Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշտարակ-Կաթը», փայտիկը եւ համակարգիչը»

Հուլիս 30,2003 00:00

«Աշտարակ-Կաթը», փայտիկը եւ համակարգիչը» Օրերս խմբագրություն այցելած Տոնական Հակոբյանը ներկայացավ իբրեւ «Աշտարակ-Կաթի» հերթական զոհ եւ հայտարարեց, որ պաղպաղակի փայտիկներով հավաքել են «համակարգիչ» բառը, սակայն ընկերությունը հրաժարվում է գովազդով խոստացած շահումը տրամադրել։ Քաղաքացու ներկայացմամբ՝ «մարքեթինգի բաժնում մեզ ասացին, որ «Չ»-ն՝ «Չ» չէ, այլ «Շ» է։ Էդ ոնց ա, բոլոր տառերը փայտիկի վերեւում են գրված, որպեսզի «Շ» լինի՝ պիտի փայտիկը գլխիվայր պահես»։ Ըստ այցելուի, հետո իրեն ասել են, որ դա մեր «Չ»-ն չի։ Նրան բացատրել են, որ սխալ տպագրություն է եղել. դրանք պատվիրվել են Իրանում եւ Հայաստանում։ Մի պատվերում իբրեւ «Չ» տառն ընդհանրապես չի եղել, բայց սխալմամբ տպագրել են։ Փաստորեն, ստացվել է երկու «Չ» տառ՝ մեկը շահող, մյուսը՝ ոչ։ «Այդ դեպքում թող ասեին, որ սխալ է տեղի ունեցել, թե չէ ոնց կլինի»,- եզրակացրեց մեր զրուցակիցը։ Քանի որ ընկերությունը, կարելի է ասել, մեծ փորձ է վաստակել այսօրինակ միջադեպերի, որոշ հարցերի պատասխաններ փորձեցինք ճշտել «Աշտարակ-Կաթ» ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատու Աննա Զախարյանից։ Թե ինչու են նման միջադեպերը հենց «Աշտարակ-Կաթ» ընկերության հետ պատահում, Աննա Զախարյանը պայմանավորեց շահումների մեծ թվով։ Ըստ նրա՝ «ամենաշատ շահումները մենք ենք անում, հավանաբար դրանով է պայմանավորված»։ Սակայն ընկերությունը իր իմիջը չի պատրաստվում դատարանում պաշտպանել։ «Առավոտի» դիտարկմանը, թե նման դեպքերից առաջիկայում խուսափելու եւ ընկերության համբավը փրկելու համար չարժե՞ր, արդյոք, թեկուզ մեկ անգամ հարաբերությունները դատարանում պարզաբանել, ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատուն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մարդիկ շատ մեղավոր են։ Ամեն մարդ էլ ուզում է շահած լինի։ Այդ մարդիկ մեր սպառողներն են, մենք չենք ուզում թեկուզ մեկին էլ դատարան տանել»։ Իսկ ընկերության գործարար համբավն, ըստ Ա. Զախարյանի, լրացուցիչ գովազդի միջոցով են փրկում։ Մասնավորապես, առաջին իսկ միջադեպից հետո «թերթերում եւ հեռուստատեսությամբ գովազդ-պարզաբանում տվեցինք, որ շահումը կայացած է համարվում միայն պաշտպանիչ էլեմենտների առկայությամբ»։ Ըստ Ա. Զախարյանի, պաշտպանիչ էլեմենտները մի քանիսն են՝ «գովազդում երեւացողներն էլ արդեն հասցրել են կեղծել»։ Իսկ պարզաբանումների ուշացումը մարքեթինգի բաժնի պատասխանատուն այսպես արդարացրեց. «Հեռուստատեսային գովազդի նախնական տարբերակում պաշտպանիչ էլեմենտների մասին խոսվում էր վազող տողով լուսագրում։ Առաջին իսկ միջադեպից հետո փոխեցինք գովազդային հոլովակները եւ այժմ արդեն տեքստում է այդ մասին ասվում։ Բացի այդ, մեր սառնարանների վրա փակցված թերթիկներում եւս դա գրված էր՝ ի սկզբանե»։ «Բայց ի վերջո «Չ»-ն գոյություն ունի՞ եւ արդյոք առկա՞ է շահումներում» հարցին ի պատասխան՝ Ա. Զախարյանը հայտարարեց. «Այո, այդ տառը կա եւ գնացել է շահումների մեջ՝ հատուկ հանձնաժողովով։ Ավելին, ոչ փայտիկային, այլ կոն տեսակի պաղպաղակային շահումներով երկու համակարգիչ մարդիկ շահել են եւ տրամադրվել է։ Մեքենան նույնպես գտել է երջանիկ տիրոջը (փայտիկային շահումով-Ն. Գ.), այն կհանձնվի օգոստոսի 16-ին, Կիրովի այգում կազմակերպվելիք շոու-ծրագրի ժամանակ»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031