Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Հուլիս 22,2003 00:00

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական 12-րդ տուրի խաղերում ոչ մի անակնկալ արդյունք չգրանցվեց։ Առաջատարները տոնեցին հերթական հաղթանակները։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ռեյկյավիկ»-«Փյունիկ» պատասխան հանդիպումից առաջ Հայաստանի չեմպիոնը Հանրապետական մարզադաշտում ուժերը չափեց «Դինամո-2000»- ի հետ։ Հենց սկզբից նշենք, որ «Փյունիկի» ֆուտբոլիստները խաղային եւ տարածքային առավելություն ունեին դինամոյականների նկատմամբ, չնայած թիմի գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցան մեկնարկային կազմում բավականին փոփոխություններ էր կատարել՝ հանգիստ տալով առաջատար ֆուտբոլիստներից մի քանիսին պատասխանատու խաղից առաջ։ Բայց «Փյունիկի» երիտասարդ խաղացողներն էլ գործում էին ոչ պակաս ագրեսիվ եւ արդեն խաղասկզբում Բալեպ Բա Նդումբուկի ճշգրիտ փոխանցումից հետո Էդգար Մանուչարյանը, ներխուժելով մրցակցի տուգանային հրապարակ, ուժեղ հարվածով բացեց հաշիվը։ Երկու րոպե անց դինամոյականները ստիպված էին կրկին խաղը վերսկսել կենտրոնից։ Նորից գոլային կոմբինացիան սկսեց Նդումբուկը։ Էդգար Մանուչարյանը ստանալով գնդակը՝ մտավ տուգանային հրապարակ եւ հետ փոխանցում կատարեց դեպի Իսսա Տռաորեն եւ վերջինս հաշիվը դարձրեց 0։2։ Հետագայում «Փյունիկը» դարպասը գրավելու բազում հնարավորություններ ունեցավ, բայց դարպասի գրավում արձանագրվեց առաջին խաղակեսի ավարտից երկու րոպե առաջ։ Էդուարդ Պարցիկյանը խաղը վերցրեց իր վրա, մեկը մյուսի հետեւից խաբս տվեց երեք դինամոյականի եւ ընդառաջ դուրս եկած դարպասապահ Մանվել Աֆրիկյանի կողքով գնդակն ուղարկեց «Դինամո-2000»-ի դարպասը։ Երկրորդ կեսում խաղի պատկերը փոխվեց։ «Դինամոն» արդեն ոչ միայն պաշտպանվում էր, այլ նաեւ դիմում էր կտրուկ հակագրոհների։ Բայց վտանգավոր պահերը «Փյունիկի» դարպասի մոտ սկսեցին առաջանալ երբ հաշիվը արդեն 4։0 էր՝ հօգուտ «Փյունիկի»։ 57-րդ րոպեին Իսսա Տռաորեն տուգանային հրապարակի մատույցներից ուժեղ հարվածով խփեց իր երկրորդ գնդակը այս խաղում։ Կարեւոր հաղթանակ տարավ նաեւ «Բանանցը», որը Աբովյանում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Կոտայքի» դարպասը։ Ընդհանուր առմամբ հանդիպումը անցավ հետաքրքիր պայքարում։ Առաջին կեսում դաշտում ընթացավ հավասար պայքար։ Երկու դրվագում Տիգրան Դավթյանի եւ Արշակ Ամիրյանի հարվածներից հետո «Կոտայքը» կարող էր բացել խաղի հաշիվը, բայց թիմերը խաղաղությամբ գնացին ընդմիջման։ Երկրորդ կեսում դաշտում արդեն տնօրինում էին «Բանանցի» ֆուտբոլիստները։ Հերթական անգամ երեւանցիների կազմում աչքի ընկավ առաջնության ռմբարկու Արա Հակոբյանը, որը խաղավարտից 16 րոպե առաջ, երեք րոպեի ընթացքում երկու անգամ գրավեց «Կոտայքի» դարպասը՝ հաղթանակ բերելով իր թիմին։ Նույն՝ 2։0 հաշվով Աշտարակի «Միկան» Կապանում պարտության մատնեց տեղի «Լեռնագործին»։ Հյուրերի կազմում երկու գոլերի հեղինակն էլ Արամ Ոսկանյանն էր։ «Արաքս»-«Շիրակ» խաղում գյումրեցիների կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Տիգրան Դավթյանը, հանդիպման 39-րդ եւ 89-րդ րոպեներին։ Բայց մինչ այդ, գյումրեցիների առավելությունը այս խաղում ապահովել էին Կարեն Ալեքսանյանը եւ Հենրիկ Բադիկյանը՝ դառնալով գոլի հեղինակ համապատասխանաբար 19-րդ եւ 37-րդ րոպեներին։ Աղյուսակ Փյունիկ 12 9 3 0 38-5 30 Բանանց 12 8 2 2 23-7 26 Շիրակ 12 8 1 3 24-9 25 Միկա 12 7 0 5 19-14 21 Կոտայք 10 4 2 4 11-15 14 Լեռնագործ 11 2 2 7 9-21 8 Դին.-2000 11 2 1 8 8-21 7 Արաքս 12 0 1 11 2-42 1 ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել