Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՉՀԱՍԿԱՑԱՆ

Հուլիս 22,2003 00:00

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՉՀԱՍԿԱՑԱՆ Հողերի մասնավորեցումից տասը տարի անց՝ 2001-ին, կառավարությունը որոշեց «ուղղել իր սխալն» ու հավանություն տվեց գյուղատնտեսական նշանակության հողերի խոշորացման ծրագրին։ Պետությունն ու միջազգային կազմակերպությունները որոշել են արագացնել գործընթացը, ձգտելով հասնել մի շատ կարեւոր նպատակի՝ հողերի արդյունավետ օգտագործման, որը կնպաստի նաեւ անմշակ տարածքները չորացումից փրկելուն։ Իսկ նման տարածքներ ի հայտ եկան հողերի մասնավորեցումից հետո՝ ոռոգման, բնակավայրերից հեռու գտնվելու եւ այլ պատճառներով։ «Հողային օրենսգրքով սահմանվում է, որ եթե հողը 3 տարի նպատակային չի օգտագործվում, ապա կարող են հարկադիր դադարեցվել դրա նկատմամբ իրավունքները, այդ թվում եւ սեփականության,- տեղեկացրեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Սարգիս Թովմասյանը,- բայց մենք այդ քայլին դեռ չենք գնում»։ Հողերի խոշորացման հետ կապված նույնպես «մենք ոչ մի հարկադիր քայլի չենք դիմում, թեպետ եվրոպական երկրներում հենց այդ ձեւով էլ ընթացել է ծրագիրն ու այսօր նախանձել կարելի է նրանց հաջողություններին»։ Հարկադրանքի փոխարեն «կադաստրայինները» հարցաթերթիկներ են բաժանել Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի մի շարք գյուղերում, առաջարկելով նախընտրել խոշորացման որեւէ տարբերակ եւ ակնկալիքներն այդ գործընթացից։ Փոխարենը ստացել են մեր գյուղացիների հավերժական պահանջ-սպասելիքները՝ երկարաժամկետ վարկեր, թունաքիմիկատներ, մեխանիզացիա, բերքի իրացում, ոռոգման ջուր եւ այլն։ Իսկ առաջարկված տարբերակներն էին՝ հողերի փոխանակում, առուվաճառք, կոոպերացիա։ Հարցաթերթիկներ լրացրած գյուղացիները պարզապես շրջանցել են խոշորացման գաղափարն էլ, տարբերակներն էլ, կանգ առնելով միայն ակնկալիքների վրա։ Նաեւ զարմացել են՝ «որ պիտի հետ վերցնեիք՝ ինչո՞ւ բաժանեցիք»։ Պարոն Թովմասյանը վստահ է, որ «մեր հնարավորությունները սուղ էին եւ գյուղացիների հետ աշխատանքը լիարժեք չեղավ, նրանք ուղղակի լավ չհասկացան խնդրի էությունը, իրենց օգուտն ու վնասը, նաեւ՝ հոգեբանորեն պատրաստ չեն այս ծրագրին»։ Չնայած դրան, մինչեւ տարեվերջ հնարավոր է ծրագիրը ֆինանսավորվի ՄԱԿ-ի կողմից եւ սկսվի փորձնական փուլը։ Ծրագրի համակարգող Ս. Թովմասյանի կարծիքով, «սա տասնամյակների գործ է, դեռ համապատասխան իրավական դաշտ պիտի ստեղծենք, ծրագրի անհրաժեշտության գիտակցություն ձեւավորենք, գյուղերում սոցիալական խնդրի լուծման ալտերնատիվ միջոցներ գտնենք»։ Եթե, իհարկե, միջազգային կազմակերպությունները հույսները չկտրեն մեզանից էլ, մեր ծրագրերից էլ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել