Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հուլիս 22,2003 00:00

ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «27»-ի գործով երեկվա դատական նիստին ներկայացավ «Լոգոս» վերլուծական կենտրոնի պատասխանատու լրագրող Նաիրի Բադալյանը։ Հիշեցնենք, որ Նաիրի Բադալյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել «Հոկտեմբերի 27»-ի գործով, որը կարճվել էր ապացույցների անբավարար լինելու պատճառով։ Ն. Բադալյանը գրեթե կրկնեց նախաքննության ժամանակ բազմաթիվ անգամ տրված իր ցուցմունքները այս դրվագով։ Նա հասել է ԱԺ աստիճանահարթակին եւ նկատել է Նաիրի Հունանյանին, որը երկու անձանց հետ ներս էր մտնում մուտքից։ Պարզվում է, մեկը նրա եղբայրն է՝ Կարենը, մյուսը անծանոթ էր։ Զրուցելով այդ օրը տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունների մասին, բարձրացել են շենքի 2-րդ հարկ։ Զուգարանի մոտ Նաիրի Հունանյանը թղթապանակը տալիս է իրեն, մտնում ներս, 20 վայրկյանից դուրս է գալիս եւ շարունակում են բարձրանալ նիստերի դահլիճ. «Շրխկոց լսեցի, գլուխս բարձրացրի, ուշադրությունս գրավեց այն, որ ավտոմատ տեսա Նաիրի Հունանյանի ձեռքերում։ Այլայլվեցի, ասացի՝ Նաիրի… Ասաց՝ մի վախի ու վազեց վերեւ»,- շարունակեց Նաիրի Բադալյանը։ Այնուհետեւ լսվել են կրակոցներ, վախեցած հայտնվել է Դավիթ Վարդանյանի աշխատասենյակում, հետո՝ դուրս եկել ԱԺ շենքից։ Հետագայում նորից է հայտնվել շենքում արտադրական ենթակառուցվածքներ համակարգող նախարարի՝ Վահան Շիրխանյանի հետ։ Տեսել է, թե ինչպես Դեմիրճյան մուտքի կողմից շտապօգնության մեքենա դրեցին պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Ըստ այս վկայի, քանի որ այդ պահին քաղաքացիական հագուստով շենքի տարածքում ոչ ոք չկար «եւ իմ այդտեղ գտնվելը տարօրինակ էր», իրեն են մոտենում քաղաքացիական հագուստով երկու անձ եւ սկսում են խուզարկել։ Կառավարության մամուլի պատասխանատու Տիգրան Հակոբյանին է նկատում, որն էլ դիմելով խուզարկողներին, հայտնում է, որ Բադալյանը սոցիոլոգ է, աշխատում է կառավարության հետ։ Եվ առաջարկում է տարածքից դուրս գալ։ Քաղհագուստով մեկը վկային ուղեկցում է… Կենտրոնի ՆԳ բաժին, որտեղ պահում է 1 օր, այնուհետեւ նրան տանում են 6-րդ վարչություն, ուղարկում զինդատախազություն։ Հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը նրան թույլատրել են գնալ տուն։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել