Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ

Հուլիս 30,2003 00:00

ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ Երեկ վճռաբեկ դատարանի 2-րդ հարկի դահլիճում (ուր 2001թ. փետրվարի 15-ից ընթանում է «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը) սկսվեց Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի քննությունը։ Նախագահող դատավորը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սարիբեկ Արամյանն է։ Մեղադրողները երեքն են՝ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության վարչության պետի տեղակալ Զելիմ Թադեւոսյանը, նույն վարչության դատախազներ Ավագ Ավագյանն ու Լեւոն Մելքոնյանը։ Տուժողի իրավահաջորդ Հովհաննես Նաղդալյանի (Տիգրանի հոր) կողքին 1-ին շարքում տեղ զբաղեցրեց նրանց ներկայացուցիչը, փաստաբան Ռուբեն Ռշտունին։ Երեկ 13 մեղադրյալներից 10-ն էին տեղ զբաղեցրել ճաղավանդակների ետեւում. Արմեն Սարգսյանը, Ջոն Հարությունյանը, Հովհաննես Հարությունյանը, Գեղամ Շահբազյանը, Գրիգոր Պետրոսյանը, Հենրիկ Առուստամյանը, Սամվել Աբրահամյանը, Սամվել Հարությունյանը, Լյովա Հարությունյանը, Խաչիկ Ահագինյանը։ Իսկ 3 մեղադրյալները՝ Նշան Մուրադյանը, Ռաֆիկ Մելքոնյանը, Արմեն Մանասյանը, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը քաղաքից չբացակայելու համար, տեղ զբաղեցրին դահլիճի 2-րդ շարքում, ուր սովորաբար նստում են պաշտպանները։ Վերջին երեք մեղադրյալները պաշտպաններ չունեին եւ դատարանին հայտնեցին, որ իրենք կպաշտպանեն իրենց շահերը։ Մեղադրյալներից Արմեն Սարգսյանը ունի երկու պաշտպան. Ռոբերտ Գրիգորյանն ու Հովհաննես Արսենյանը։ Ջոն Հարությունյանի պաշտպան Լուսնթագ Բադալյանը իրականացնելու է նաեւ Գ. Շահբազյանի, Ս. Հարությունյանի պաշտպանությունը։ Հավանաբար, նրա 3 պաշտպանյալների ցուցմունքներում եւ արարքներում էական հակասություններ չեն եղել։ Երկու փաստաբաններ՝ Գ. Պետրոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը եւ Հ. Առուստամյանի պաշտպան Էդիկ Չինարյանը ընդհանրապես չներկայացան երեկ։ Սակայն նախագահողը չգիտես ինչու բորբոքվեց միայն Լ. Սիմոնյանի բացակայության համար։ «Լսափողից» (այդպես էր դատավորը խոսափողն անվանում) ի լուր դատական նիստի մասնակիցների հայտարարեց, որ Լ. Սիմոնյանը «անհարկի վերաբերմունք» է դրսեւորել, «առանց դատարանին զգուշացնելու» բացակայում է նիստից եւ ինքը կդիմի փաստաբանների միությանը։ Մինչդեռ մենք տեղեկացանք, որ Լ. Սիմոնյանը վաղօրոք դիմել է դատավորին մեկ այլ նշանակված նիստի մասնակցելու համար։ Մեղադրյալ Լ. Հարությունյանի պաշտպանն էր Վաղինակ Գեւորգյանը, Խ. Ահագինյանինը՝ Ալբերտ Քարամյանը։ Քրեական գործերում թրծված մեկ այլ Քարամյան՝ Հոկտեմբերը, իրականացնելու է Հովհաննես Հարությունյանի պաշտպանությունը։ Եթե զուգահեռ տանենք «27»-ի գործի հետ, ամբաստանյալների զբաղեցրած աթոռների առումով, նշենք, որ «Ն. Հունանյանի ճաղավանդակը» թափուր էր, այդ գործով ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի աթոռն էր զբաղեցրել Արմեն Սարգսյանը, իսկ նշանավոր «Ապերը» (Լյովա Հարությունյանը) նստած էր Վռամ Գալստյանի տեղում։ Բոլոր մեղադրյալներին 15-20 օր առաջ բաժանվել էր մեղադրական եզրակացությունը եւ հուշաթերթիկ իրենց իրավունքների-պարտականությունների մասին։ Արեւային ակնոցներով դատարան էր ներկայացել մեղադրյալ Ս. Աբրահամյանը։ Չենք կարծում, թե կամերայում արեւն այնքան ուժեղ է ծագում, որ հարկ է պաշտպանվել։ Խնդիրը հավանաբար նրա տեսողության հետ էր կապվում եւ ինչպես նրա մերձավորներից մեկն ասաց. «Նա 1-ին խմբի հաշմանդամ է եւ Ղարաբաղում «Սյամոյի գործի հետ կապված մի քիչ կալանքի տակ է եղել»։ Ա. Սարգսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանին հայտնեց, որ մեղադրյալ Գ. Պետրոսյանի պաշտպանը (Լ. Սիմոնյանը), քանի որ բացակայում է, հետեւաբար նրա վերաբերմունքը հայտնի չէ։ Մեղադրանքի կողմը միջնորդեց հետաձգել նիստը, «հնարավորություն տալ պաշտպանին իր կարծիքը հայտնել դատարանում»։ Նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին, մեղադրական եզրակացությունը հետեւաբար չհրապարակվեց։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել