Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ԵՆՔ

Հուլիս 19,2003 00:00

ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ԵՆՔ Ամենաֆուտբոլային երկրները մտածում են իրենց մոտ ֆուտբոլի աշխարհագրությունն ու մասսայականությունը էլ ավելի տարածելու մասին։ Դրա լավագույն օրինակներից է Իսպանիան։ Այնտեղ ֆուտբոլի ղեկավարությունը, իշխանությունները աշխատում են (ու ձեւեր գտնում) նաեւ ծայրամասային քաղաքներում բնակվող ֆուտբոլասերներին մեծ ֆուտբոլին հաղորդակից դարձնելու համար։ Օրինակ, երբ «Եվրո-2004»-ի խմբային մրցաշարում Իսպանիայի հավաքականը պետք է ընդուներ Հայաստանի ընտրանուն, որոշվել էր ազգային թիմերի հանդիպումն անցկացնել երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Լեոն քաղաքում, իսկ երիտասարդականներինը՝ Զամորայում։ Ու դա, ինչպես այն ժամանակ մեզ այնտեղ ասացին, բավականին դրական արդյունք է տալիս։ Սեպտեմբերի 10-ին իսպանացիները հյուրընկալելու են Ուկրաինայի թիմին։ Արտասահմանյան լրատվամիջոցները նշում են, որ որոշվել է այս անգամ հանդիպումն անցկացնել ոչ թե Սարագոսայում, ինչպես վճռվել էր նախապես, այլ տեղափոխել երկրի հարավ-արեւելք՝ Էլչե քաղաք, որն ունի ընդամենը 180 հազար բնակչություն։ Այսպիսով, Իսպանիա-Ուկրաինա խաղը կայանալու է այդ քաղաքի՝ Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբի «Մանուել Մարտինես Վալերո» ստադիոնում, որը կառուցվել է 1976թ. եւ ունի 38 հազար 750 նստելատեղ։ Ինչ վերաբերում է երիտասարդականներին, նրանք ուժերը կչափեն Էլչեից ոչ հեռու գտնվող Մուրսիում։ Դե ինչ, Իսպանիայում կարող են իրենց այդպիսի շռայլություններ թույլ տալ։ Նրանք բարձրակարգ ստադիոնների, որ համապատասխանեն ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի պահանջներին, պակաս չունեն։ Նրանց «դարդն» ուրիշ է՝ մտածել ֆուտբոլ մարզաձեւի, դրա տարածման ու զարգացման մասին, անկախ ակումբներ-ֆեդերացիա, քաղաքներ-ֆեդերացիա փոխհարաբերություններից։ Պարզապես, այդ երկրում յուրաքանչյուրը գլուխը կախ կատարում է իր պարտականությունը, որի արդյունքները աշխարհի աչքի առջեւ են։ Այլ է մեզ մոտ՝ Հայաստանում։ Այստեղ էլ բոլորը խոսում են ֆուտբոլի մասին, համոզում, որ տառապում են մարզաձեւի ճակատագրով։ Բայց միասնականություն չկա։ Ամեն մեկը ջանում է ապացուցել, թե ինքն է ամենաճիշտըեւ չի մոռանում «վերմակն իր վրա քաշել»։ Ակումբները, համենայնդեպս՝ ճնշող մեծամասնությունը կամ դոփում են տեղում, կամ կրիայի քայլերով են առաջ ընթանում։ Ակումբներում ոչ ոք չի մտածում՝ մի օր հավաքվել, նստել ու ամենայն լրջությամբ վերլուծել եւ քննարկել արածը, մեկընդմիշտ պարզել, թե ինչու ներդրված գումարները ցանկալի արդյունք չեն տալիս, անել անհրաժեշտ հետեւություններ ու սկսել աշխատել նորովի, այնպես, ինչպես հարկն է։ Ճիշտն ասած, գրում ենք այս տողերը, բայց համոզված ենք, որ ուտոպիա է։ Մեզանում նման բան չի կարող կատարվել։ Որովհետեւ մենք՝ հայերս առնվազն գեներալներ ենք ու յուրաքանչյուրս համոզված ենք, որ զորահանդեսի հրամանատարի ավելի արժանավոր թեկնածու, ինձնից բացի, չկա։ Եվ քանի որ դա ես չեմ, ուրեմն ոչինչ չի լինի։ Մենք զինվորներ չունենք։ Բայց ունենք էներգիայի հսկայական ավելցուկ, որը պարպում ենք ապարդյուն, փոխանակ այն նպատակային ուղղորդենք։ Օրինակ, ակումբները, կարծես, ամենեւին էլ մտադրություն չունեն լրջորեն զբաղվել սեփական մարզաբազա ունենալու հարցով։ Հայաստանում քիչ ստադիոններ չկան, որոնք կարելի է վերցնել, սարքել ու օգտագործել։ Օրինակ, Երեւանում՝ «Էրեբունի», Աշտարակի, Վանաձորի, Արթիկի ստադիոնները, Գյումրիում՝ «Արագած» մարզամշակութային կենտրոնի խաղադաշտը: Ակումբներ էլ կան, որոնք, որքան հայտնի է, իրենցով են արել համալիր մարզաբազաներ, բայց գործ չեն անում, չեն մտածում (ցանկանում) դրանք օր առաջ շահագործել։ Իսկ եթե դա արվում է, ընդհանուր ֆուտբոլային գործերին խանգարում են այլ դրսեւորումներ։ Մանկապատանեկան թիմերի մասին, որոնք պետք է կադրերով համալրեն ակումբները, մեծ վերապահումներով կարելի է խոսել։ Երեխաները մարզվում են այնպիսի դաշտերում, որոնք պայմանականորեն կարելի է այդպես կոչել։ Ու բնական է, որ կադրեր քիչ են աճում։ Իսկ եթե կան նաեւ ակումբներ, որոնք ցանկանում են գործ անել ու անում են, այստեղ էլ նրանց փորձում են ոտք գցել, ասենք, տեղական ինքնակառավարման մարմինները։ Օրինակ, «Փյունիկ» ակումբը, որքան տեղյակ ենք, դեռ անցած տարի վերցրել է «Նաիրի» ստադիոնը եւ այդ մարզակառույցի բազայի վրա ցանկանում է ժամանակակից համալիր կառուցել։ Բայց արի ու տես, որ իմանալով այդ մասին, չգիտենք՝ թաղապետարա՞նը, թե՞ քաղաքապետարանը արագացված տեմպերով սկսել են ստադիոնի շրջակա տարածքում վտանգավոր մոտիկության վրա բենզալցակայանների համար տարածքներ բաժանել՝ կոպտորեն խախտելով քաղաքաշինության նորմերը։ Գործը՝ ստադիոնը վերակառուցելը, մի որոշ ժամանակ փակուղի էր մտել։ Ակումբում չգիտեին՝ սկսե՞լ աշխատանքները, թե՞ ոչ։ Միեւնույն է, անգամ հրաշալի համալիր կառուցելու դեպքում ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն այն չէին ընդունի, որովհետեւ բենզալցակայանները վտանգ կներկայացնեն ֆուտբոլիստների եւ ֆուտբոլասերների կյանքի համար։ Հիմա «Նաիրիում», այնուամենայնիվ, շինարարական աշխատանքներն սկսված են։ Ակումբը ռիսկի է գնացել` հսկայական գումարներ են ծախսվելու։ Հուսանք, որ իրավասու մարմիններն էլ բարի կամք կդրսեւորեն ու կվերանայեն բենզալցակայանների համար տարածքներ հատկացնելու իրենց որոշումները։ Հայաստանը մեծ ու փոքր մարզաբազաներով հարուստ չէ, եղածներն էլ մաշվում են, քանդվում։ Նկատի ունենք հատկապես ստադիոններն ու ֆուտբոլի խաղադաշտերը։ Դրա փոխարեն ամենուր սնկի նման աճում են կազինոները, սրճարանները, ռեստորանները։ Հասկանալի է, դրանք եկամտաբեր են։ Բայց փողատերերը մոռանում են, որ ամբողջ աշխարհում ամենից ավելի մեծ շահույթներ բերում են հենց մարզական կառույցները, մարզական ակումբները։ Հիմա Հայաստանում վիճակն այն չէ, որպեսզի ժողովուրդը զանգվածաբար զբաղվի առողջության պահպանումով։ Բայց հո այդպես երկար չի՞ շարունակվի։ Գալու են լավ օրեր եւ Հայաստանում էլ ապագան սպորտային բիզնեսինն է լինելու։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել