Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇՈՒՄ, ՈՐԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Հուլիս 19,2003 00:00

ՈՐՈՇՈՒՄ, ՈՐԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ ԲՈԼՈՐԸ Բացի Քոչարյանից ՀՌԱՀ հանձնաժողովի որոշումը, որի արդյունքում «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները հերթական անգամ զրկվեցին եթեր դուրս գալու հնարավորությունից, ցավով եւ վրդովմունքով ընդունեցին լրագրողական կազմակերպությունները, ինչպես նաեւ ՀՀ-ում գործող միջազգային կառույցները: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն ասաց.«Անկեղծորեն շատ զարմացած եմ, որովհետեւ պարզապես վստահ էի, որ այս անգամ«Ա1+»-ը կվերաբացվի: Ոչ մի հարց նման հասարակական հնչեղություն չի ունեցել: Ես իմ դժգոհությունը, իմ անբավարարվածությունը, իմ զայրույթն ու ափսոսանքն եմ հայտնում «Ա1+»-ին եթերից զրկելու կապակցությամբ: «Ա1+»-ն այն հեռուստաընկերությունն է, որն անպայման պիտի մեր եթերում տեղ ունենա: Եվ մեր հասարակությանը զրկել այդ հեռուստաընկերությունից ինչ-ինչ պատճառներով՝ անընդունելի եմ համարում»: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով հիմար վիճակ է ստեղծվել.«Ստացվում է, որ ՀՀ-ն իբր «կատարելով» ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունները, վատթարացնում է ազատ մամուլի վիճակը, թեեւ պետք է լիներ տրամագծորեն հակառակը: ՀՌԱՀ-ը իր ուզած ձեւով, հաշվի չառնելով ոչ «Ա1+»-ի ստեղծագործական ներուժը, պրոֆեսիոնալիզմը, ոչ հասարկության պահանջը, ոչ միջազգային կազմակերպությունների կարծիքը, անում է այն, ինչ թելադրում են քաղաքական, կոնյուկտուրային, կամ՝ ինչ-որ այլ շահեր: Այս ընտրություններից հետո, երբ ՀՀ միջազգային վարկը գետնին է հավասարեցվել, համարձակություն ունենալ եւ հերթական անգամ ապտակ տալ հասարակությանը, նշանակում է չհասկանալ` ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ խնդիրների առջեւ կարող է կանգնել մեր հասարկությունը: Կարծես փորձում են ամեն ինչ անել երկիրը մեկուսացնելու համար»: Մեր հարցին` պատրաստվու՞մ են լրագրողական կազմակերպությունները հայտարարությամբ հանդես գալ, Բ.Նավասարդյանը պատասխանեց.«Հայտարարությունները արժեզրկվել են, եւ կարծում եմ՝ նրանք պարզապես քմծիծաղում են մեր արած հայտարարությունների վրա»: Իսկ ահա ԱԺ մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին վրդովվելու համար ավելի հիմնավոր պատճառներ էին պետք.«Նախ պետք է իմանալ, թե ի՞նչն էր պատճառը, ի՞նչ հիմնավորում տվեցին: Ցավում եմ «Ա1+»-ի համար, գտնում եմ, որ այն բավականին ժողովրդականություն վայելող հեռուստաընկերություն էր, բայց ես պիտի ծանոթանամ նյութերին, իմանամ պատճառը, թե ինչո՞ւ այսօր նորից մերժվեց»: Մեր հարցին.«Գտնում եք, որ կա՞ որեւէ պատճառ, որը կարող էր լուրջ հիմք դառնալ նման կայացած եւ հասարակության կողմից ընդունված ընկերության չվերաբացմանը», տիկին Հակոբյանը պատասխանեց.«Այո, «Ա1+»-ը ժողովրդի կողմից ընդունված ընկերություն էր, եւ չգիտեմ, թե ինչո՞ւ մերժվեց, պիտի ծանոթանամ նյութերին»: «Չե՞ք կարծում, որ անկախ որեւէ պատճառաբանությունից, «Ա1+»-ը պիտի վերադառնար եթեր, եթե հասարակությունը պահանջում է նրա վերադարձը, եթե միջազգային կառույցները հետամուտ են դրան» հարցին՝ Հ.Հակոբյանը նորից զգուշավոր պատասխան տվեց.«Ես դրա համար սկզբում գնահատեցի, որ «Ա1+»-ը մեր լավագույն հեռուստաընկերություններից էր: Կարծում եմ «Ա1+»-ը ընդունվում էր ժողովրդի կողմից եւ ցանկալի էր նրան նորից տեսնել եթերում»: «Ձեր նախորդը՝ Շ. Քոչարյանը բավականին պայքարեց «Ա1+»-ի վերաբացման համար, շարունակելո՞ւ եք այդ ոգով»՝ մեր հարցին՝ ԱԺ մշակույթի հանձնաժողովի ներկայիս նախագահ Հրանուշ Հակոբյանը հարցով հակադարձեց.«Իսկ ի՞նչ էր անում, ինչպե՞ս էր պայքարում, խոսքո՞վ: Ես էլ խոսեցի, ասացի, որ «Ա1+»-ը լավն է: Ես կծանոթանամ նյութերին, կտեսնեմ: Կարծում եմ ինչքան ազատ եւ բազմատեսակ լինի եթերը, այնքան ավելի լավ»: Ի տարբերություն մեր «պետականամետ» պատգամավորի, ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվն ավելի հստակ էր արտահայտում իր տեսակետը.«Մենք նոր ենք իմացել դրա մասին եւ ես շատ մտահոգված եմ: Այսօրվա ընթացքում մենք այդ հարցը բարձրացնելու ենք, հղելու ենք մեր կենտրոնակայանին` Վիեննայում եւ հուսով ենք, որ մեր ԵԱՀԿ-ի գործող նախագահը հանդես կգա հայտարարությամբ: Որպես անձ ես գտնում եմ, որ այս որոշումը շատ վատն էր, բացասական եմ գնահատում: Եվ իսկապես տխուր որոշում է: Մենք այս հարցն անպայման բարձրացնելու ենք, եւ հուսով ենք եկող 48 ժամվա ընթացքում պատասխան կունենանք»: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերի Տկաչուկն ասաց.«Ես հենց նոր իմացա: Վստահ եմ, որ հայ հասարակության եւ լրագրողների համար սա շատ տխուր իրադարձություն է, տխուր լուր է, եւ նրանք շատ հիասթափված են»: ԱՄՆ դեսպանատան հանրության հետ կապերի ծառայության պետ Քիմբեռլի Հարգենը հայտնեց.«Մեզ իհարկե մտահոգում է «Ա1+»-ի եթերազրկված լինելը, եւ ամերիկյան կառավարության կողմից դեսպանատունը հետեւում է այս բոլոր զարգացումներին, որ հիմա տեղի են ունենում: Ես հիմա չեմ կարող ասել մեր ապագա անելիքների մասին, որովհետեւ ընդամենը մի քանի ժամ առաջ է տեղի ունեցել այդ ամենը, մենք կքննարկենք եւ հետագա անելիքների մասին որոշում կկայացնենք»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել