատարածքի ընտրողներին ուղղված «Արդարություն» դաշինքի ուղերձում։ Կիրակի՝ հուլիսի 20-ին, այս ընտրատարածքում կրկին խորհրդարանական ընտրություններ են։ Թեկնածուներից մեկը՝ Շավարշ Քոչարյանը (ՍԴ-ին ուղղված նրա դիմումի արդյունքում նշանակվել են նոր ընտրություններ) արդեն դարձել է պատգամավոր համամասնական ցուցակով։ Կիրակի օրը պրն Քոչարյանի հաղթելու դեպքում շահելու է «Արդարություն» դաշինքի ընտրացուցակում հաջորդը՝ Էմմա Խուդաբաշյանը։ Դաշինքն իր բոլոր ուժերը մոբիլիզացրել է թիվ 16 ընտրատարածքում հաղթելու համար։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը երեկ ՀԺԿ գրասենյակում հրավիրված դաշինքի ասուլիսի ժամանակ կոչ արեց ընտրողներին ակտիվ մասնակցել ընտրություններին։ Ասուլիսին մասնակցող Շավարշ Քոչարյանը նկատեց, որ արդեն սկսվել է հին տեխնոլոգիաների կիրառումը՝ անձնագրերի հավաքում, ընտրակաշառքի բաժանում եւ այլն, բայց միաժամանակ հույս հայտնեց, որ կեղծիքների գնացողները հաջողություն չեն ունենալու։ Ըստ Շավարշ Քոչարյանի՝ կարմիր կովն իր կաշին չի փոխելու, ինչպես նաեւ չի փոխվում ընտրակաշառքի բովանդակությունը՝ «ընդհուպ մինչեւ սիսեռ»։ Նույն ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու գրանցված է նաեւ ՀԴԿ անդամ Վանյա Մխիթարյանը (ՀԴԿ-ն եւս դաշինքի կազմում է)։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք, դաշինքի երկու անդամներ իրար չե՞ն խանգարի։ Շավարշ Քոչարյանը նման մտահոգություն չունի, քանի որ իր մասնակցությամբ Վանյա Մխիթարյանը միայն օգնում է՝ ավելի շատ վստահված անձինք ունենալու մասով։ Հիշեցնենք, որ մայիսի 25-ի ընտրություններից հետո թեկնածուներից երկուսի՝ Վլադիմիր Բադալյանի եւ Շավարշ Քոչարյանի ձայների տարբերությունը, ըստ ԿԸՀ-ի տվյալների կազմել էր մոտ 1300 ձայն։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել