Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻԶՆԵՍ ԷԹԻԿԱՆ Է ԽՆԴԻՐԸ

Հուլիս 30,2003 00:00

ԲԻԶՆԵՍ ԷԹԻԿԱՆ Է ԽՆԴԻՐԸ Մեր երկրի շուկայական տնտեսությունում ծխախոտի բիզնեսը հիմնադրած խոշոր գործարարներ Ռուբեն Հայրապետյանն ու Հրանտ Վարդանյանը փորձում են քաղաքակիրթ բաժանվել։ Հնարավոր է, որ ծխախոտային բիզնեսում կհայտնվի երկու խոշոր սեփականատեր՝ Ռուբեն Հայրապետյանը (ձախից) եւ Հրանտ Վարդանյանը (աջից): Բայց արդեն հասցրել են «փակագծերը չբացելու» կամ «առայժմ՝ այսքանի» վերաբերյալ մամուլում իրար ակնարկներ անել։ Թերեւս գործարարներին հաջողվի քաղաքակիրթ բաժանումը, եթե պահպանեն այդ ցանկությունը, ինչպես նաեւ զերծ մնան այդ թեմայով հրապարակային քննարկումներից։ Առայժմ այդպես էլ անում են. ե՛ւ Ռուբեն Հայրապետյանը, ե՛ւ Հրանտ Վարդանյանը մերժեցին «փակագծերը բացելու» վերաբերյալ «Առավոտի» խնդրանքը։ Այնուամենայնիվ, երկուսն էլ մեր տնտեսական կյանքում նշանակալի ֆիգուրներ են, ուստի հարցը հասարակական հնչեղություն ունի։ Մասնագետների դիտարկմամբ, այս բաժանումը հասունացել էր վաղուց եւ որեւէ երրորդ գործոն դրա վրա ազդեցություն չի ունեցել։ Իսկ Ռ. Հայրապետյանի «չէր կարելի այն մարդկանց բերել խորհրդարան, որոնց ինքը (Հ. Վարդանյանը) բերել է, եւ առավել եւս՝ դա անել մեր ավանդական կուսակցություններից մեկի միջոցով» (տես «Հայկական ժամանակ», 19.07.2003թ.) արտահայտությունը ամենեւին էլ առանցքային դեր չի կատարում այս հարցում։ Բաժանման պատճառները հասկանալու համար նախ հարկավոր է վերարտադրել Հրանտ Վարդանյանի ծխախոտային բիզնեսի զարգացման ժամանակագրությունը։ Ըստ այդմ, նախ գործում էր «Հայծխախոտ» ընկերությունը, որի բաժնետերերը վերոհիշյալ գործարարներն էին, մոտավորապես հավասար մասնաբաժիններով։ «Հայծխախոտն», ի դեպ, մի քանի տարի է, ինչ չի գործում, բայց հայտնվել էր վնաս հայտարարագրած ընկերությունների ցուցակում։ Այնուհետեւ Հրանտ Վարդանյանն ու Ռուբեն Հայրապետյանը ստեղծեցին մեկ այլ ֆիրմա, որը նույնպես սկսեց արտադրել ծխախոտ՝ «Գրանդ տոբակո»։ Հրանտ Վարդանյանը ներդրել էր այս հայ-կանադական ընկերության կանադական «մասը», Ռուբեն Հայրապետյանը՝ հայկական, ընդ որում, մեր տեղեկություններով՝ մեծ «մասը»։ Հետո Հ. Վարդանյանը որոշեց իր ծխախոտային բիզնեսը շարունակել առանց գործընկերոջ։ Նա հիմնադրեց «Մասիս տաբակ» ընկերությունը, որը ծխախոտի արտադրության համար հումք է արտադրում։ Զուգահեռաբար մի քանի այլ գործեր ձեռնարկեց՝ «Գրանդ քենդի», «Գրանդ սան» եւ այլն։ Հետո Հրանտ Վարդանյանը հիմնադրեց «Ինթերնեշնլ Մասիս տաբակ» ձեռնարկությունը, որն ի սկզբանե նախատեսված էր արտասահմանյան շուկան նվաճելու համար։ Բայց հարկ է նկատել, որ «Ինթերնեշնլ Մասիս տաբակը», փաստորեն, արտադրում է ծխախոտ, այն էլ նույն որակի ու «կլասի», ինչ իր իսկ մյուս գործարանը՝ «Գրանդ տոբակոն»։ Ավելին, ժամանակը ցույց տվեց, որ հիշյալ ընկերության ծխախոտը նաեւ հայաստանյան շուկայում է ներկայացված։ Այսինքն, այս երկու ֆիրմաները մրցակիցներ են։ Այլ կերպ ասած, Հրանտ Վարդանյանն ինքն իր համար մրցակից ստեղծեց։ Այս հանգամանքը կարող էր արտառոց չլինել, եթե գործընկերոջ՝ Ռուբեն Հայրապետյանի հանգամանքը բացառեինք։ Կարող ենք արձանագրել, որ Հրանտ Վարդանյանը իր սույն գործունեությամբ որեւէ իրավական նորմ չի խախտել։ Սակայն ողջ քաղաքակիրթ աշխարհում հեղինակավոր գործարարների միջեւ բիզնես էթիկայի, գործընկերային ավանդույթներ կան, որոնք խախտելն ավելի անընդունելի է, քան խախտումներ կամ օրինազանցություններ թույլ տալը։ Սա երկու գործարարների բաժանման պատճառների վերաբերյալ մասնագետների վարկածն է։ Գործարարները, ինչպես նշեցինք, մեր խնդրանքին ի պատասխան զերծ մնացին մեկնաբանություններից։ Ի դեպ, մասնագետների գնահատմամբ, գործարարների բաժանումը չի հանգեցնի ծխախոտի գների աճի, որովհետեւ տեղական արտադրության եւ ներկրման ծավալները մոտ են։ Այսինքն, արհեստական դեֆիցիտ չեն կարող ստեղծել, որովհետեւ փայլուն պատկերացնում են, որ տեղը կլրացնի ներկրված ծխախոտը։ Իսկ գները բարձրացնելու դեպքում սպառողը, բնականաբար, կնախընտրի որակով արտասահմանյանը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031