Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐ

Հուլիս 18,2003 00:00

ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐ 9-67 տարեկան չեմպիոնները Հուլիսի 12-13-ը Կանադայի Տորոնտո քաղաքում կայացած միջազգային կարատեի ասոցիացիայի աշխարհի գավաթի առաջնությունում հայ մարզիկները Հայաստանի Կարատեի ֆեդերացիայի նախագահ 7-րդ դան Գրիգոր Միքայելյանի գլխավորությամբ փայլուն ձեւով կրկնեցին 2000 թ. իրենց հաջողությունը՝ 9 մարզիկով գրավելով 9 առաջին, 2 երկրորդ, 2 երրորդ տեղերը եւ ամենակարեւորը՝ նվաճեցին մեծահասակների թիմային գավաթը՝ այս մրցման ամենապատվավոր ավարը։ Սպորտում այնքան դժվար չէ առաջին տեղը գրավելը, որքան այն պահապանելը, իսկ պետք է ասել, որ ավելի քան 40 երկրից եկած մարզիկները շատ մեծ ցանկություն ունեին ապացուցելու, որ հայ մարզիկների 2000 թ. հաջողությունը պատահականություն էր՝ որում նրանց օգնում էին նաեւ դատավորները։ Այդպիսի եռակի ճնշման տակից հայ մարզիկները դուրս եկան պատվով՝ տուն բերելով 13 գավաթ։ Այս ամենը անհնար կլիներ առանց Գրիգոր Միքայելյանի, իսկապես, տիտանական աշխատանքի, որը հասցնում էր եւ մարզել թիմը եվ կատարել ամբողջ կազմակերպչական աշխատանքը ինչպես տեսանք ըստ արդյունքի. ամեն ինչ կատարվեց փայլուն՝ թիմը կարողացավ ե՛ւ հասնել Տորոնտո, ե՛ւ հաղթել։ Սակայն սա բոլորը չէ: Գրիգոր Միքայելյանը նաեւ երջանիկ հայր է, քանի որ 9-ամյա Արեգ Միքայելյանը, որը առաջինը բացեց հայ թիմի հաղթարշավը, նրա հարազատ որդին է։ Բոլոր հաղթողները հատուկ նշեցին մարտերից առաջ եւ դրանց ընթացքում Գրիգոր Միքայելյանի դիպուկ եւ ժամանակին խորհուրդները առանց որոնց շատ դեպքերում հաղթանակը կլիներ անհնար։ Հայաստանի թիմին Կանադայում անգնահատելի օգնություն է ցուցաբերել ամերիկաբնակ մեր հայրենակից Մարկ Գրիգորյանը, որը նաեւ ճանաչված կարատեիստ է (ունի 6-րդ դան) եւ մասնակցելով այս մրցումներին 60 բարձր տարիքային խմբում գրավեց առաջին տեղը։ Այնպես որ այս մրցումների ամենամեծ եւ ամենափոքր հաղթողները հայեր են։ Հատուկ շնորհակալություն «Արմենիա Թրավել+Մ» գործակալությանը թիմին աջակցելու համար։ Ասելու շատ բան կա ամեն մի մարզիկի մասին, բայց կցանկանայի եզրափակել մի էպիզոդով, որը տեղի է ունեցել Տորոնտոյում։ Գրիգոր Միքայելյանին մոտենում է շատ հարգված, տարիքով՝ վաթսուն անց 10 դան ոնեցող ճապոնացի վարպետը, սեղմում նրա ձեռքը եւ ասում, որ դուք շատ լավ մարզիչ եք, որին ես կավելացնեի՝ Գրիգոր Միքայելյանը նաեւ շատ լավ կարատեիստ է։ Հայաստանը ներկայացրին. Միքայելյան Արեգ, Թումանյան Դավիթ, Հովհաննիսյան Ալբերտ, Ոսկանյան Մերուժան, Սահակյան Լյուդվիգ, Մուրադյան Տիգրան, Սահակյան Ռազմիկ, Միքայելյան Վահան, Վարժապետյան Հրաչյա։ Ա. ՄԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել